Շանհայ-Էքսպո-2010″ համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Սուչժոու քաղաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 1, 2010 19:53

“Շանհայ-Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եղել է Չինաստանի Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում:

Չինաստանի երկրորդ խոշոր արդյունաբերական քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է “Սուչժոու տեխնոպարկ”, որը հանդիսանում է Չինաստանի եւ Սինգապուրի համատեղ նախագիծ եւ 30 տարում Սուչժոու քաղաքը վերածել է ժամանակակից արդյունաբերական մեգապոլիսի:

Հանրապետության ղեկավարը Սուչժոու տեխնոպարկում եղել է խոշորագույն ձեռնարկություններից մեկում` “HIGER” ավտոբուսների գործարանում: Նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորել են Սուչժոուի փոխքաղաքապետ Ժաո Վեյչանն ու “HIGER” կորպորացիայի գլխավոր տնօրեն Վու Վենմենը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է “HIGER” գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին:

Վու Վենմենի խոսքով չինական ավտոարտադրության առաջատարներից մեկը հանդիսացող “HIGER” ավտոբուսների գործարանը մտադիր է հայկական շուկայում գործունեություն ծավալել` Հայաստանի հետ համագործակցության նոր հորիզոններ բացելով:

Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սուչժոուի գիտությունների, մշակույթի եւ արվեստի կենտրոն, որտեղ շրջայց է կատարել եւ ծանոթացել կենտորնի տարածքում կազմակերպված թանգարանի ցուցանմուշներին: Շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նավով զբոսնել է Ձինձի լճի վրա, որը շրջապատված է Սուչժոու տեխնոպարկի սահմաններում գտնվող արտադրական ենթակառուցվածքներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում է ունեցել Սուչժոուի քաղաքապետ Յան Լիի հետ: Սուչժոուի քաղաքապետը ներկայացրել է քաղաքի ձեռքբերումները եւ երկկողմ հարաբերությունների հաստատման եւ զարգացման պատրաստակամություն հայտնել:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել Հայաստանի ու Չինաստանի քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով:

Դիտվել է 1821 անգամ:
Print Friendly

Leave a Reply