Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2013 19:44

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:
ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք համահայկական բոլոր միջոցառումները և դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձևավորվեց սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել ողջ հայությանը, աշխարհով մեկ սփռված հայերին: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր շաբաթ մահանում է մեկ կենդանի լեզու, այսինքն՝ այդ լեզվի կրողները, այդ տեսակը վերանում է երկրագնդի վրայից: 21-րդ դարում էապես ուժգնանում է մրցակցությունը, այդ թվում ազգերի միջև և հասկանալի է, որ ինքնության պահպանության առանցքը, կարևորագույն երաշխիքը մայրենի լեզուն է: Մեր լեզուն է, որ մեզ միավորելու է և դարձնելու մեկ միասնական բռունցք, որը և հնարավորություն է տալու լուծել բազմաթիվ մարտահրավերներ, որոնցով լի է ժամանակակից աշխարհը»:
Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհը թևակոխել է մի փուլ, որին բնորոշ են արագ փոփոխությունները և մեր երիտասարդները պետք է ունակ լինեն չկորցնել մեր ինքնությունը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքնության պահպանման շարժիչ ուժը մեր պետությունն է և այդ տեսակետից, վերջին 20 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ, վտանգներ, որով լի է և աշխարհը, և տարածաշրջանը: «Մենք մեր պետության ներսում ձևավորում ենք այնպիսի հիմքեր, որոնք երաշխավորելու են հայ երիտասարդի ձգտումը՝ պահպանել իր ազգի արժեքները և ապահովել նրա հարատևությունը: Այդ տեսակետից, այսօր գոյատևման կարևոր պայքար է մղվում Լեռնային Ղարաբաղում: Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի խնդիրն է: Արցախի խնդրի ընկալումը երիտասարդության կողմից բնորոշում է այն, թե ինչպիսի ապագա ենք մենք ունենալու, քանի որ մենք համախմբված, միասնական ձևով միայն կարող ենք հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման»,- ընգծել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ունենալով հզոր բանակ՝ առաջին անգամ մեր ժողովուրդը հնարավորություն ունի երաշխավորել մեր ազգի անվտանգությունն իր սեփական ռազմական ուժերով, ինչն էլ մեր անվտանգության ապահովման ամենահուսալի երաշխիքն է:
«Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է և այստեղ է, որ հայ ժողովուրդն ունի հարաբերական առավելություն: Եկել է ժամանակը, որ մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ցույց տան, որ ազգերի մրցակցության մեջ մենք կանք և լինելու ենք, և այդ բնագավառում մենք ունենք տաղանդաշատ երիտասարդներ: 21–րդ դարում մրցակցությունը տեղափոխվել է ինտելեկտուալ, գիտելիքի դաշտ և դա նշանակում է, որ պետության թիվ մեկ խնդիրն այնպիսի կրթական համակարգի ձևավորումն է, որը ձեզ հնարավորություն է տալու ստանալ ժամանակակից, մրցունակ գիտելիք»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կարևորել է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամի աշխատանքները, որը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող յուրաքանչյուր հայի ուսումը:
Տիգրան Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդներին հիշեցրել է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է և համոզմունք հայտնել, որ նրանք խորացնելով մայրենի լեզվի իմացությունը՝ կկարողանան այս կարևոր գաղափարը հաղորդել ապագա սերունդներին:
Ապրիլի 22-24-ն անցկացվող համահայկական այս համաժողովին մասնակցում են 500 երիտասարդներ աշխարհի 30 երկրներից: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջադրվեն նոր լուծումներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply