Ոսկե, բրոնզե մեդալներ և մեկ ուղեգիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 26, 2010 13:51

Անգլիայի Բիրմինգհեմ  քաղաքի մարզապալատում անցկացված Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների և մեծահասակների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչերը տիրացան երկու մեդալի և օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրի: Արթուր Դավթյանը հավասարը չունեցավ հենացատկերում և  երրորդը ճանաչվեց նժույգաթափերում: Վարդանյանը նախնական մրցելույթներից հետո 4-րդ արդյունքն ուներ օղակների վրա վարժություններում, սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը և ի վերջո բավարարվեց 7-րդ տեղով: Այս մրցաձևում 8-րդ արդյունքը ցույց տվեց Վահան Վարդանյանը: Այդուհանդերձ, 16-ամյա մարմնամարզիկն ավելի մեծ նվաճումն այն էր, որ բազմամարտում, զբաղեցնելով 13-րդ տեղը, նա իրավունք ստացավ մասնակցելու  այս տարի առաջին անգամ կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: Մեծահասակների առաջնությանը մասնակցած Վահագն Դավթյանը կարողությունները փորձեց միայն օղակների վրա վարժություններում և ի վերջո գրավեց  4-րդ տեղը: Ընդ որում, նա նախնական մրցելույթներից հետո 3-րդ տեղում էր, սակայն դիրքը պահպանել չհաջողվեց: Ինչևէ, վաղուց մեր երկրի մարմնամարզիկները այսպիսի հաջող մրցելույթներ չէին ունեցել Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի մարմնանարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ իր երեք սաների մրցելույթից էլ գոհ է, առավելևս, որ նրանք ինքնաթիռային չվերթների հետաձգման պատճառով ուշ էին հասել մրցավայր և հնարավորություն չէին ունեցել պարապելու, մրցահարթակը և մարզագործիքները փորձարկելու: Նա գտնում է, որ Վահանը պետք է առաջիկայում փորձի բարդացնել նժույգի և օղակների վրա կատարվող տարրերը, կապակցությունները, որպեսզի կարողանա պատանեկան օլիմպիական խաղերում հաջողության հասնել: Ինչ վերաբերում է նորընծա չեմպիոնին, ապա նա արդեն 17 տարեկան է և եթե մեկ տարով փոքր լիներ կմասնակցեր սինգապուրյան ստուգատեսին: Մեր երկրի երիտասարդ մարմնամարզիկների հաջորդ փորձությունը կլինի հունիսի 15-ին Մոսկվայում մեկնարկելիք ԱՊՀ և Բալթյան երկրների միջազգային ստուգատեսում: Հայաստանից իրենց կարողությունները կփորձեն Վահան Վարդանյանը, Մարգար Մովսիսյանւը և Արմեն Պետրոսյանը:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply