Հանրային խորհուրդը քննարկեց Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2013 21:02

Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկվեց Հայաստանի արոտավայրերի օգտագործման հարցը: ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը մասնավորապես անդրադարձավ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված “համաձայնագրին”` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու վերաբերյալ:

Նա նշեց, որ այդ “համաձայնագիրը” չունի որևէ իրավական ուժ, քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և գրանցում չեն ստացել:

Հանրային խորհուրդը անընդունելի համարեց նմանատիպ ծրագրերի իրականացումը` անկախ իրավական ձևակերպումներից, քանի որ դրանք հակասում են Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերին:

Ներկաները բարձրացրին օրենսդրության թերի լինելու հարցը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, այդ հովիվները կգա՞յին Հայաստան: Ներկաները ենթադրեցին, որ այո:

Առաջարկվեց ոչ նպատակահարմար գտնել հանրապետությունում հեռագնա արոտավայրերի օգտագործումը օտարերկրյա քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը, սակայն ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նկատեց, որ այդ դեպքում խնդիր կառաջանա հնարավոր օտարեկրյա ներդրումներից զրկվելու տեսանկյունից: Վազգեն Մանուկյանն առաջարկեց այնպիսի որոշում ընդունել, որը մի կողմից խոչընդոտ չլինի օտարերկրյա ներդրողների համար, մյուս կողմից` չվտանգի ազգային անվտանգությանն ու տնտեսական շահերին:

Առաջարկ եղավ նաև վերոնշյալ “համաձայնագրի” վերաբերյալ դատապարտող որոշում կայացնել` բարձացնելով նաև նման դեպքերում պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

Յուրի Ջավադյանը ներկայացրեց նաև ՀԽ ուսումնասիրությունների արդյունքները` փաստելով, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012 թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ.հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա, մերձգյուղային` 369.0 հազ. հա: “Այդ արոտավայրերի տարարծքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.1 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, ինչը վկայում է արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին”,-ասաց Յուրի Ջավադյանը:

Հանրային խորհուրդը հարցի վերաբերյալ որոշում կկայացնի ՀԽ առաջիկա փոքր խորհրդի նիստի ընթացքում:

Դիտվել է 10487 անգամ:
Print Friendly

Leave a Reply