Հնդկաստանում 83 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենաարագ հաշվարկներ կատարող մաթեմատիկական տաղանդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 18:39

Մահացել է մաթեմատիկական լեգենդար կարողություններ ունեցող կինը, որը ճանաչվել էր որպես «մարդ համակարգիչ»:

Կիրակի օրը 83-ամյա Շակունտալա Դեվին մահացել է Բանգալորի հիվանդանոցում շնչառական խնդիրներից:

Դեվին հրաշամանուկ է եղել և համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1977թ-ին, երբ 50 վայրկյանի ընթացքում հաշվարկել է 100 նիշանոց թվի 23-րդ արմատը: Նրա հաշվարկելու ժամանակահատվածը 12 վայրկյանով ավելի պակաս էր, քան այդ ժամանակ ամենաարագ համակարգչի հաշվարկման ժամանակամիջոցը:

Երեք տարի անց նա 28 վայրկյանում բազմապատկում էր պատահական հաջորդականություն ունեցող երկու 13 նիշանոց թվեր:

Նա իր զարմանահրաշ կարողության համար գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում:

Նա նաև վայրկյանների ընթացքում կարողանում էր ասել, թե ցանկացած թվականի ցանկացած ամսաթիվը շաբաթվա ինչ օր է եղել:

Նա առաջին անգամ իր կարողությունները հանրային կերպով ցուցադրել է վեց տարեկան հասակում Մայսուրի համալսարանում, իսկ երկու տարի անց նա կրկին ապացուցեց իր հրաշամանուկ լինելը Անամալաի համալսարանում:

Երբ նրան մի առիթով հարցրել են իր կարողության մասին,  Դեվին նշել է, որ դա պարզապես աստծո պարգևն է: Նա նաև հայտնել է, որ իր ընտանիքում ոչ ոք գլուխ չի հանում թվերից, իսկ ինքը պաշտոնապես կրթություն չի ստացել:

Հնդկաստանի կառավարությունը երբեք չի ընդունել նրա մաթեմատիկական կարողությունները և նա զարգանալով սկսել է հետաքրքրվել աստղաբանությամբ:

Նա իր կյանքի ընթացքում փոքրիկ կարողություն է կուտակել, ինչպես նաև տուն է ձեռք բերել Բանգալորում, երեք անշարժ գույք Լոնդոնում և մեկ բնակարան Մանհեթենում:

Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, ինչպես օրինակ «Զվարճանք թվերի հետ», «Աստղաբանությունը ձեզ համար» և այլն:

Դիտվել է 1903 անգամ:
Print Friendly

Leave a Reply