ԻԻՀ Մեջլիսի հայ պատգամավորը բարձրացրել է Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 18:43

Իրանահայերը ակնկալում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Հայ պատգամավորը, Մեջլիսում ունեցած ելույթում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, մասնավորապես նշել է. «Պատմության ընթացքում հայերն իրենց մուսուլման, ասորի, հրեա և զարթոշտ եղբայրների հետ միասին պաշտպանել են Իրանը և նրա զարգացման և առաջընթացի համար ոչ մի ջանք չեն խնայել, ուստի ակնկալում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեցին 1,5 միլիոն հայեր»:
Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի ծրագրերի շրջանակներում Հայ ակումբի սրահում կազմակերպված «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագրով միջոցառման ժամանակ ԻԻՀ Մեջլիսի փոխնախագահը, հիշատակելով ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայերին և ասորիներին, մասնավորապես նշել է. «Եթե զինվորական, քաղաքական ուժը և հարստությունը չմիաձուլվեն մարդկային ու աստվածային վեհ արժեքներով, ապա կհանգեցնեն մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների ցեղասպանության նման սոսկալի ոճրագործութիւնների: Նրանք, որոնց ձեռքը երեկ շաղախվել էր հայերի արյամբ, այսօր Սիրիայում շաղախվել է մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկանը (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստանը (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

IRNA

Դիտվել է 3412 անգամ:
Print Friendly

Leave a Reply