ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2013 19:01

Ապրիլի 23-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Փոխոստիկանապետի տեղեկացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կազմի եւ նրանց պատրաստվածության մակարդակի էական փոփոխությամբ: Փոխվել է ոստիկանության զորքերի զինծառայողների կազմը, եւ ոստիկանության զորքերում ծառայության են անցնում պայմանագրային զինծառայողները, ովքեր կարող են հասարակական կարգի պահպանության ու հասարակական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնել ինքնուրույն: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ոստիկանության զորքերը Երեւան քաղաքում ունեն առանձին մշակված հետիոտն երթուղիներ, եւ ՊՊԾ գնդի ստորաբաժանումների հետ համատեղ ծառայություն իրականացնելու դեպքում առաջանում են որոշակի խնդիրներ՝ կապված երթուղիների եւ հերթափոխերի հետ:

Նախագծի կարգավորման նպատակն է առավել արդյունավետ դարձնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, բարձրացնել ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը, հնարավորինս ճիշտ օգտագործել ոստիկանության ուժերն ու միջոցները, վերացնել ոստիկանության զորքերի զինծառայողների եւ ՊՊԾ գնդի ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ ծառայության ընթացքում առաջացող կազմակերպչական եւ այլ բնույթի խոչընդոտները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծի վերաբերյալ՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ հաստատեց ապրիլի 25-ին՝ ժամը 14.00-ին,  «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին որոշումը:

Նույն օրը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեցին հանձնաժողովի կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի կատարման ընթացքի մասին:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply