Կրկին զորավարժանքներ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 23, 2010 9:37

Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում կայացած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մրցանակների խաղարկության բռնցքամարտի միջազգային մրցաշարի օրերին դահլիճում հանդիսականներ գրեթե չկային: Եվ կազմակերպիչների միակ մտահոգությունն ասես այն էր, թե ինչպես կարելի է մարզասրահը հանդիսականներով լցնել վերջին օրը, երբ անցկացվելու էին եզրափակիչ հանդիպումները:

Եվ քանի որ նախկինում մարզական տարբեր միջոցառումների ժամանակ այդ նպատակով զորք էր բերվում, կասկած չկար, որ մրցումների վերջին օրը ՄՀՀ-ի առջևի հրապարակում Հայաստանի պաշտպանության նախարարության համարանիշերով ավտոմեքենաների շարասյուներ կլինեն: Կարծիք էլ կար, որ  գուցե այդ ճարահատյալ, ամոթալի քայլին չդիմեն, և «բերման ենթարկվեն» միայն մարզադպրոցների սաներ: Բայց հաշվարկները ցույց էին տվել, որ առանց համազգեստավորների հնարավոր չէ հարցը կարգավորել:

Եվ կրկին  զորավարժություններ կատարվեցին: Այս անգամ հիմնականում ռազմական և ոստիկանական համակարգերի ուսումնական հաստատությունների սովորողներ էին բերվել: Ի դեպ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում վերջին օրերին արտակարգ իրավիճակ էր հայտարարվել, շարունակ խորհրդակցություններ էին հրավիրվում, և մարզօջախների ղեկավարներին սպառնալից առաջադրանք էր տրվում այդ օրը որպես բուտաֆորիա հանդիսականներ ապահովել: Նույնիսկ խնդիր էր դրվել մարզերից մարզադպրոցների սաներին բերել:

Առաջադրանքը կատարվեց: Ու կրկին մարզահամերգայինի դռները փակվեցին մրցումները սկսվելուց առաջ, և զգալի թվով իսկական մարզասերներ չկարողացան ներկա գտնվել, քանի որ արդեն դահլիճում ազատ նստատեղեր չէին մնացել: Թե երբ պետք է վերջ տրվի այս արատավոր գործելաոճին, այս ինքնախաբեությանը, անհայտ է: Իմիջիայլոց, այս ամենն արվել էր խաբուսիկ տպավորություն թողնելու համար, քանի որ միջոցառման վերջին ակորդին նեկա էր լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԽՈՍՔԻ ՏԵՐԸ ՉԵՂԱՆ

Մրցաշարի  կազմակերպիչները նախատեսել էին, որ մեծ թվով երկրների ներկայացուցիչներ կժամանեն Երևան, սակայն պատվիրակներ էին ուղարկել միայն Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Մոլդովայի բռնցքամարտի ֆեդերացիաները: Հայաստանի հավաքականն էլ երեք թիմով էր միացել: Ի վերջո, 105 բռնցքամարտիկներ էին ռինգ դուրս եկել: Մինչդեռ, սպասվում էր, որ այդ թիվը կհասնի առնվազն 140-ի: Ի դեպ, երեք տասնյակից ավելի բռնցքամարտիկ Հայաստանից էր: Ընդ որում, նախապես հայտնել էին, որ ներկայացուցիչներ կուղարկեն Մակեդոնիայից, Ուզբեկստանից, Մոնղոլիայից, Գամբիայից, սակայն  խոստումները չկատարվեցին: Մերոնք հույսեր ունեին, որ հատկապես վերջին երկրից բռնցքամարտիկներ կգան, և որոշ չափով էկզոտիկա կստեղծվի: Թերևս այդ է պատճառը, որ այդ երկրի դրոշը կախվել էր մասնակից երկրների դրոշների կողքին և այդպես էլ մնաց մինչև մրցումների ավարտը:

Իսկ այդ երկրների չներկայանալը անհետևանք չմնաց: Մասնավորապես, 11 քաշային կարգերից մի քանիսում մասնակիցներն իրոք քիչ էին: 48 կգ քաշային կարգում ռինգ էր դուրս եկել ընդամենը 6 բռնցքամարտիկ, և նրանցից 4-ը դարձան մրցանակակիր: 8-ական բռնցքամարտիկ են պայքարի ոլորտ ներգրավվել 60 կգ և +91 կգ քաշային կարգերում:  Ի վերջո, մեկական հաղթանակ տարած մարզիկները մրցանակակիրներ դարձան: Ընդ որում, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցնողների համար սահմանված էին համապատասխանաբար 5 հազար, 3 հազար և հազար դոլար պարգև: Նշենք, որ առաջին տեղը գրաված մարզիկների մարզիչներն էլ հարստացան հազարական դոլարով: 48 կգ քաշային կարգի հաղթող, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը երկու հանդիպում անցկացրեց, երկուսն էլ` Հայաստանի բռնցքամարտիկների հետ: Նա հայտնեց, որ գոհ է իր մարզավիճակից, նաև տպավորված է, քանի որ դժվարանում է ասել, թե այսպիսի բարձր պարգևատրման հիմնադրամ ունեցող մրցաշար ուրիշ որ երկրում է կազմակերպվում:

ՈՉ ԱՅՆՔԱՆ ԽԱՂԱՂ

Թվում էր, թե այսպիսի պայմաններում մրցումները շատ հանգիստ և խաղաղ պետք է ընթանան, առավել ևս, որ արտասահմանյան երկրներից ընդամենը 5 մրցավար էր եկել, և հանդիպումները սպասարկելու հիմնական ծանրությունը կրում էին մեր երկրի մրցավարները: Սակայն, դժգոհություններն անպակաս էին: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը շատ վրդովված էր, որ հատկապես մեր տիտղոսակիրները` Եվրոպայի չեմպիոն Էդիկ Համբարձումյանը, օլիմպիական խաղերի մրցանակակիր Հրաչյա Ջավախյանը, քառորդ եզրափակչում  տուժել են անարդար մրցավարությունից: Այս բռնցքամարտիկները հանդես էին գալիս իրենց համար փոքր-ինչ անսովոր` 69 կգ և 64 կգ քաշային կարգերում: Այսինքն` նրանք ավելի ծանրացած էին: Համբարձումյանը 1:2 հաշվով զիջեց իրանցի Փոր Ամին Գասեմին, այն դեպքում, երբ մեր մարզիկը շարունակ հարվածներ էր հասցնում, սակայն դրանք չէին արձանագրվում: Կարծիք կար, որ կողային իրանցի մրցավարը մեր մարզիկի հարվածից հետո մի փոքր ուշացումով է սեղմում համակարգչի կոճակը, և  դրա հետևանքով միավոր չի գումարվում, այսինքն` նա հետ է մնում մյուս մրցավարների կատարած համանման գործողությունից: 2:2 հաշիվ գրանցվեց  Ջավախյանի և ղազախստանցի Ասլանբեկ Ալիբեկովի մրցամարտում: Նման դեպքերում  հանդիպումը սպասարկած կողային մրցավարները լրացուցիչ հայտնում են, թե ում են տալիս նախապատվությունը: Եվ հաղթանակը շնորհվեց ղազախստանցուն: Ընդ որում, վերջում պարզվեց, որ Հայաստանը ներկայացնող կողային մրցավարն անգամ նախապատվությունը տվել է մեր մարզիկի հակառակորդին: Եվ ամենակարևորն այն է, որ նա հետո  խոստովանել է, որ թյուրիմացաբար է դա արել: Այսպիսով, Հայաստանի հավաքականի երկու առաջատարները  կիսաեզրափակիչ չհասան: Դա  մրցաշարի ամենատհաճ անակնկալն էր:

Իսկ երբ քառորդ եզրափակչի  64 կգ քաշայիններ Վոլոդյա Հայրապետյանի և  իրանցի Ֆորոթան Գոլարայի հանդիպումից հետո  հայտարարվեց, որ 6:2 հաշվով հաղթել է հայ բռնցքամարտիկը, իրանցի բռնցքամարտիկը չմոտեցավ ռինգի մրցավարին, նստեց ռինգի հատակին և այլևս չբարձրացավ: Մրցավարն առանց նրան մոտ կանչելու, ի նշան հաղթանակի բարձրացրեց մեր մարզիկի ձեռքը: Բայց իրանցին դրանով չբավարարվեց: Նա, իր մարզչի հետ աղմկելով, պահանջում էր վերանայել հանդիպման արդյունքը:  Իսկ ռինգը  թողնելուց առաջ, իրանցին շրջվեց մրցավարական հանձնաժողովի կողմը և, ընդվզելով, բռունցքով ցուցադրաբար ուժեղ հարվածեց ռինգի հատակին: Դա առնվազն խուլիգանություն էր, արհամարհանք բոլորի նկատմամբ, և այդ արարքն անպատիժ մնաց, առանց որևէ արձագանքի:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԲԱՆԵՐ

Ի դեպ, արվում էր հնարավորը, որ բոլոր հյուրերն էլ անմասն չմնան խաղարկված պարգևներից: Եվ այդ առումով, թերևս, ամենից անբախտը Մոլդովայի հավաքականի բռնցքամարտիկներն էին, որոնք  մրցանակակիր չունեցան: Մյուս բոլոր երկրների մարզիկներն արդյունքի հասան: Իսկ խաղարկված 44 մեդալներից 19-ը բաժին հասավ Հայաստանի ներկայացուցիչներին: Եզրափակիչում մերոնցից  6-ը հաղթեցին և զբաղեցրին առաջին տեղը, 8-ը դարձան արծաթե, 5-ը` բրոնզե մեդալակիր:

Մրցաշարի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը հայտնեց, որ եթե մերոնք ավելի շատ մեդալներ նվաճեին, ապա եկող տարի այս մրցաշարին արտասահմանյան երկրներից ոչ ոք չէր մասնակցի: Այնինչ, այս ամենն արվում էր, որ ոչ միայն հաջորդ տարի մեր երկրի մայրաքաղաքը հյուրընկալի բռնցքամարտի միջազգային մրցաշարի մասնակիցների, այլև ստուգատեսը վարկանիշային դառնա 2012-ի օլիմպիական խաղերի համար: Այդ է պատճառը, որ  աչքի ընկնողների համար, որպես պարգև, մեծ գումարներ էին սահմանվել,  որոնց մեծ մասը մնաց մեր երկրում:

Ուշագրավն այն է, որ եզրափակիչ հանդիպումների օրը մրցումները դեռ չէին սկսվել, սակայն դալիճի տարբեր հատվածներում մեծադիր ցուցապաստառներ կային, որոնց վրա ոչ թե մեր մարզիկներին քաջալերող, այլ ուրիշ կարգի բաներ էին գրված, կարելի է ասել` ինքնագովազդ. «ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան», «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն»: Նույնիսկ կար այսպիսի մի ուղերձ`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդության հարցերի հանձնաժողովը ողջունում է բոլորին»: Դժվար էր ենթադրել, որ այս ամենը սպորտի հետ որևէ  կապ ուներ: Պարզապես, հաճոյանալու համար էր արվել: Ընդ որում, վերջին ազդագիրն ամենամեծն էր և այն հնարավոր  չէր շարունակ պարզած պահել, ոստիկաններն էլ չթույլատրեցին, որ այն փակցվի տրիբունայի սկզբնամասում: Ի վերջո, ցուցապաստառը աղմուկով հայտնվեց հատակին և այդպես էլ մնաց: Իսկ ցուցապաստառներով այս և մյուս կազմակերպությունների, այդ թվում ոազմական և ոստիկանական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ՀՀ նախագահի հեռանալուց հետո, իրենց ներկայությունը դահլիճում այլևս ավելորդ համարելով, ցրվեցին, առանց մտածելու, որ մեր մարզիկները քաջալերանքի կարիք ունեն: Եվ այդ ամենն այնքան կազմակերպված արվեց, որ բոլոր արհեստականորեն զբաղեցված սեկցիաներն ամբողջովին դատարկվեցին:

ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐԸ

Եզրափակիչ հանդիպումների հաղթողներ դարձան`48 կգ` Հովհաննես Դանիելյանը (Հայաստան), 51 կգ` Դերենիկ Գիժլարյանը (Հայաստան), 54 կգ` Կարեն Այլազյանը (Հայաստան), 57 կգ`  Ազատ Հովհաննիսյանը (Հայաստան),  60 կգ` Արա Պուլուզյանը (Հայաստան), 64 կգ` Ալասբեկ Ալիբեկովը (Ղազախստան), 69 կգ` Դենիս Լազարևը (Ուկրաինա), 75 կգ` Անդրանիկ Հակոբյանը (Հայաստան), 81 կգ` Իվան Սենայը (Ուկրաինա), 91 կգ` Դենիս Պոյատսիկան (Ուկրաինա), +91 կգ`  Բեկա Լոբյանիձեն (Վրաստան): Փաստորեն, այն տպավորությունն էր, թե Հայաստանի առաջնություն է: Մասնավորապես, 48 կգ քաշայինների մրցավեճում  Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը հաղթեց Դավիթ Հովհաննիսյանին, որի նկատմամբ տարեսկզբին առավելության էր հասել մեր երկրի առաջնության եզրափակիչում: Հայաստանի առաջնության եզրափակիչի կրկնությունն էր նաև 54 կգ քաշայիններ Կարեն Այլազյանի և Մանվել Սարգսյանի հանդիպումը: Եվ այս անգամ էլ հաջողությունն ուղեկից էր  Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Այլազյանին: 69 կգ քաշայիններ Սամվել Մաթևոսյանի և ուկրաինացի Դենիս Լազարևի մրցամարտն ավարտվեց  0:0 հաշվով, այսինքն, եթե հավատալու լինենք մրցավարներին, երեք ռաունդների ընթացքում կողմերից ոչ մեկին չէր հաջողվել մրցակցին թեկուզ մեկ  հարված հասցնել: Իսկ եզրափակիչում մեր մարզիկներից ամենատպավորիչ հանդիպումն անցկացրեց աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), որ դժվարին մրցամարտում հաղթեց Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր, ռուսաստանցի Մաքսիմ Կորտյակովին:

Սպասելիքները մեծ էին 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանից, բայց Եվրոպայի փոխչեմպիոնը  ուկրաինացի Դենիս Պոյատսիկայի հետ մրցամարտն իր հնարավորություններից ցածր անցկացրեց, և նրա մարտավկան` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, 3-րդ ռաունդում սրբիչը ռինգ նետեց, որպեզի հանդիպումը դադարեցվի:

ՄԱՐԶՉԻ ԱՉՔԵՐՈՎ

Մեր մարզիկներից ևս երկուսը` Արթուր Խաչատրյանը (81 կգ) և Բագրատ Օհանյանը (+91 կգ) վերջում պարտվեցին: Թեև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը մրցաշարի ավարտից հետո վրդովված էր, իր տպավորությունները հայտնեց «Անկախին».

– Մոսկվայում հունիսի 4-13-ը կայանալիք  բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող մեր երկրի հավաքականի թեկնածուների համար սա լավ փորձություն էր: Այժմ արդեն ավելի հստակ է,  թե ինչ է անհրաժեշտ անել առաջիկայում: Այս մրցաշարում դժգոհ եմ Եվրոպայի փոխչեմպիոն Անանիկյանի մրցելույթից: Ցոլակը պետք է լուրջ հետևություններ անի: Եթե վերստին ռինգ վերադարձած ծանրքաշային Բագրատ Օհանյանը մինչև այս մրցաշարը մի քանի միջազգային հանդիպում անցկացրած լիներ, հնարավոր կլիներ նրանից ավելի մեծ պահանջներ ունենալ:  Համբարձումյանին խանգարեց վնասվածքը:  Նա 4-5 օր է նախապատրաստվել: Դրա համար էլ Էդիկը մեկ քաշային կարգ բարձր (69  կգ) հանդես եկավ:  Ջավախյանն էլ իր քաշը փոխել է (64 կգ): Հրաչիկին խանգարեց այն, որ երկար ժամանակ վնասվածքների և այլ պատճառներով չի կարողանում լրջորեն մարզվել: Ընդհանրապես, մեր բռնցքամարտիկների մեծ մասից գոհ եմ:  Ապրիլի 25-ից ուսումնամարզական հավաք ենք սկսելու Ծաղկաձորում, մայիսի 17-ին մեկնելու ենք Ուկրաինա`  ուսումնամարզական հավաքի: Հետո կուղևորվենք Ռուսաստանի մայրաքաղաք:  Հնարավոր է, որ այս ընթացքում հավաքականի թեկնածուները փոխեն իրենց քաշային կարգերը, որպեսզի Եվրոպայի առաջնությանը մասնակիցներ ռինգ դուրս բերենք բոլոր` 11 քաշային կարգերում:

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply