Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կանադայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 15:06

Ապրիլի 21-ին մեկնարկեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները Կանադայում: Միջոցառումներ տեղի ունեցան Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենտ Կետրինս քաղաքներում:
Հայկական երեք ավանդական կուսակցությունների համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Տորոնտո քաղաքի Հայ Կենտրոնում:
Միջոցառման 600 մասնակիցների թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կանադայի դաշնային, նահանգային եւ մունիցիպալ մարմիններից, այդ թվում` Կանադայի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չանգսենգ Լեունգը: Վերջինս ընթերցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված Կանադայի վարչապետի ուղերձը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաեւ Մեծ Եղեռնի տարելիցի վերաբերյալ Օնտարիո նահանգի վարչապետի ուղերձը:
Ոգեկոչման արարողության հիմնական բանախոս, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր ուղերձում, մասնավորապես, նշեց, որ երիտթուրքական կառավարության կողմից հայ ազգի կոտորածի քաղաքականությունը առաջին ցեղասպանությունն էր ժամանակակից պատմության մեջ, որի անպատժելիությունը ճանապարհ հարթեց հետագա նմանատիպ հանցագործությունների համար, ինչպիսին էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի եւ Դարֆուրի ողբերգությունները:
Դեսպանը շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը` ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով:
Միջոցառումն ավարտվեց Տորոնտոյում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկների զետեղմամբ:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply