ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 25, 2013 19:03

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին եւ Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագետ Բերնար Կուլիին:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց եվրոպացի հյուրերին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու համար: «Դրանով դուք կրկին վերահաստատում եք ձեր հավատարմությունը համամարդկային բարձր արժեքներին եւ զորակցությունը Հայաստանի ջանքերին ՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանն ու դատապարտմանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Բարեկամության խմբի անդամ Էվալդ Շտադլերը նկատեց, որ Եվրոպան բարոյական պարտավորություն ունի հայ ժողովրդի նկատմամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղում : Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը եւս նշեց, որ Եվրոպան պետք է համերաշխություն հայտնի Հայաստանին ցեղասպանության ճանաչման պայքարում, նաեւ՝ աջակցի ԼՂ հակամարտության կարգավորման, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման վերացման հարցում: Հույն պատգամավորը նշեց, որ իրենք Կիպրոսի օրինակով գիտեն՝ ինչքան դժվար է Թուրքիային համոզել ճանաչել սեփական անցյալը: Վալերի Բուայեի կարծիքով՝ պետք է լսելի դարձնել մարդու իրավունքների խախտման փաստերը ինչպես անցյալում՝ ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա՝ Լեռնային Ղարաբաղում, նաեւ՝ հասանելի դարձնել Հայաստանի եւ Արցախի հարուստ մշակութային, պատմական հարստությունները:

Հանդիպման օրակարգում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացումն էր՝ համագործակցության նոր ձեւաչափն ու հեռանկարները : Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ հունվարի 9-ից Եվրախորհրդարանում գործող ԵՄ-Հայաստան բարեկամության խումբը նոր որակ կհաղորդի համագործակցությանը՝ դարձնելով այն առավել արդյունավետ : Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ օրենսդիր եւ գործադիր կառույցների միջեւ փոխգործակցության լավ նախադրյալների մասին են վկայում վերջին երեք տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան : ԱԺ նախագահը պատրաստամակություն հայտնեց աջակցել խմբի բոլոր նախաձեռնություններին ու համագործակցության բոլոր ձեւաչափերին: Բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշեց Եվրախորհրդարանի եւ Հայաստանի խորհրդարանի միջեւ հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժետությունը՝ ինչը ԵՄ-ին Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցելու ավելի մեծ հնարավորություն կընձեռի: Եվրախորհրդարանում ստեղծված բարեկամության խումբը, պատգամավորի համոզմամբ, կակտիվացնի ու կհամախմբի ջանքերն այս ուղղությամբ :

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, մասնավորապես եզրափակիչ փուլը , ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցը: Հովիկ Աբրահամյանը փոխանցեց խորհրդարանի պատրաստակամությունը Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու, ինչպես նաեւ դրանից բխող քայլերը կատարելու՝ Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում :

ԱԺ նախագահը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց իշխանությունների դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ : ԱԺ նախագահը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում խնդիրը կարգավորելու եւ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման երեք սկզբունքներով առաջնորդվելու Հայաստանի պատրաստակամությունը :

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

Դիտվել է 10745 անգամ:
Print Friendly

Leave a Reply