ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության» ծրագիրն ամփոփեց իր գործունեությունը Հայաստանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2013 17:46

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության “Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության” (PFS) ծրագիրը ս.թ. ապրիլի 23-ին նշեց ծրագրի հաջող ավարտը Հայաստանում: PFS ծրագիրը տարածաշրջանային եռամյա նախաձեռնություն էր (2010-2013թթ), որի նպատակն էր առճակատել վերջին տարիների գլոբալ ֆինանսական ճգնաժամին և խթանել ֆինանսական ոլորտի կայունությունն ու զարգացումը Եվրոպայի և Եվրասիայի 12 գործընկեր պետություններում, այդ թվում` Հայաստանում:

Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիրը համագործակցել է ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների և ֆինանսական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխելու այն ընթացակարգերը, որոնք սահմանափակում են ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում: Ծրագիրը նաև օգնել է հետազոտել և փորձարկել նորարարական լուծումներ ուղղված ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներին: PFS-ը աջակցել է ՀՀ կառավարությանը հիմնել Արտահանման վարկավորման գործակալությունը, աջակցել է ՀՀ կենտրոնական բանկին մշակելու Դիլիջանի հետազոտական և ուսումնական կենտրոնի հայեցակարգը, զարգացրել է ԿԲ-ի ճգնաժամային պատրաստվածության կարողությունները, ինչպես նաև օժանդակել է ֆինանսների նախարարությանը բարելավել հաշվապահական և աուդիտորական ծառայությունների որակը:

PFS-ը աշխատել է մասնագիտական ասոցիացիաների հետ` նորացնելու ֆինանսական հաշվետվության ստանդարտները և հիմնելու էլեկտրոնային գրադարան` ֆինանսական ոլորտի մասնագետների համար: PFS-ը նաև նպաստել է պետական և մասնավոր գործընկերների միջև երկխոսությանը` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական ծառայությունների հասանելության խնդիրների լուծման նպատակով:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի բարձրաստիճան անձինք, մասնավոր հատվածի, մասնագիտական ասոցիացիաների և այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների անդամներ, որոնք զբաղվում են մասնավոր հատվածի մրցունակությանն ու կայուն տնտեսական աճին ուղղված ֆինանսական միջնորդությամբ: PFS-ի հայաստանյան համակարգողը ներկայացրեց ծրագրի նվաճումները, քաղված դասերը և ձեռնարկությունների մրցունակությունը խոչընդոտող հիմնական ֆինանսական մարտահրավերները:

Դիտվել է 2906 անգամ:
Print Friendly

Leave a Reply