Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 8:36

ՎԼԱԴԻՄԻՐ, 24 ԱՊՐԻԼԻ: Բազմաթիվ հյուրերով լեցուն էր Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը, ուր Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ ապրիլի 24-ին կազմակերպել էր Հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն Վլադիմիրի պատմության մեջ առաջին անգամն էր:

Միջոցառման սկզբում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը իրագործել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է հայասեր և հայատենչ վարպետ` Հակոբ Մուրադյանը:
Վլադիմիր քաղաքի Հայ Ազգային Միության նախագահ` Սերգեյ Յաժանը իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Նա ընդգծեց նաեւ համայն հայության այդ օրվա միասնականության և հատկապես երիտասարդության կարեւորության մասին:
Ելույթ ունեցան Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ՝ Պավլիկ Իվանյանը, Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ՝ Մոլկոնովա Օլգա Իվանովնան և այլոք:
Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացավ մոմավառություն եւ ծաղկեդրման արարողություն, որին հաջորդեց լռության րոպե` լուռ աղոթք, որի ընթացքում մասնակիցների ձեռքում վառվում էին 98 մոմեր:
Ներկաներին ցուցադրվեց Վլադիմիրի Հայկական Երիտասարդական Միության կողմից պատրաստված պաստառներ և վավերագրական ստենդ` նվիրված Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային և ներկային:
Միջոցառմանը Հայերի ցեղասպանության, նրա միջազգային ճանաչման եւ խնդրի այժմեականության մասին ելույթով հանդես եկան ՎՀԵՄ անդամներ Գոռ Մանուկյանը և Մարինա Օսիպյանը:
Փակման խոսքով հանդես եկավ «Հայ-Լուս-Տան» ղեկավար Գայանե Գևորգյանը, ով իր ելույթում հանգամանալից անդրադարձավ Ցեղասպանոթյան դրդապատճառներին, ականատեսների հուշագրերին ու հիշողություններին, ինչպես նաեւ` արդի շրջանում այդ ոճիրի դատապարտմանն ուղղված համազգային քայլերին:
Հայ Ազգային Միության հովանու ներքո գործող «Հայ-Լուս-Տան» սաները ուսուցիչների և ծնողների հետ համատեղ կարդացին տողեր «Անլռելի զանգակատուն» պոեմից: Այնուհետև ելույթ ունեցավ «Հայ-Լուս-Տան» Էրզրում երգչախումը, եղեռնին նվիրված «Գարուն ա, ձուն ա արել» (բառերի և երաժշտության հեղ. Գ. Գևորգյան) երգով:
Միջոցառման ավարտին իր հնչեղ և ապագայի հավատքով լեցուն իր ձայնով «Հայ ենք մենք» երգը կատարեց փոքրիկ Լինան:
«Հայ-Լուս-Տան» Մշակութային սրահում, ուր հնչում էր Լուսինե Զաքարյանի հոգեթով ձայնը` տեղի ունեցավ երկխոսություն, որին ներկա էին հայ և ռուս մշակութային գործիչներ, մտավորականներ և երիտասարդներ:
Օրվա կարգախոսն էր «Բոլոր այն մոմերը, որոնք այսօր վառվեցին` 2015թ. թող վառվեն Արևմտյան Հայաստանում, որպես լույսի, հույսի և ազատագրման խորհրդանշան»:

Հայ Ազգային Միության
Լրատվական բաժին

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply