Հանրային խորհուրդը քաղավիացիայի վերաբերյալ որոշում կայացրեց (տեսանյութ)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2013 19:40

Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստի հետաքրքրաշարժ ու խնդրահարույց հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի քաղավիացիային:

Նիստի ընթացքում նշվեց, որ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և հետևանք մի շարք հանգամանքների` «Արմավիայի» մենաշնորհային դիրքը, ընկերության ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարկետինգային քաղաքականությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիայի» միջև մշտապես առկա հակասությունները, պետության կողմից ՀՀ քաղավիացիայի զարգացման վերաբերյալ հստակ հեռանկարի, գործող օրենքում լիազոր մարմնի իրավունքների և լիազորությունների ամբողջական սահմանման ու պատասխանատվության բացակայությունը և այլն:

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հանրային խորհուրդը քաղավիացիայի և «Արմավիայի» հետ կապված խնդիրների մասին բազմիցս է հանդես եկել առաջարկներով` ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովում կազմակերպելով քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Եվ այսօր ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս առիթ է դարձել այդ քննարկումները շարունակելու և ձևավորելու մի փաստաթուղթ, որը հստակ առաջարկներ է ներկայացնում ոլորտը կարգավորելու ուղղությամբ:

Եվ այսպես, Հանրային խորհուրդը խիստ անհրաժեշտ է համարում տեղական ավիափոխադրողներ ունենալը` նպաստելով նրանց միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: ՀԽ-ն նաև գտնում է, որ հարկավոր է ապահովել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը, ինչը պայմանավորված է համաշխարհային քաղավիացիայի ոլորտում առկա միտումներով:

Հաշվի առնելով այդ ամենը` Հանրային խորհուրդը որոշեց.

  • Առաջարկել ՀՀ կառավարությանը քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ (սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը, կառավարման տեսակը, դրսի օպերատորի առկայությունը ենթակա են լրացուցիչ քննարկման):
  • Դիմել ՀՀ կառավարությանը նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող վիճելի հարցերը լուծել փոխհամաձայնությամբ` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում:
  • Դիմել ՀՀ կառավարությանը ստեղծել պայմաններ «Արմավիա» ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ:
  • Առաջարկել ՀՀ կառավարությանը ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում` որպես պարիտետային ելակետ, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից:
  • Գտնել նպատակահարմար ՀՀ կառավարության կողմից ընդունելու «Օդային օրենսգիրք»` համաձայն ICAO RER 01/901 նմուշի, որը կկանոնակարգի քաղավիացիայի իրավական գործունեության դաշտը, կդարձնի այն առավել թափանցիկ, կտարանջատվեն օրենսդրական, գործադիր գործառույթները, ինչը նաև թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեությունը:

Որոշման նախագիծն ընդունվեց:

Նշենք, որ նիստին մասնակցում էին նաև «Արմավիա» ընկերության ներկայացուցիչներ: Վերջիններս էլ իրենց հերթին առաջարկությունների փաթեթ էին ներկայացրել Հանրային խորհրդին, որը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և «Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ»:

Այդ պայմաններից են, օրինակ, հավասարության վերականգնումը ՀՀ ավիափոխադրումների շուկայում, ավիատոմսերի արժեքից 10 000 դրամ (օդի համար) պետական տուրքի դուրս բերումը, բազային ավիափոխադրողներին ավիացիոն վառելիք ինքնուրույն ձեռք բերելու հնարավորության ընձեռում, աջակցում բազային ավիափոխադրողների համար ՀՀ տարածքում գործող օդանավակայանների ծառայությունների սակագներից 30 տոկոսից ոչ պակաս զեղչի սահմանման հարցում` արտասահմանյան ավիափոխադրողների համար գործող սակագների նկատմամբ և այլն:

«Արմավիայի» կողմից ներկայացված առաջարկների փաթեթը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար, քանի որ ընկերությունը նախ հայտարարել էր, թե սնանկացման գործընթաց է սկսում, իսկ այժ ներկայացնում է առողջացման ծրագիր:

Ինչևէ, Հանրային խորհուրդն իր որոշման նախագծի հետ միասին ՀՀ կառավարությանը կներկայացնի նաև «Արմավիայի» առաջարկները` զերծ մնալով, սակայն, դրանց վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց:

Տեսանյութում հատված է նիստի քննարկումից, որտեղ ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանն իր անհամաձայնությունն է հայտնում այն հարցի վերաբերյալ, թե «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Արմավիայի» նկատմամբ զիջումային քաղաքականություն չի իրականացրել և չի գնացել փոխհամաձայնության: 

Դիտվել է 11308 անգամ:
Print Friendly

Leave a Reply