Մեղադրյալի աթոռին է մանկապիղծ ուսուցիչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 27, 2010 14:25

Ձախից Լևոն Ավագյան, Վիկտորյա Կիրակոսյան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ապրիլի 26-ին սկսվել է  Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ  այդ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունը: Դատը դռնբաց է:

Այս դպրոցը նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:

Լևոն Ավագյանը  մեղադրվում է  Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` «անառակաբարո գործողություններ» կատարելու մեջ: Ըստ օրենքի՝ սահմանված առավելագույն պատժաժամկետը 3 տարին է: Ամբաստանյալն ընդունել է իր մեղքը: Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը:

Գործով տուժող են ճանաչվել դպրոցի նախկին սաներ Դիանա Ամիրխանյանը և Հասմիկ Սինանյանը: Դատին  Հասմիկը  ներկա չէր: Տուժողի ներկայացուցիչ  Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Հասմիկն այդ ժամանակ գտնվում է ոստիկանությունում` անհայտ պատճառներով, և իրենք փորձում են պարզել, թե ինչու՞ են նրան բերման ենթարկել ոստիկանություն:

Ընթացակարգային արարողակարգից հետո  1951թ. ծնված ամբաստանյալ Լևոն Ավագյանը  հանդես եկավ միջնորդությամբ` դատը հետաձգել 10-12 օրով այն պատճառաբանությամբ, որ հրաժարվում է իր պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանի ծառայությունից. «ինձ ժամանակ է պետք, որպեսզի ես պաշտպան գտնեմ»:

«Այս դատական նիստը սկսելուց առաջ մենք տարաձայնություններ ենք ունեցել»,- ասաց Կիրակոսյանը:

Ավագյանը հրաժարվեց դատավորի այն առաջարկից, որ կարող է օրենքով սահմանված կարգով ստանալ անվճար փաստաբան. «ես դրա համար գումար ունեմ»:

Մեղադրող կողմը ներկայացնող դատախազ Կարեն Բադիկյանն առարկեց, որ 10-12 օրը շատ է. «Սակայն պաշտպան փոխելն ու ունենալը նրա իրավունքն է: Եթե տուժող կողմը չի առարկում, ապա դեմ չեմ»:

Դատավորը որոշեց բավարարել ամբաստանյալի միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին ժամը 12-ին:

«Հույս ունենանք, որ պետությունը չի կանգնի մանկապիղծի թիկունքում, ու նա կկրի իր պատիժը»,- նիստի ավարտից հետո ասաց գործով վկա կանչված Մարիամ Սուխուդյանը:

Այս քրեական գործը հարուցվել էր որպես հետևանք ՝ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի, ով իր ընկերների հետ Նուբարաշենի դպրոցում 2008թ. մարտ-մայիս ամիսներին  կամավորական աշխատանքների ժամանակ նկատել էր դպրոցում տիրող հակասանիտարական  վիճակը, իսկ երեխաներն էլ պատմել էին, որ ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից ենթարվել են սեռական ոտնձգությունների:

Մարիամ Սուխուդյանի նկատմամբ գործ էր հարուցվել 2009թ. օգոստոսի 15-ին, որ նա շահադիտական նպատակներով սուտ մատնություն է արել: Այժմ գործով տուժող ճանաչված Դիանա Ամիրխանյանը՝ այն ժամանակ, տեսախցիկի առջև խոսելուց հետո, որ Ավագյանի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգությունների, հրաժարվել էր իր ցուցմունքներից եւ ոստիկանությունում ասել, թե Մարիամը համոզել է նման բան պատմել:

Մարիամի գործը կարճվեց, իսկ 2010թ. մարտի 10-ին ԱՄՆ-ի դեսպանի կողմից նա արժանացավ «Խիզախ կին» մրցանակի: Իսկ առկա նյութերի հիման վրա քրեական գործ հարուցվեց Լևոն Ավագյանի դեմ:

Նիստի ավարտից հետո տուժող Դիանա Ամիրխանյանը չուզեց խոսել,  թե ինչու էր իր խոսքերից հրաժարվել ու ասել, որ Սուխուդյանի դրդմամբ է սուտ ցուցմունք տվել:

Մարիամ Սուխուդյանը բացահայտել է Նուբարաշենի թիվ 11 դպրոցի գաղտնիքը

«Մենք շատ արատավոր երևույթներ ենք տեսել այնտեղ,- ասաց Մարիամ Սուխուդյանը,- միայն սեռական ոտնձգությունները չէ, որ մենք բարձրաձայնել ենք: Առանց խնդիրներ ունեցող երեխաների փաստաթղթերն էին կեղծում, որ մտավոր հետամնաց են, որովհետև նրանք պետությունից փող են ստանում և խաղում էդ երեխաների ճակատագրի հետ, էդ դիպլոմով էդ երեխեքը հետո ի՞նչ են անելու»:

Սուխուդյանն ասում է, որ հայոց լեզվի ուսուցիչը՝ 30 տարի շարունակ աշխատելով դպրոցում, օգտվել է երեխաների կարգավիճակից, որ ոմանք չեն ունեցել ծնողներ, ոմանք էլ ՝ ինչ որ խնդիրներ ու  օգտագործել  է նրանց:  «Իսկ դպրոցի աշխատակազմը իմացել է այդ մասին,- ասում է Մարիամը,- որովհետև երեխաները մեզ պատմել են, որ որպես օգնություն գնացել ու ասել են էդ մասին տնօրենին ու անձնակազմից որոշ դասատուների, բայց ոչ ոք ընթացք չի տվել նրանց ու սաստել են, թե դա նրանց երևակայության արդյունքն է, թե նրանք սերիալներ են նայում»:

Դատական նիստի ավարտից հետո «Անկախի» թղթակիցը այցելեց Նոր Նորքի ոստիկանություն, որտեղ գտնվում էր գործով տուժող Հասմիկ Սինանյանը, պարզելու, թե ինչու՞ է նա բերման ենթարկվել:

Դատավարության օրը՝ առավոտյան ժամը 9-ից մինչև 2.30 պահվելուց հետո Հասմիկը փաստաբանի միջոցով դուրս էր եկել ոստիկանությունից:

«Առավոտյան ժամը 9-ի կողմերը 4 տղամարդ մտան տուն, ասեցին Հայկը(ամուսինը) տու՞նն է, ասեցի հա,- «Անկախին» ասաց Հասմիկը,-  ասեցին հագնվի՝ գնում ենք բաժին: Ինձ էլ  իրա հետ տարան ու պահեցին էնքան ժամանակ, մինչև փաստաբանը գա: Երբ ասեցի, թե ուզում եմ փաստաբանիս տեսնել, քննիչ  Արամ Առուստամյանն ասաց, թե փաստաբանը քեզ չի փրկի»:

Հասմիկի հարցին, թե ինչու՞ են նրան հրավիրել ոստիկանատուն, պատասխանել են. «շատ բան գիտես, շատ բան կպատմես.  էդ ինձ ասաց օպերներից մեկը»:

Նրա փաստաբան Ավագ Լալայանն ասաց, որ Հասմիկից զանգ ստանալուց հետո, այցելել է ոստիկանատուն ու փորձել նրան տեսնել, սակայն նրան թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալի հետ,  իսկ երբ վերջինս զանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու տեղեկացրել դեպքի մասին, այնտեղից եկած զանգին պատասխանել են, թե այդպիսի մարդ իրենց մոտ չի գտնվում:

Այնուհետև եկել  են պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները, և Հասմիկը դուրս է եկել ոստիկանությունից:

Փաստաբան Լալայանն ասաց,  որ նախորդ օրը 5-րդ զանգվածի  Հասմիկենց բնակարանի բակից մեքենա է գողացվել, և նրանց ամուսիններով, կանչել են հարցաքննության:  «Ներկա դրությամբ՝ ունեցածս ինֆորմացիայի շրջանակներում այս գործը Նուբարաշենի դպրոցի գործի հետ չեմ կարող կապել»,- ասաց նա:

Հասմիկը պատմեց, որ Նուբարաշենի գործով ցուցմունք տալու համար մոտ մեկ ամիս առաջ նրան կրկին կանչել են ոստիկանություն: «Ինձ ասացին, որ Ավագյանն ասել է, թե ինքը մեր ուզելով է մեզ ձեռ գցել,- ասաց Հասմիկը,- բայց ես ասեցի, որ դա սուտ էր, որովհետև դա մեր համար շատ տհաճ էր»:

Ձախից փաստաբան Տիգրան Հայրապետյան, դատախազ Կարեն Բադիկյան

Տուժողի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ ամեն ինչ տանում է, որպեսզի կիրառվի դատաքննության արագացված կարգ, որի դեպքում  դատաքննությունն անցկացվում է պարզեցված կարգով:

«Այդ դեպքում չեն հարցաքննվելու վկաները, չեն հետազոտվի գործում առկա այն նյութերը, որոնք նշում են դպրոցի տնօրենի կողմից կատարված խախտումները եթե ոչ հանցագործության մասով, ապա թողտվության մասով,- ասում է նա,- պարտակելու մասով, նաև էն բոլոր հարցերի մասով, որ Մարիամ Սուխուդյանն ու կամավորականները բարձրացրել են սանիատարահիգիենիկ իրավիճակի մասին,  իսկ քրեական գործի նյութի գործերում բազմաթիվ վկաներ նշել են, թե տնօրենի կողմից և թե անձնակազմի կողմից լռության է մատնվել այդ փաստերը»:

Փաստաբանն ասում է, որ  նման դեպքերում մեկ ժավա ընթացքում դատական քննությունը ավարտվում է: «Ու եթե այս կարգը կիրառվում է, ապա տրվում է սահմանված առավելագույն պատժաչափի երկու երրորդը,- ասաց նա,- և , եթե նկատի ունենանք, որ կոնկրետ դեպքի համար սահմանված է 3 տարի, ապա դա կլինի 2 տարի: Իսկ, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառված չէ, ապա, ամենայն հավանականությամբ դատվճիռը կլինի այնպիսին, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և Ավագյանը կմնա ազատության մեջ»:

Փաստաբան Ավագյանն ասաց, որ նման դեպքի պարագայում.  «Լևոն Ավագյանին չի կարելի հայտնվել բանտում»:

«Որովհետև, ի տարբերություն մեր պետության՝ բանտում չեն սիրում պեդոֆիլներին»,- նրա խոսքը մեկնաբանեց Մարիամ Սուխուդյանը:

Դիտվել է 4339 անգամ:
Print Friendly

Leave a Reply