Ծառատունկ. բնապահպանություն հակաբնապահպանական միջոցներով

ԷՍՍԵ | | May 4, 2010 11:52

Ծառատունկ Թեղուտում

Առավոտյան ժամը հինգն է: Դրսում անթափանց խավար է, լսվում է միայն տեղատարափ  անձրևի խշշյունը: Ողջ թաղամասում միայն իմ սենյակում է լույս վառվում: Շտապում եմ Խանջյան 19 հասնել. այստեղից ՀՀ և ԼՂՀ տարբեր բուհերի 130 ուսանող պետք է մեկնի Թեղուտ ծառատունկի:

Ինչպես միշտ մեկնումը ուշանում է. հայկական տարբերակով նախանշված 7-ի փոխարեն շարժվում ենք 7:30-ին:  3,5 ժամ ճանապարհ ենք գնում, միմյանց են հաջորդում բնակավայրերը` Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Ստեփանավան և, ի վերջո, Ալավերդի:

Վանաձորից հետո ավտոբուսում միանգամից լռություն է տիրում՝ բոլորը լայն բացած աչքերով պատուհանից դուրս են նայում. բնության հիասքանչ տեսարաններ են: Ճանապարհի երկու կողմում վեր են խոյանում կանաչապատ ժայռեր` սրածայր գագաթները ամպերի մեջ կորած: Նեղ ճանապարհի երկու կողմերում ծառեր են, այնպես որ դրանց ճյուղերը դիպչում են ավտոբուսին: Հանկարծ ոլորապտույտ ճանապարհի մի կողմում  խոր անդունդ է բացվում` ի ցույց դնելով միմյանց հաջորդող անտառապատ բլուրները, լերկ ժայռերը: Հենց այստեղ էլ հասկանում եմ, թե ինչու են Հայաստանը  համարում
քարերի երկիր:

Թվում է, թե հեքիաթային, անիրական աշխարհում ես, որտեղ մարդկային ոտքը դեռ չի դիպել: Բայց երևում է կամուրջը, որի վրայով անցնում է երկաթգիծը: Տեսածս պատրանք եմ կարծում. կանաչ դրախտում մարդկային գործունեության ցանկացած օրինակ արհեստական է թվում:

Երկար ու ձիգ ճանապարհն անցնում ենք աննկատ  ու արդեն Ալավերդիում ենք:  Այստեղ միանգամից պատկերը փոխվում է, արդեն հստակ նկատելի է մարդկային կործանարար ազդեցությունը: Առաջինն աչքի է զարնում Ալավերդու պղնձաձուլական գործարանից բարձրացող գորշավուն ծուխը: Անգամ խիտ մառախուղը չի քողարկում  թունավոր արտանետման  գործընթացը:

Ալավերդիում առաջինը աչքի է զարնում գործարանի արձակած գորշավուն ծուխը

Ալավերդու ողջ հմայքը տեսանելի է քաղաքից դեպի մոտակա բլուրը ձգվող ճոպանուղուց: Կանաչ տարածքում փռված քաղաքը երկու մասի է բաժանված` ներկայիս և նախկին: Նախկինը եղել է քաղաքի բնակելի կենտրոնը, սակայն գործարանի հզորության զարգացմանը զուգահեռ մարդաթափ է եղել, ու հիմա միայն գործարանային շինություններ են ու մի քանի լքված կառույցներ:

Ալավերդիում ուշագրավ են գովազդային պաստառները. այստեղ, բացառությամբ բջջային օպերատորներին գովազդող 1-2 վահանակից, բոլորի վրա խոշոր տառերով գրված է` Vallex: Անգամ Հանրապետական կուսակցության խորհրդանիշը պատկերող պաստառի ներքո այս ընկերության անունն է, նույնը` ճոպանուղու վագոնախցիկների վրա, կառույցների պատերին, մեքենաների վրա: Ու հանկարծ միտք է ծագում. գուցե մի օր էլ տեղա՞նքը անվանակոչվի Vallex:

Ուղևորվում ենք Թեղուտի բազա, ուր ուսանողներս պետք է ծառատունկ իրականացնենք: Այստեղ էլ ցուրտ է ու հորդառատ անձրև: Ուստի ընկերությունը բոլորին տրամադրում է ռետինե ճտքավոր կալոշներ ու պոլիէթիլենային թիկնոցներ: Այ այսպես, բնապահպանություն ենք իրականացնում հակաբնապահպանական միջոցներով. ծառատունկից հետո 130 պոլիէթիլենային թիկնոցները կվերածվեն աղբի:

Թեղուտում հայտնաբերված մթա 7-5 դդ կճուճներ

Հարմարավետ ավտոբուսների փոխարեն նստում ենք զինվորական ՈՒԱԶ-ները և ուղևորվում ծառատունկի վայր: Սա մի ընդարձակ ցանկապատ տարածք է բլրի վրա, որտեղ արդեն չորրորդ անգամ ուսանողները պետք է ծառեր տնկեն: Լանջի ստորոտին 2008-ին տնկված ծառերն են, որոնք կարծես նորատունկ շիվեր լինեն, միայն վահանակն է հիշեցնում, որ այդ ծառերն արդեն 2 տարեկան են:

Հասնում ենք բլրի գագաթ, ու մեծ թափով սկսվում է ծառատունկը: Ամեն համալսարան ունի իրեն հատկացված տարածքը: Միմյանցից հազիվ կես մետր հեռավորության վրա փոսեր են փորված: Մեկ ժամվա ընթացքում 130 ուսանողները 1000 ծառ են տնկում` մեծ մասամբ հացենիներ: Միայն թե բոլորն էլ վստահ են, որ այդ տունկերից հազիվ 100-ը կանաչի, իսկ աճելու և հասուն ծառ դառնալու մասին էլ խոսք չկա:

տեսարան Թեղուտից

Սկսվում է վայրեջքը, մինչև ծնկները ցեխի մեջ խրվելով գնում ենք դեպի մեքենաները: Այստեղից ուղևորվում ենք դեպի մեկ այլ բլուր, որտեղ հետագայում պետք է հենց կազմակերպությունը ծառատունկ իրականացնի. Թեղուտի հատվող 357 հա-ի փոխարեն Vallex-ը պարտավորվել է տնկել 714 հա անտառ: Չնայած ընկերության ներկայացուցիչները վստահեցրին, որ 10 տարի հետո նախատեսված տարածքը անտառածածկ կլինի, սակայն դժվար է հավատալը: Եթե այդ ծառերին էլ վերաբերեն նույն անհոգությամբ, ինչ ուսանողների տնկած ծառերին, 10 տարի հետո հազիվ թե 100 հեկտար անտառ լինի:

Այստեղ ուսանողները  հարց են բարձրացնում, թե ինչպիսին կլինի հատվող անտառի բնակիչների` վայրի գազանների հետագա ճակատագիրը. Թեղուտը հատվում է հիմա, իսկ նոր տնկված ծառերը «անտառի» պետք է վերածվեն 10 տարի հետո միայն: Այս հարցին «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանն անսպասելի պատասխան է տալիս` թե երբ դաշտը հնձում ենք, նապաստակները փախչում են, բայց հետո վերադառնում, նույնը կլինի նաև հատված անտառի կենդանական աշխարհի հետ: Ուսանողների առարկությանն ի պատասխան առաջարկվեց քննարկումը շարունակել ոչ թե անձրևի տակ` դրսում, այլ Թեղուտի մշակույթի պալատում:  Բնապահպանական հնչեղություն ունեցող հարցն այդպիսով «ջրվեց», գնաց:

Չնայած «Վալլեքս գրուպի»  ներկայացուցիչներն ուսանողներին առաջարկեցին անկեղծ զրույց ծավալել` հավաստիացնելով, որ կպատասխանեն բոլոր հարցերին, սակայն հիմնական հարցերն այդպես էլ անպատասխան մնացին: Մի քանի ուսանողներ հարցրին, թե ըստ «Վալլեքս գրուպի» ներկայացուցիչների` ընկերության

Խորհրդանշական ծառատունկ Սանահինի բակում

գործունեությունը Թեղուտում  ի՞նչ բացասական հետևանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Տրվեց ոչինչ չասող պատասխան. «բացասական  հետևանքներն անխուսափելի են, սակայն ընկերությունը աշխատում է դրանք նվազագույնի հասցնել»:

Ուսանողները հատկապես վրդովվեցին այն իրողությունից, որ հանքի շահագործման տարածքում 15 պատմամշակութային հուշարձան կա, որոնց մի մասը պետք է տեղափոխվի այլ վայր: Դրանց թվում է և 10-12-րդ դարերի հիմքի վրա  17-18-րդ  դարերում կառուցված Բովեր եկեղեցին: «Հայաստանում պատմամշակութային հուշարձանները շատ են, և եթե դրանք անհրաժեշտության դեպքում չտեղափոխենք, այս երկրում տնտեսական գործունեություն անհնար կլինի իրականացնել»,- հարցն ամփոփեց «Վալլեքս գրուպի» նախագահի  ռեֆերենտ Վահրամ Ավագյանը:

Օրվա վերջում ուղևորվում ենք երկրաբանների պանսիոնատ, որտեղ չջեռուցվող սենյակներում և բարակ ծածկոցներով գիշեր ենք անցկացնում:

Հաջորդ օրն արդեն սպասվում է այցելություն Հաղպատ և Սանահին վանքեր, ինչպես նաև խորհրդանշական ծառատունկ Սանահինի բակում: Վանքի շուրջն ուսանողները տնկեցին 30 ընկուզենի: Այստեղ էլ բնությունն անկրկնելի է, հիացնում են նաև պատմամշակութային հուշարձանները: Միայն թե երկու վանական համալիրներում էլ նույն անհոգ ու բարձիթողի վիճակն է. վանքի գավիթում հուղարկավորված անձանց տապանաքարերը անցուդարձի ճանապարհ են  ծառայում, ներս մտնող հայ և օտարերկրյա այցելուները ցեխոտ ոտքերն են մաքրում երջանկահիշատակ ննջեցյալների գերեզմանաքարերի վրա ու առաջ անցնում:

Սա մտածելու տեղիք է տալիս, թե որքա~ն անհոգ ենք մեր ունեցած հուշարձանների, արժեքների ու անցյալի  նկատմամբ:

Հորդառատ անձրևի տակ մի քանի անգամ վանքի շուրջը պտտվելուց և տապանաքարերը լավ ոտնակոխ անելուց հետո մեր «առաքելությունն» ավարտված ենք համարում և ուղևորվում դեպի Երևան: Ճանապարհն այս անգամ  էլ շնչակտուր լինելու չափ գեղեցիկ է, և միայն ցուրտն ու խոնավությունն  է պատճառը, որ բոլորս ուզում ենք շուտ Երևան հասնել:

Դիտվել է 7203 անգամ:
Print Friendly

Leave a Reply