Կաշառակերությունը բացահայտվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 25, 2013 21:35

Ոստիկանության ՊՊԳ վարչությունում սկսված եւ ներքին անվտանգության վարչությունում շարունակված քննությամբ բացահայտվեց զարտուղի ճանապարհով ոստիկանության սպայի կոչում ստանալու դեպք:

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ոստիկանության ՆԱ վարչությունում հայտնվեցին Մեսրոպ Հունանյանն ու ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ջոկի հրամանատար Արտակ Հովհաննիսյանը:
Քննությամբ պարզվեց, որ Մեսրոպ Հունանյանը Արտակ Հովհաննիսյանին սպայական հատուկ կոչում շնորհելու համար, կաշառք տալու պատրվակով, նրանից պահանջել էր ութ հազար դոլար:
Մեսրոպ Հունանյանին ներկայացրել էին որպես «մեծ շրջապատ» ունեցող մարդու: Հովհաննիսյանն էլ որոշել էր օգտվել դրանից եւ իրականացնել իր վաղեմի երազանքը` արագացնել սպայական հատուկ կոչում ստանալու գործընթացը: Հանդիպումներից մեկի ժամանակ Հունանյանն ի պատասխան Հովհաննիսյանի մտահոգության` ասել էր, որ մի ամսվա մեջ կպատասխանի` հնարավո՞ր է արագացնել սպայական հատուկ կոչում ստանալու գործընթացը:
Հանդիպել էին մեկ ամիս անց: Հենց այդ ժամանակ էլ Հունանյանը «ոստիկանին» տեղեկացրել էր, որ հնարավոր է, բայց դրա համար Հովհաննիսյանը պետք է վճարեր 8 հազար դոլար, որից իբր 4 հազարը կոչման համար էր, իսկ մյուս չորսը` մեկ այլ ստորաբաժանում տեղափոխվելու: Պահանջվելիք գումարից 4 հազարը Հովհաննիսյանը տվել էր անմիջապես:
Բայց դեպքերն այլ կերպ զարգացան: Սպայական կոչմանն անհամբեր սպասող Հովհաննիսյանն սկսել էր կասկածել եւ պահանջել էր կա՛մ արագացնել գործընթացը, կա՛մ վերադարձնել 4 հազար դոլարը:
Հունանյանը ծախսել էր գումարը եւ անելանելի վիճակում հայտնված` գտել էր ժամանակ շահելու եղանակն ու գործի անցել: Դիմում էր գրել ՀՀ ոստիկանություն` խնդրելով Հովհաննիսյանին շնորհել սպայական հատուկ կոչում: Հետո զանգահարել էր ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունք եւ նշված գործերի համար Հովհաննիսյանին կանչել մայրաքաղաք: Բայց դա էլ չփրկեց Մեսրոպ Հունանյանին. հանցավոր համագործակցությունը բացահայտվեց, եւ Հովհաննիսյանն ու Հունանյանը հայտնվեցին ոստիկանությունում:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 4216 անգամ:
Print Friendly

Leave a Reply