Դիմահարդարում. Նորաձևությու՞ն, թե՞ սովորություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 26, 2009 18:42

dimahardarumԴիմահարդար-վիզաժիստ Մելանյա Չոփուրյանը զարմացած է, որ հայ դեռահաս աղջիկները դիմահարդարման ակտիվ պահանջ ունեն:
Նրա հաճախորդները հիմնականում 15-25 տարեկան աղջիկներն են։ Իսկ ընդհանրապես` մինչև 50 տարեկան կանայք:
Նա ասում է, որ հայ կանայք այժմ ավելի հոգատար են վերաբերվում իրենց արտաքին տեսքին: Եթե առաջ նրանք դիմահարդարման համար հազվադեպ էին գնում գեղեցկության սրահ, ապա այժմ գնում են անգամ ամենաաննշան իրադարձության` երեկույթի կամ ծննդյան տոնի համար:
«Այս տարի` վերջին զանգի ժամանակ, այնքան հաճախորդներ էին եկել, որ ակամայից հիշեցի մեր ժամանակները,-ասում է 32-ամյա դիմահարդար Մելանյան,- ո՞վ էր մտածում վերջին զանգին դիմահարդարվելու մասին, էլ չեմ ասում, որ մտքներովս չէր անցնում հատուկ սալոն գնալ»:
Ինչևէ, այս ամառ կանանց ու աղջիկներին դիմահարդար Մելանյան խորհուրդ է տալիս ընտրել վառ գույներ` նուրբ երանգավորմամբ:
-Շուրթերին «հյութեղ տեսք» հաղորդեք (կարմիրն իր բազմազան երանգներով), դա է այս ամառ համարվում նորաձև: Ի դեպ, շրթունքների գծագրումը մատիտով այս ամառ դուրս է մղվել նորաձևությունից: Նաև նորաձև է մանուշակագույն ստվերաներկը (тень): Տարածված է նաև աչքերին սև մատիտով պոչիկներ ավելացնելը, սակայն, դա խորհուրդ եմ տալիս անել այն դեպքում, երբ աչքերը փոքր-ինչ ձգված են»:
Մելանյան ասում է, որ իր խորհուրդները հենվում են նորաձևության աշխարհահռչակ ցուցադրությունների, նորաձևության առաջատար պարբերականների, դիմահարդարման վերաբերյալ ամսագրերի վրա։ Նաև ինտերնետով է քաղում վերջին նորությունները։ Այսուհանդերձ, նորաձևությունը պարտադրանք չէ, և նա իր առաջարկներին զուգընթաց առաջնորդվում է նաև հաճախորդի ցանկություններով ու հաշվի է առնում միջոցառման առանձնահատկությունը, հագուստը, իսկ առօրյա դիմահարդարման դեպքում` դիմագծերը, դեմքի կառուցվածքը և այլն:
Դիմահարդարը նկատում է, որ այժմ հայ կանայք մեծ ուշադրություն են դարձնում աչքերին, իսկ աչքերի դիմահարդարումն այս ամառ նորաձևության ամենաընդգծված միտումներից է:
«Եթե ձեր մաշկը երիտասարդ, հարթ ու գեղեցիկ է, ապա այս ամառվա նորաձևությունը հենց ձեզ համար է, քանի որ կարող եք զերծ մնալ դեկորատիվ քսուքների, դիմափոշու օգտագործումից և շեշտը դնել աչքերի վրա, իսկ եթե ոչ, ապա խորհուրդ եմ տալիս սահմանափակվել թեթևակի սնգույրով»:
Այս ամառ նորաձև են արհեստական, երկար ու խիտ թարթիչները, 60-ականների և 80-ականների վառ գույները, հատկապես կապույտը: Ոսկեգույնը ևս կողջունվի: Սակայն, եթե որոշել եք աչքերը ներկել ոսկեգույն ստվերաներկով, ապա այդ դեպքում դիմահարդարները խորհուրդ են տալիս չներկել շուրթերը և խուսափել վարդագույն սնգույրից (ռումյանա)` փոխարենը ընտրելով բրոնզագույնը: Անչափ նորաձև են նաև արծաթափայլ, շագանակագույն, սալորագույն և սև գույնի ստվերաներկերը:
Այս ամառ մեծ դեր ունեն նաև հոնքերը: Չնայած որ հայ կանանց շրջանում այնքան էլ տարածված չէ հոնքերի գունային հարդարումը, սակայն, նորաձևության աշխարհում անհնար է պատկերացնել դիմահարդարումն առանց դրա: Իզուր չէ, որ Alexander MCqueen-ի ցուցադրություններում մոդելներն ունեն հաստ, երկար և ուղիղ հոնքեր, որոնք ընդգծում են նրանց աչքերն ու խորհրդավորություն հաղորդում հայացքին:
Չոփուրյանը հաճույքով է կատարում հատկապես հարսանեկան դիմահարդարումը: Նրա կարծիքով` այն պետք է լինի ավելի նուրբ ու հասարակ:
«Հարսնացուին տիկնիկի պես ներկել, կարծում եմ, պետք չէ: Ընդհակառակը, դիմահարդարումը պետք է լինի պարզ ու ջինջ` ընդգծելով հարսի կանացիությունը, պսակի խորհուրդը և, ի վերջո, նրա իրական գեղեցկությունը»:
Դիմահարդարն ասում է, որ իր օտարերկրացի հաճախորդները հայ կանանցից տարբերվում են նրանով, որ նախընտրում են բնական դիմահարդարում: Այսինքն, նրանք ցանկանում են դիմահարդարվել այնպես, որ ոչ մի կոսմետիկ միջոց չնկատվի, սակայն դեմքը դառնա գրավիչ ու գեղեցիկ (մենք հաստատ չէինք ցանկանա դիմահարդարվել այնպես, որ դա աննկատ լիներ):
«Օտարերկրացի հաճախորդներիցս մեկն օրեր առաջ պատմում էր, որ երբ ամուսնու հետ երևանյան պուրակներից մեկում զբոսնելիս են եղել, զարմացել են, թե ինչու են հայ կանայք ու աղջիկներն այդքան զարդարված ու այդքան շատ շպարով զբոսանքի դուրս եկել»:
Այո, կնոջ դիմահարդարումը սովորական օրերին պետք է տարբերվի տոնականից, սակայն, ցավոք, հայ կանայք դեռևս չեն հարմարվել այդ իրողությանը, և իրենց` առանց այդ էլ հոգսաշատ կյանքը դժվարացնում են ամենօրյա մանրակրկիտ, ժամանակատար ու բարդ դիմահարդարմամբ, ինչից այս ամառ նորաձևության աշխարհում գրեթե խուսափում են:

Դիտվել է 7426 անգամ:
Print Friendly

Leave a Reply