Նախագահները քննարկել են հայ-չինական հարաբերությունների հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | May 3, 2010 11:26

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հետ:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին` “Շանհայ Էքսպո 2010”-ի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար եւ շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադաձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահության մեծացմանը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի եւ կրթության բնագավառներում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվել են մեծ հաջողությամբ: Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ-չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական “Շանսի-Նաիրիտ” համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայություն է:

Հայաստանի եւ Չինաստանի նախագահները վստահեցրել են, որ պատրաստ են լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու գործում:

Դիտվել է 5785 անգամ:
Print Friendly

Leave a Reply