Հանրապետության 60 համայնքի համակարգչային տեխնիկա տրամադրվեց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2013 18:16

Հանրապետության համայնքներում տեղակատվական համակարգերի ներդրման գործընթացին աջակցելու նպատակով այսօր 120 համակարգիչ, ինչպես նաեւ սքաներներ, տպիչներ, համակարգչային այլ սարքավորումներ տրամադրվեց 60 համայնքի: Տեխնիկան ձեռք է բերվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ` “Համայնքների զարգացում Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակում: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրման ուղղությամբ Տարածքային կառավարման նախարարությունը համագործակցում է “Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն” ՀԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ իրականացվում են ՀԿՏՀ-ի ներդրման աշխատանքները:

ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը նախատեսված է ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքի բյուջեի եւ գույքի կառավարումը, ֆինանսական եւ բյուջետային հաշվետվությունների ստացումը, համայնքի բնակչության հաշվառումը եւ մի շարք այլ գործառույթներ:

Միջոցառմանը ներկա փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը կարեւոր համարեց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: “Բացի կառավարման արդյունավետությունից, այս նորամուծությունները ուղղված են նաեւ տեղական մարմինների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, նրանց գործունեության մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն”,-նշեց Ա. Գեւորգյանը։

Ներկայումս ՀԿՏՀ է ներդրված 350-ից ավելի համայնքում, մյուս համայնքներում համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply