Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 25, 2013 16:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու անձնական ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացել է նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեր երկրում Բրազիլիայի հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով և նվիրվածությամբ կկատարի իր առաքելությունը՝ ի նպաստ հայ-բրազիլական բարեկամության: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը՝ իր աշխատանքային հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելով հայ-բրազիլական կապերի առավել ամրապնդմանը:

Բրազիլիայի դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս բարեկամ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում տկն. Մարսելա Մարիա Նիկոդեմոսը բարձր է գնահատել բրազիլահայ համայնքի դերը, որը, նրա խոսքով, լուրջ և կարևոր ներդրում է ունեցել նաև Բրազիլիայի զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և երկու ժողովուրդների բարեկամության հիմքի վրա տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply