Ի՞նչ է պատահել հայկական ծանրամարտին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 25, 2013 16:10

Վերջին տարիներին հայկական սպորտին պարզերես անողը մեր ծանրորդներն են: Սակայն տևական ժամանակամիջոց է, ինչ այս մարզաձևի անկումն ակնառու է: Պակասել են խոշորամասշտաբ ստուգատեսներում մեր երկրի մասնակիցները, նաև` մեդալները: Օրերս զուգահեռաբար Ուզբեկստանի մայրաքաղաք  Տաշքենդում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացան աշխարհի պատանիների և Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Հայաստանի ներկայացուցիչներն այդ ստուգատեսներում համեմատաբար վատ մրցելույթներ ունեցան, քան նախորդ տարիներին: Այդ առիթով զրուցեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: Նա մեր երկրի պատվիրակությունն էր գլխավորում  Ուզբեկստանում:

– Տաշքենդում Հայաստանից մրցահարթակ են դուրս եկել 7-ական մարզիկ և մարզուհի: Լրիվ կազմով հավաքականով էինք մասնակցում, քանի որ թիմային պայքարում խաղարկվում էին հաջորդ տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մեր մարզուհիներն առաջին անգամ էին այդպիսի պատասխանատու փորձությունում հանդես գալիս, թերևս այդ էր պատճառը, որ որոշ կաշկանդվածությունը նրանց խանգարեց, չկարողացան պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ էր թիմային հաշվարկով տեղ գրավել 15 ուժեղագույնների շարքում: Հայաստանի ընտրանին 17-րդն էր 67 երկրների ներկայացուցիչների մրցավեճում: Այդուհանդերձ, ամեն ինչ կորած չէ: Մեր մարզուհիներն ուղեգրեր կարող են նվաճել 2014-ի գարնանը կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում: Դրա  համար անհրաժեշտ է 1-3-րդ տեղերը զբաղեցնել օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր չունեցող երկրների հավաքականների պայքարում: Այդ առաջադրանքը միանգամայն իրականանալի է. հնարավոր է 1-2 ուղեգրի արժանանալ: Ընդհանուր առմամբ, մեր մարզուհիների մրցելույթից գոհ եմ, քանի որ պատվիրած ծանրությունները չբարձրացնողներ, 0-ներ ստացողներ չեն  եղել, բոլորն էլ նորմալ աշխատել են:

Մեր պատանի ծանրորդներն ավելի հաջողակ էին. +94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն` 365 (165+200) կգ: Նա երկրորդն էր հրում  և առաջինը` պոկում վարժությունում: Ի դեպ, Մարտիրոսյանը ճանաչվեց աշխարհի լավագույն պատանի ծանրորդ: Դրանով ամեն ինչ ասված է: Սիմոնը 16 տարեկան է, հեռանկարային մարզիկ է, իմ նախկին սանը, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանի ազգականն է: Հույս ունենք, որ Սիմոնը կարճ ժամանակամիջոցում կտրուկ կբարելավի իր ցուցանիշները: 2012-ին Եվրոպայի պատանիների առաջնությունում նա 3-րդն էր, իսկ այժմ արդեն շռնդալից հաջողության է հասել: Մեր մարզիկներից 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մոտ էր մեդալակիր դառնալուն, սակայն բավարարվեց 5-րդ տեղով` 280 (125+155) կգ: Ինչևէ, մեր ընտրանին ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրեց 8-րդ տեղը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի 2 ծանրորդ կմասնակցի պատանեկան օլիմպիական խաղերին: Դա առավելագույն թիվն է:

 Մեր չեմպիոնից բացի, Հայաստանից ուրիշ ո՞վ հանդես կգա այդ ստուգատեսում:

– Կարծում եմ` 85 կգ քաշային Հովհաննես Ավդալյանը, որը, հանդես գալով B խմբում, ի վերջո երկամարտում գրավեց 8-րդ տեղը` 283 (129+154) կգ: Նա Նազիկ Ավդալյանի եղբայրն է: Այդ մարզիկի տարիքը համապատասխանում է, որ իր կարողությունները փորձի պատանեկան օլիմպիական խաղերում: Մեր թիմի` ավելի բարձր արդյունք ցույց տված մյուս անդամները տարիքով մի փոքր նրանից մեծ են և մասնակցելու իրավունք չունեն: Մեր պատանիների մրցելույթները 90 տոկոսով գոհացնում են: 

Ի՞նչ կասեք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթի մասին: Նախ, ընդամենը 3 մարզիկ էր գործուղվել մրցավայր: Հետո էլ մերոնք միայն մեկ փոքր մեդալի տիրացան: Ինչ խոսք, դա բավարար համարվել չի կարող:

– 77 կգ  քաշային Անդրանիկ Կարապետյանը միայն անձնական  քաշի, ավելորդ գրամների պատճառով է երկամարտում զրկվել մեդալից և բավարարվել 4-րդ տեղով` 346 (160+186) կգ: Իսկ պոկում վարժությունում մեր մարզիկը երկրորդ մրցանակակիր է դարձել: Նա 2012-ի համեմատությամբ իր ցուցանիշը բարելավել է 11 կգ-ով: Մեր երկու ծանրքաշայիններից սպասելիքներն ավելի մեծ էին: Բայց պոկում վարժությունում երկուսն էլ բարձրացրին 185 կգ: Հրում վարժությունում Հայկ Հակոբյանը չկարողացավ հաղթահարել պատվիրված ծանրությունը` 210 կգ և 0 ստացավ, իսկ Գոռ Մինասյանը 215 կգ արդյունքով երկամարտում ցույց տվեց 400 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը: Խնդիր կար: Հայկը զինծառայության մեջ է և չկարողացավ այնպես նախապատրաստվել, որ լավագույն արդյունքը ցույց տա: Նրան չէին թույլատրում, որ  ժամանակին միանա հավաքականի մարզվողներին: Ինչ վերաբերում է Մինասյանին, ապա ինքս էլ զարմացած եմ, նա պետք է առնվազն 230 կգ բարձրացներ: Մայիսի 2-ին Հայաստանի հավաքականն ուղևորվելու է Պերու, որպեսզի մասակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը: Հույս ունեք, որ Մինասյանն առանց մեդալի չի վերադառնա: Հայաստանից հանդես են գալու 2 ծանրորդ և 1 ծանրորդուհի: Մինասյանից բացի, մեր երկրի պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը և 58 կգ քաշային Իզաբելլա Յայլիյանը:

 Քանի որ խոսք բացվեց ծանրորդուհիների մասին, ապա նախապես հայտնվել էր, որ Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցի նաև Մելինե Դալուզյանը: Ինչո՞ւ Տիրանայում մարզուհիների պայքարում Հայաստանը ոչ մի ներկայացուցիչ չուներ:

– Մելինեն վնասվածք է ստացել: Նրան ծնկահոդի վիրահատություն է սպասում:

 Հիմնախնդիրներ շա՞տ կան: Ինչո՞ւ մեր տիտղոսակիր մարզիկներին երկար ժամանակ է` չենք տեսնում խոշորամասշտաբ ստուգատեսներում:

– Խանգարում են վնասվածքները, մարզիկները բուժվում են: Մասնավորապես, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը Գերմանիա է մեկնել, որպեսզի բուժի ուսահոդի վնասվածքը: Հնարավորն արվում է, որ այդ կարգի խնդիրները կարգավորվեն:

 Իսկ մարզիկները պարբերաբար վարձատրվո՞ւմ են:

– 70 մարզիկ և մարզիչ թոշակ են ստանում:

 Կարելի՞ է ասել, որ բախտը մեր ծանրորդներից երես է թեքել:

– Միանշանակ: Ինքս սնոտիապաշտ չեմ, բայց 2013-ն ինձ դուր չի գալիս: Փոքր հասակից էլ 13 թիվն իմ սրտով չի եղել: Այնպես որ ցանկալի է, որ ավելի վատ բաներ մեր ծանրորդների հետ առաջիկայում չպատահեն:

 Գուցե Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի փոփոխությո՞ւնն է այդ ամենի պատճառը:

– Արմեն Շախազիզյանը հնարավորն անում է, որ մեր ծարորդները ֆինանսական որևէ խնդիր չունենան:

 Պերուի Լիմա քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր ծանրորդներից ի՞նչ սպասելիքներ կլինեն:

– Մերոնք դատարկաձեռն չեն վերադառնա: Սակայն այս տարի ծանրորդների մեդալները քիչ կլինեն: Սերնդափոխություն է կատարվում:

Հ.Գ. Խոսակցություններ կան, որ  Հայաստանի 4 ծանրորդ և 3 ծանրորդուհի  բռնվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում: 3 ծանրորդ և 1 ծանրորդուհի կարգը խախտել են 2012-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ: 1 մարզիկ և 2 մարզուհի բռնվել են 2013-ին փետրվարին անցկացված ստուգումից հետո: Առաջին փորձաքննության ժամանակ դրական արդյունք է ստացվել Կարապետ Բարսեղյանի, Նաիրա Հարությունյանի, Միքայել Միքայելյանի, Զորիկ Պողոսյանիերկրորդ փորձաքննության ժամանակ` Աշոտ Բեկնազյանի, Մարգարիտա Ղազարյանի, Նաիրա Հարությունյանի փորձանմուշներից: Ընդ որում, վերջինս հանցանքում բռնվել է երկու անգամ: Մարզիկմարզուհիներին որակազրկում է սպառնում: Եթե այս ամենը հաստատվի, ապա վստահորեն կարելի է ասել, որ 2013-ը մեր երկրի երկաթախաղի վարպետների համար ձախորդ տարի է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ առնվազն 150 հազար դոլար պետք է վճարի, որպեզի մերոնց  թույլատրեն միջազգային մրցումների մասնակցել:

 

Դիտվել է 5185 անգամ:
Print Friendly

Leave a Reply