Շիրակի պաշտոնական վերնախավը` երեկվա կրակոցների մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 24, 2013 17:11

Այսօր, ապրիլի 24-ին, մեկ տեղում էին Շիրակի մարզային ու քաղաքային պաշտոնատար անձիք, որոնք խոսեցին նաև երեկ կեսօրին Գյումրիում հնչած կրակոցների ու սպանության մասին: Մասնավորապես, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, հենց ՙՋարդի ձորում՚, անմեղ զոհերի հիշատակը խնկարկելիս՝ իր խոսքում խստորեն նկատեց. “Հայ երկրում հայի արյուն չպետք է թափվի: Հայի ձեռքով հայի արյուն չպետք է թափվի: Եթե դա չենք կատարում՝ ուրանում ենք մեր նահատակաց հիշատակը: 98 տարի հետո՝ սա է իրենց պատգամը՝ հայի ձեռքով հայի արյուն չպետք է թափվի: Սիրեցեք միմյանց: Աստված ողորմի մեր նահատակներին”:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նպատակահարմար չգտավ ապրիլի 24-յան խորհուրդը փչացնել երեկվա իրադարձություններով. “Այլանդակությունը չխառնեք այսօրվա արարողության հետ”, – պատասխանեց մարզպետ:

Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց հետևյալը. “Մենք պետք է զերծ մնանք նման բաներից, մարդկային կյանք խլվեց երեկ, ես դատապարտում եմ նման երևույթները: Գյումրիում բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվում էր, ինչ-որ մենք ուզում էինք՝ նորից խանգարվեց: Որպես քաղաքապետ՝ ես փորձում եմ ամեն ինչ փոխել, լինենք համախմբված, որպեսզի կարողանանք մեր քաղաքը վերականգնել, վերակառուցել, մարդկանց տրամադրությունը փոխել, աշխատատեղեր ստեղծել: Ուղղակի ցավում եմ, երիտասարդ մարդու կյանք է խլվել: Չէի ուզենա, որ նորից ասվեր՝ Գյումրին կրիմինալ քաղաք է, պիտակներ կպցվեր”:

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply