Հայոց Ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում Փարիզի քաղաքապետարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 20:02

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը:

Քաղաքապետ Բերտրան Դըլանոեն հանդես եկավ բացման խոսքով՝ նշելով, որ ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է վերջապես ընդունվի: Փարիզի քաղաքապետը ընդգծեց հայկական արմատներ ունեցող փարիզցիների անգնահատելի դերը քաղաքի պատմության ընթացքում, մասնավորապես՝ Փարիզի ազատագրման համար պայքար մղած Միսաք Մանուշյանի խմբի ներդրումը՝ որպես հայ-ֆրանսիական եղբայրության պատմական կարեւոր դրսեւորումներից մեկը:

Քաղաքապետի ելույթին հաջորդեցին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանի եւ Արա Թորանյանի ելույթները: Վերջիններս վերստին բարձրաձայնեցին Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի սերունդների` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու պահանջն ուղղված Ֆրանսիայի բարձրագույն իշխանություններին: Խորհրդի կողմից արիության մեդալ շնորհվեց միջոցառմանը ներկա թուրք մտավորական Էրոլ Օզկորային` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի համար:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքապետին Հայկական հարցի նկատմամբ իր հանձնառության եւ այս ամենամյա նախաձեռնության համար՝ Հայաստանի դեսպանը նշեց, որ 98 տարի անց Հայոց Ցեղասպանության վերքերը թարմ են եւ նույնիսկ էլ ավելի են խորանում` Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակվող կույր ժխտողականության պատճառով:

«Առանց անցյալը հիշելու, անհնար է կառուցել ապագան, քանի որ ապագան խախուտ է, երբ հիմնված է անցյալը ժխտելու, այլ ոչ թե գիտակցելու ու դասեր քաղելու վրա»,-նշեց դեսպան Չիտեչյանը եւ հավելեց, որ հարատեւ խաղաղ համակեցության համար նախեւառաջ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ունենա բավարար կամք առերեսվելու պատմական իրողությանը՝ հետեւելով թուրք առաջադեմ մտավորականների խորհրդին:

Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական եւ մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ եւ ֆրանսահայեր:

 

Դիտվել է 1888 անգամ:
Print Friendly

Leave a Reply