Կևո՞րկ , թե՞ Գևորգ… Սփյուռքահայերի անունները սխալ են թարգմանվում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 21, 2009 14:33

15-ամյա սիրիահայ Կորյուն Տեր-Ներսեսյանի կացության հատուկ կարգավիճակ սահմանող անձնագրում անունը սխալ է գրված: Սիրիայում այն սխալ թարգմանվել է արաբերեն, այնուհետ անգլերեն, Հայաստանում էլ սխալ անգլերենի հիման վրա էլ ավելի սխալ հայերեն է ստացվել` Կորուն Դեր-Ներսեսյան: Մայրը` Սալբին, ասում է, որ ստիպված են բոլոր փաստաթղթերը նույնությամբ սխալ տարբերակով լրացնել, այլապես խնդիրներ կառաջանան: Նմանապես 4 թարգմանություն ապրած սփյուռքահայ Գևորգ Գասպարյանի անունն էլ Հայաստանում դարձել է Կևորկ Կասբարյան:

2009թ. փետրվարին Կառավարության առաջարկությամբ մշակվել է օրենքի նախագիծ, որը արտոնություն է տալիս սփյուռքահային` անձնագրի մեջ անունը նշել իր նախընտրած տարբերակով:

ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության աշխատակից Մինաս Արաբյանը չի հերքում, որ անձնագրերում սխալ գրված անուն-ազգանվան պատճառով իրավապահ մարմինների հետ խնդիրներ են առաջանում: «Բայց եթե նախագիծն ընդունվի, ապա մեծ ֆինանսական ծախսեր կպահանջվեն` անձնագրային կետի էլեկտրոնային կառավարման համակարգը փոխելու համար, ինչպես նաև կպահանջվեն մեծ քանակությամբ բլանկներ ու անձնագրային նոր քարտեր»,-ասում է նա:

Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանն առաջարկում է մշակել երկու իրավական նորմատիվ ակտ` տառադարձման չափորոշիչի կարգ և անունների եռալեզու ցանկերի ստեղծում` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանն ասում է, որ ամենախնդրահարույցը անունների` պարսկերենից և արաբերենից թարգմանությունն է:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply