«Բարև Երևան» դաշինքի անդամները ներկայացրեցին իրենց արձանագրած խախտումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2013 18:26

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում «Բարև Երևան» դաշինքի անդամներ  Սիմոն Ղունախչյանը, Անահիտ Բախշյանը և Դանիել Իոանեսյանը ներկայացրեցին քարոզարշավի ընթացքում իրենց արձանագրած խախտումները:

Դաշինքը արձանագրել է խախտումներ քարոզարշավի ամենասկզբից, երբ  տարածվեց լուրը, թե արդեն կատարվում է անձնագրերի հավաքագրում: Ըստ Դանիել Իոանեսյանի` խախտումների զգալի մասը վերաբերում է նախընտրական պաստառներին, որոնց օգտագործումը պետք է սկսվեր ապրիլի 7-ից, մինչդեռ, օրինակ, ԲՀԿ կուսակցությունը սկսել էր  պաստառների փակցնման աշխատանքները մինչև հիշյալ օրը:

Խախտվել են նաև սպիտակ տախտակների սահմանափակումները, մասնավորապես, ՕԵԿ և ԲՀԿ կուսակցությունների կողմից, այդ կուսակցությունների պաստառները նախ մեծ են թույլատրելի չափից, և հետո` 1-ից ավելի են, ինչի հետևանքով զբաղեցնում են ավելի շատ տարածք, քան տախտակի թույլատրվող 1/7 մասն է: ՀՀԿ-ի պաստառները փակցվել են  չսահմանված վայրերում:

Դաշինքի անդամները իբրև խախտում որակեցին նաև ապրիլի 7-ին` կանանց ու աղջիկներին ծաղիկներ բաժանելը: «Ծաղիկները նվիրվում էին  Տարոն Մարգարյանի կողմից` համանքային միջոցների հաշվին», -մեկնաբանեց Դանիել Իոանեսյանը:

Բանախոսները հիշեցին նաև, որ ապրիլի 9-ին ոստիկանությունը բռնության էր ենթարկել «Բարև Երևան» դաշինքի անդամներին: Մալաթիա Սեբաստիայում և Շենգավիթում ոստիկանները քաղաքացիական հագուստով նկարել էին դաշինքի անդամների քարոզարշավին մասնակցող քաղաքացիների դեմքերը, խոչընդոտել թռուցիկների բաժանմանը:

Դաշինքի անդամները ուշադրություն հրավիրեցին նաև այն փաստի վրա, որ իրենք հիշյալ և բազմաթիվ այլ դեպքերը ուրբաթ օրը ներկայացրել էին ԿԸՀ, իսկ շաբաթ օրը ՀՀԿ կուսակցության խախտումները արդեն  վերացված էին: «Միթե սա չի նշանակում, որ ԿԸՀ-ն կողմնապահ է, որովհետև կապվել և նախազգուշացրել է կուսակցություններից մեկին, իսկ, օրինակ, ՕԵԿ-ին կամ ԲՀԿ-ին տեղյակ չի պահել», – հարց բարձրացրեց Դանիել Իոանեսյանը` շեշտելով, որ խախտումների քաննարկումը կկայանա այսօր` ժամը 5-ին ԿԸՀ-ում:

Դիտվել է 2306 անգամ:
Print Friendly

Leave a Reply