Հայ-թուրքական գործընթացը չի ավարտվել, այն շարունակվելու է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 26, 2010 16:47

Թեև Թուրքիայի վարչապետ Էրդողանը շարունակում է իր նախապայմանների քաղաքականությունը, իսկ Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպման արդյունքում դեռ որևէ պաշտոնական արձագանք չի եղել*, այնուամենայնիվ, կարծում ենք, հարաբերությունների զարգացման նոր շրջափուլ կսկսվի: Այդ է վկայում նաև ապրիլի 20-ի Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը, որին հաջորդելու է Մեդվեդևի այցը  Թուրքիա: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերություններն այն սակավաթիվ խնդիրներից է, որի շուրջ աշխարհաքաղաքական ուժերի շահերը համընկնում են: Իսկ այսօրինակ արտաքին աջակացության դեպքում գործընթացը չի կարող ընդհատվել:

Եթե հայ-թուրքական գործընթացի վախճանի մասին թեզի համար հիմք համարենք Թուրքիայի նախապայմանների մասին շարունակական հայտարարությունները, ապա, անշուշտ, կարելի է Անկարայի քաղաքական կամքը գնահատել որպես ոչ բավարար կամ ընկալել թուրքական կողմի` արձանագրությունների վավերացման հետ կապված դժվարությունները: Բայց չմոռանանք, որ Ցյուրիխից առաջ էլ թուրքական կողմը հանդես էր գալիս նախապայմանների հայտարարություններով (նույն իրավիճակն էր նաև ճանապարհային քարտեզի հրապարակումից առաջ), բայց, ինչպես տեսանք, արձանագրությունները ստորագրվեցին:

Այս պահի համար կարելի է նշել հետևյալ հիմնական հանգամանքները.

– Եթե Թուրքիան արձանագրությունները վավերացնի նախապայմաններով կամ վերապահումներով, դրան կհետևի Հայաստանի ստորագրության հետկանչումը կամ չվավերացումը:

– Երկրորդ` եթե այս շաբաթ էլ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ուրեմն չի կարող վավերացնել այս տարի, որովհետև Թուրքիայում 2011-ին սպասվող պառլամենտական ընտրությունները մոտ են, և իշխող AKP կուսակցությունը, ազգայնական ու քեմալական ուժերի հնարավոր հաջողության մտավախությամբ, ռիսկի չի գնա, որպեսզի չարժանանա նրանց քննադատությանն ու մեծ քանակությամբ ընտրազանգված չկորցնի:

Եթե արձանագրությունները չվավերացվեն, գործընթացը չի տապալվի. մոտ ժամանակներս հնարավոր է ինչ-որ դեկլարատիվ արձանագրում հարաբերությունների կարգավորման շարունակման կամ բանակցությունների ձևաչափի փոփոխման վերաբերյալ: Այլ հարց է, թե դրանից հետո հայկական կողմն ինչ քայլեր կանի արձանագրությունների վավերացման ուղղությամբ:

Միգուցե գործընթացի շարունակման նոր փուլի դիմաց կողմերը ստանան հավելյալ անկախ քաղաքական շահեր, այսինքն` Հայաստանը զարգացնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իսկ Թուրքիան շարունակի իր նախապայմանների քաղաքականությունը մինչև հաջորդ տարվա ընտրություններ: (Էրդողանը կսկսի խոսել նախապայմաններից, որպեսզի իր ղեկավարած կուսակցության` AKP-ի համար սոցիալական բազա ձևավորի: Բայց դա չի նշանակի, որ Թուրքիան պաշտոնապես կսկսի նախապայմաններ դնել բանակցություններում. պաշտոնական Անկարան և իշխող կուսակցությունը, որի ղեկավարն է Էրդողանը, նույնը չեն:)

Այդ դեպքում, փաստորեն, հայկական կողմի համար կգործի հետևյալ տրամաբանությունը. եթե կոնկրետ իրական առաջընթաց չկա արձանագրությունների վավերացման ոլորտում, ուրեմն հայկական կողմը մյուս ուղղությունն է ակտիվացնում` Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումը և դատապարտումը: Իսկ քաղաքական այս վեկտորի համար հանրապետության նախագահն իր վերջին ելույթներով ու հայտարարություններով հող նախապատրաստեց, Սփյուռքի կառույցներն էլ օգնեցին այլ երկրներում Հայոց ցեղասպասնությունը դատապարտող օրինագծերի ընդունման գործում:

* – հոդվածը տպագրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձից առաջ:

Դիտվել է 4262 անգամ:
Print Friendly

Leave a Reply