Սիրելի համակարգիչը`մանկական նևրոզների պատճառ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 23, 2010 9:51

Հենրիկ Ավագյանն այս կիսամյակ  կորցրել է կարմիր ատեստատ ստանալու հավանականությունը: Ութ տարի գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտը սկսել է դասի քիչ հաճախել, բայց տնից առավոտյան ճիշտ ժամին դուրս է եկել, հետո մնացել դպրոցի կես ճամփին:

Դասից փախչում է ու շտապում ինտերնետ ակումբ:

«Դասերից հետո կամ էլ առաջ դուրս ենք գալիս զբոսնելու, գնում ենք ինտերնետ, խաղում ենք, չաթ եմ մտնում, նամակ եմ ուղարկում, դե ամենից շատ սիրում եմ խաղալ այս «Մեդալ օֆ հոնոր» խաղը, շատ լավն է»:

Այս մասին տիկին Գայանեն` Հենրիկի մայրը, իմացել է կիսամյակի հերթական ծնողական ժողովի ժամանակ, երբ ուսուցիչը բողոքել է ու հայտնել նրան, որ որդին անգամ երկուսներ է ստանում,  օրագիրը չի հանձնում երկուսները նշանակելու համար և գրեթե միշտ դասերին անպատրաստ է: Մայրն այդ պահին կռահում է նաև բուֆետի համար սահմանված 150 դրամի շուրջ ծավալվող խնդրանքների պատճառը. «Մամ, խնդրում եմ, մամ ջան, 250 տուր էլի, հաց ու երշիկ ուտեմ»:

Հենրիկի համար «հաց ու երշիկը» ինտերնետն ու համակարգչային խաղերն են, այն  դպրոցի հարևանությամբ է  գործում:

Ակումբի համակարգող Լուիզան ասում է, որ շատ լավ է ճանաչել Հենրիկին և իմացել է, որ գերազանց է սովորում և նրա վրա մի քանի անգամ բարկացել է դասերից փախչելու համար, փորձել է կանխել նրա մուտքը ակումբ, բայց ջանքերն ապարդյուն են անցել: Լուիզան ավելացնում է, որ իրենք իրավունք չունեն արգելելու որևէ մեկի մուտքն ակումբ:

Հենրիկի մայրը փորձել է տղային պատժել և խոստացված հեծանիվն այս տարի չի գնել: Բայց ստիպված խոստումը կկատարի. Հենրիկը տեսողության խնդիր ունի: Որպեսզի սիրելի տղան հանկարծ բակից մայրիկի աչքից չփախչի ու ինտերնետ չգնա (այն ավելի վտանգավոր կարող է լինել նրա տեսողության համար), հեծանիվ անպայման կգնի: «Պետք է գնեմ, ամեն պահի հո չեմ կարող պատուհանից հսկել ու տեսնել, թե երեխան որտեղ է»,- ասում է  տիկին Գայանեն:

Ամեն տարի հարյուրավոր երեխաներ ստացիոնար բուժում են ստանում մանկական բժշկական կենտրոններում: Վերջին տարիներին աճել է այնպիսի մանկական հիվանդությունների թիվը, ինչպիսիք են նևրոզները (անքնություն, գլխացավ, հոգնածություն, լարվածություն), անկառավարելի շարժումները, գիշերային վախերը:

Հոգեբան Սոֆյա Հովսեփյանի կարծիքով, դա պայմանավորված է ինֆորմացիայի չափազանց մեծ ծավալով, ինտերնետի և համակարգչային խաղերի տարածմամբ: «Համակարգչային խաղերը խիստ բացասական ազդեցություն են ունենում երեխաների վրա. նրանք կտրվում են դասերից, կան խաղեր, որոնք առաջացնում են գիշերային վախեր, անկառավարելի շարժումներ, երեխաները թշնամություն  և կռիվ են տեսնում, սկսում են ապրել հերոսների կյանքով, չեմ ասում նաև, որ այնպիսի կայքեր են միամիտ մտնում, որոնք միանգամից լուրջ սթրեսների պատճառ կարող են դառնալ: Համակարգչի առաջ երկար նստելը նաև առաջացնում է ֆիզիկական լուրջ խնդիրներ, օրինակ` ծռվում է ողնաշարը, տեսողության խնդիրներն են խորանում»,- ասում է երիտասարդ հոգեբանը: Նա նույնպես կախում է ունեցել համակարգչից, սակայն վնասակար ազդեցությունը քաջ գիտակցելով` հիմա կրկնակի կրճատել է համակարգչի առջև նստելն ու սոցիալական տարբեր կայքերում զրույցի բռնվելը:

Հոգեբանը հիշեցնում է, որ մինչև 15  տարեկան երեխաներին չի թույլատրվում ամեն օր 15 րոպեից ավելի նստել համակարգչի առջև կամ խաղեր խաղալ: «Երեխաները, երբ խաղում են կամ սարսափ ֆիլմեր են դիտում, սկսում են ապրել հերոսների կյանքով, նրանց աշխարհը փոխարինվում է խաղում արտապատկերի վերածված վիրտուալ աշխարհով, երեխաները սկսում են խաղերի հերոսների կյանքով ապրել, և արդեն խախտվում է նաև նրանց ինքնուրույն մտածելու արժեքային համակարգը: Մի կարևոր հանգամանք էլ. ծնողը չպետք է երեխային ասի, որ չի կարելի, բայց ինքը երեխայի աչքի առաջ խաղա, ինտերնետում տարբեր քննարկումների մասնակցի: Ծնողը պետք է սեփական օրինակով երեխային ցույց տա, որ համակարգչով խաղալը վնասակար է»: Հովսեփյանը, որ աշխատում է նաև դպրոցում, ամեն օր աշակերտներին և նրանց ծնողներին ջանասիրաբար մանրամասն բացատրում է յուրաքանչյուր երեխայի նյարդային, լարված կեցվածքի հետևանքներն ու դրությունը շտկելու  հետագա քայլերը:

Չորսուկեսամյա Համլետիկը, օրինակ, արդեն մեկուկես ամիս է, ինչ հանկարծակի չի գոռում, մոր փեշից չի կառչում, չի խնդրում, որ քնի ծնողների անկողնում: Մայրը սկզբում չի կռահել, թե փոքրիկի անկառավարելի և կպչուն շարժումները, վախերը, հանկարծակի ճիչերը քնի մեջ, լացն ինչի հետևանք են, բայց նյարդաբանների զննումներից հետո պարզ է դարձել, որ երեխայի հիվանդության դրդապատճառը սարսափ ֆիլմերը, համակարգչային խաղերն ու խաղալիքներն են: Հովսեփյանին սա շատ ծանոթ երևույթ է:

«Համուլը շատ էր նայում վախենալու կինոներ, կուբիկներով էր խաղում, որոնց վրա կռվի տարբեր տեսարաններ էին նկարված: Այս տարի ծնունդին կոմպյուտեր էին նվեր տվել, ես էլ աշխատում եմ, միացնում էի, գնում գործի, մինչև եղբայրը դասից գալիս էր ու հետևում երեխային,- ասում է Համլետի մայրը` տիկին Էլմիրան,- ամբողջ օրն ասում էր` մամ, մի հատ թող քեզ բոքսեմ, էլի, նինջի պես: Հետո սկսեց վախենալ իր սենյակում կախված գորգից, ու մի անգամ ասաց, որ նայելիս աչքեր է տեսնում, մեծ եղբորը խնդրում էր, որ հանենք գորգը»:

Տիկին Էլմիրան, հարևան նյարդաբանի խորհրդով, դիմել է հոգեբանի ծառայությունների, որի հետ մի քանի խորհրդատվությունից հետո սկսել են Համլետիկի բուժումը, որ այս տարի արդեն առաջին դասարան է հաճախում: Նյարդաբան բժշկի ցուցումով երեխային մանկապարտեզ են տարել, կամաց-կամաց փոխել բոլոր խաղալիքները, կրճատել համակարգչային խաղերի ժամաքանակը, տեսադարանից հավաքել բոլոր սարսափ ֆիլմերի տեսասկավառակները: «Հոգեբանի հետ զրուցում էր, սկսում էին խաղալ, հետո մի քանի գրքեր գնեցինք, սկսեց նկարչությամբ զբաղվել, կտրվել հեռուստացույցից ու խաղերից, հեծանիվ առանք, էս ամառ էդպես զբաղվեց ու հիմա նյարդային առումով շատ հանգիստ է, չնայած բժշկից թաքուն տարել եմ նաև վախ բռնողի մոտ»,-պատմում է տղայի մայրը:

Հոգեբանների և բժիշկների ուսումնասիրությունների համաձայն` մարզերում պատկերը մի փոքր այլ է: Երեխաների մոտ ավելի շատ նկատվում են հենաշարժական խնդիրներ, ուղեղի կաթվածներ և այլն: Մասնագետ հոգեբանն ասում է, որ մինչև 15 տարեկան երեխաներին հակացուցված է ինտերնետից օգտվելը, սարսափ ֆիլմեր նայելը և համակարգչային խաղեր խաղալը: Երեխաներին անպայման պետք է հսկել:

Դիտվել է 2964 անգամ:
Print Friendly

Leave a Reply