Պահանջելով Արևմտյան Հայաստանը` պետք է պատկերացնենք, թե ինչ ենք պահանջում

Հարցազրույց | | April 18, 2013 16:18

Վերջին 20 տարվա ընթացքում անընդհատ խոսվում է այն մասին, որ հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը կբացվի, սակայն դա միշտ հետաձգվում է: Որոշ քաղաքական պաշտոնյաների կարծիքով` սահմանի հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր է, ուստի շատերն այդ նուրբ հարցին փորձում են չխառնվել՝ գիտակցելով, որ այդպիսի բարդ խնդիրները լուծելու համար պետք է ամբողջական պատկեր ունենալ սահմանի վերաբերյալ: Այդ հարցն ավելի լավ հասկանալու համար զրուցեցինք պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ:

- Պրն Շաքարյան, հայ-թուրքական սահմանի բացումը հնարավո՞ր է: Եվ եթե այո` ե՞րբ:

- Շատ հնարավոր է, որ թուրքերը մտադրություն ունենան 2015 թ. Ցեղասպանության 100- ամյակի հիշատակելու և ճանաչելու գործընթացը տապալել: Եվ եթե հանկարծ 2015 թ. մարտին սահմանը կարճ ժամանակով բացվի, դա մեծ հարված կլինի սփյուռքի կամ Հայաստանի այն հայտարարություններին, որ Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանի Հանրապետությունը՝ շարունակելով Ցեղասպանությունը: Բացի դրանից, խնդիրն այն է, որ սահմանի բացումը կարող է երկարատև չլինել, քանի որ այն կարելի է բացել և նորից փակել: Իսկ թուրքերի «եթե ԼՂՀ-ի հարցում Հայաստանը տարածքային զիջում անի, փոխարենը Թուրքիան սահմանը կբացի» պահանջը  միանշանակ անընդունելի է:

- Սահմանի բացումը հիմնականում ի՞նչ խնդիրների հետ է կապված, և այն ինչպե՞ս կդիտվի դրանով հետաքրքրվող պետությունների կողմից:

- Սահմանի հարցը կապված է մի քանի խնդիրների հետ: Դրանցից մեկն Արցախի հիմնախնդիրն է: Քանի դեռ սահմանը փակ է, Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ և տնտեսապես անշահավետ իրավիճակում է, ի տարբերություն Ադրբեջանի, որը մեծ եկամուտներ է ստանում իր նավթի շնորհիվ: Իսկ Թուրքիայի կողմից սահմանի բացումը Ադրբեջանը կդիտի որպես դավաճանություն, որը Հայաստանի յուրաքանչյուր զարգացում համարում է հարձակում իր վրա:

- Ադրբեջանն ի՞նչ հարաբերության մեջ է Թուրքիայի և Հայաստանի հետ, և ինչպե՞ս կարող է ազդել վերջինի վրա սահմանի բացման հարցում:

- Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, քանի որ շատ մեծ ներդրումներ ունի այնտեղ, ինչպես բիզնեսում, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Օրինակ՝ Թուրքիայի ամենամեծ նավթաքիմիական ընկերության բաժնետոմսերի մեծ մասն ադրբեջանական են: Թուրքիայում այսօր էականորեն իսլամիստների և ազգայնականների միջև պայքար կա, իսկ Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ  է պահպանում ազգայնականների հետ և աջակցում նրանց՝ հայատյացությունը տարածելու նպատակով: Համագործակցություն, որն այսօրվա իսլամիստ Թուրքիայի իշխողներին ձեռնտու չէ: Բացի դրանից, Թուրքիան այսօր ավելի շատ բիզնես պետություն է, և նրա արտաքին քաղաքականության «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը գործում է իր իսկ բիզնեսի զարգացման համար: Այդ իսկ պատճառով լավ հարաբերություններ է պահպանում սահմանամերձ երկրների՝ Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, ժամանակին նաև Սիրիայի, Վրաստանի և Իրանի հետ. թուրքական բիզնեսն աստիճանաբար այդ երկրներում ամուր դիրքեր է գրավում: Իսկ Հայաստանն իր 2,5 միլիոնանոց շուկայով չի հետաքրքրում Թուրքիային: Նույնիսկ անիմաստ է համեմատել 7 միլիոնանոց նավթով հարուստ ադրբեջանական շուկան Հայաստանի շուկայի հետ: Այնպես, որ Թուրքիայի օլիգարխներին այնքան էլ չի հետաքրքրում սահմանի բացման գաղափարը: Այն ավելի շատ հետաքրքրում է համեմատաբար աղքատ հատվածին՝ Արևմտյան Հայաստանում ապրող բնակչությանը, որը կազմված է կա՛մ ադրբեջանցիներից, որոնք հակահայկական են, կա՛մ քրդերից, որոնց զարգացումը Թուրքիան չի ուզում: Խնդիրն այն է, որ քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության 20-30 տոկոսը, արմատավորված լինելով մասնավորապես Վանում և Դիարբեքիրում, բավական ակտիվ են բարձրաձայնում հայոց Ցեղասպանության մասին: Ուստի նրանք կարող են լինել մեր դաշնակիցը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Սակայն Ցեղասպանության ճանաչման և հողերի վերադարձման դեպքում անխուսափելի է թվում բախումը քրդերի հետ: Ադրբեջանական փողերով և թուրքական ցանկությամբ գնում են դեպի հակաքրիստոնեություն, հակահայություն:

- Գերտերությունները որքանո՞վ են հետաքրքրված սահմանի բացման խնդրով:

- Գերտերություններին հետաքրքրում է սահմանի բացումը: 2009 թ., երբ արձանագրությունները ստորագրվեցին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը նույնիսկ համընկան: ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ Հայաստանն ունի միայն մեկ բաց սահման Վրսատանի և Իրանի հետ: Այդ դեպքում Հայաստանը ստիպված համագործակցում է Հյուսիսի հետ` այդ կերպ խորացնելով իր կապը Ռուսաստանի հետ: Իսկ եթե սահմանը բացվի, ապա արևմտյան ներդրումների մի մասը կգա Հայաստան՝ մեզ կապելով արևմտյան շուկայի հետ, ինչի հետևանքով էլ կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը, և կավելանա  ԱՄՆ-ի  ազդեցությունը Հայաստանի վրա:

- Ինչ վերաբերում է Ֆրանսիայում Հայոց  ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրինագծին, ճշմարտության ի՞նչ հատիկներ կան:

- Ֆրանսիայում հայերը մեծ ընտրազանգված են կազմում` մոտ 300 000 և ավելին: Նրանք անհրաժեշտ են Ֆրանսիային: Այն ժամանակ նախագահ Նիկոլա Սարկոզին ամեն ինչ անում էր, որ հայերի ձայները շատ լինեն, քանի որ առջևում նախագահի ընտրություններն էին: Այժմ տեսնում ենք, որ օրենքը կրկին վերադարձել է: 2014 թ. ընտրություններն են: Իհարկե, Վալերի Բուայեն կամ օրինակ՝ ամերիկյան լոբիստները հայանպաստ գործ են կատարում, սակայն ոչ միայն հայերի գեղեցիկ աչքերի համար: Նրանք ունեն իրենց ներքաղաքական հաշվարկները: Դա ևս պետք է գիտակցել:

- Որո՞նք են Հայաստանի առավելությունները, որոնցով մյուս պետությունները կարող են հետաքրքրվել:

- Հայաստանի առավելություններից մեկը Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն է, որով թուրքերն իրենց դեմ զենք ստեղծեցին: Երկրորդը սփյուռքն է, որը Ցեղասպանության հարցում միավորված է, ինչը չէի ասի ԼՂՀ-ի մասին: Ինչո՞ւ: Քանի որ Ցեղասպանության գաղափարը սփյուռքահայերի արյան մեջ է: Մյուս կարևորությունը քրիստոնեությունն է: Հայաստանը, որ գտնվում է մահմեդական միջավայրում, դեռ գոյատևում է հենց քրիստոնեության շնորհիվ: Մեր առավելությունն է նաև այն, որ Հայաստանը դաշնակից է քրիստոնյա երկրների հետ: Այնուամենայնիվ, սփյուռքն այսօր ամենակարևոր ուժն է Հայաստանի համար, որովետև նրա մի մասը զարգացած պետություններում էլիտայի մաս է կազմում, և ՀՀ սփյուռքի, արտաքին գործերի ու կրթության ու գիտության նախարարությունները կարող էին ավելի լավ օգտագործել սփյուռքի ռեսուրսը: Սակայն արի ու տես, որ թուրքերն օտար համալսարաններում բացում են հայագիտության, թուրքագիտության ամբիոններ, իսկ մենք՝ ոչ:

- Ո՞րն է հիմնական պատճառը:

- Ֆինանսավորում չունենք, առաջնայնություն չեն տալիս այդ հարցին կամ գուցե համապատասխան մարմիններում լավ մասնագետներ չեն աշխատում: Ցավոք, այսօր դեռ կա պետական ատյաններում ծանոթով աշխատանքի ընդունվելու հանգամանքը: Այնտեղ աշխատավարձը ցածր է, մասնագետները չեն վերապատրաստվում, ինչն էլ հանգեցնում է միջակության: Հարցերը խորքային են: Կարծում եմ՝ մեր յուրաքանչյուր դեսպանատանը պետք է լիներ նվազագույնը մեկ աշխատող՝ կցորդ, որը զբաղվեր սփյուռքի հարցերով, և ավելին, ոչ թե ընդամենը զեկույցներ ուղարկեին, այլ գնային և սփյուռքահայերի հետ աշխատեին: Այդ առումով հրեաները բավական լավ ծրագրեր ունեն: Օրինակ՝ նրանք ամերիկյան համալսարանների ուսանողներին ծրագրեր են առաջարկում, անվճար տանում Իսրայել, այնտեղ փորձում աշխատանքի, ընտանիք կազմելու առաջարկություններ անել և այլն: Այսինքն՝ խորքային ծրագրեր, որոնք մենք չունենք կամ չենք ուզում ունենալ:

- Ի դեպ, ի՞նչ կարող են տալ մշակութային շփումները հայ-թուրքական հարաբերություններում:

- Մշակութային գործիչների, նաև ուսանողների, լրագրողների միջև շփումներն  էական գործոններ են: Դրանք օգնում են, որ թուրք կինոգործիչը կամ լրագրողներն այցելեն Եղեռնի հուշահամալիր, ծանոթանան հայերի տեսակետին և չխուսափեն միմյանցից: Թուրքիայում թյուր կարծիք է տարածվել, որ Հայաստանը լի է մուրացիկներով, հայերը կառքերով են տեղափոխվում, մեքենաներ չկան: Եվ ամենազավեշտալին այն է, որ նրանք կարծում են՝ եթե թուրքը գա Հայաստան, հայերն այնքան են ատելությամբ լցված նրանց հանդեպ, որ հնարավոր է հրապարակի մեջտեղում այրեն:

- Սփյուռքի ներուժը ճիշտ ուղղությամբ օգտագործելուց բացի, ի՞նչ պետք է անել հայկական հիմնահարցին լուծում տալու համար:

- Հայերս պետք է հասկանանք, թե ինչի համար ենք ուզում Ցեղասպանության ճանաչումը և ինչպես: Արդյոք մենք փողի՞, թե՞ տարածքի համար ենք այն պահանջում, թե՞ պարզապես ուզում ենք` ճանաչվի, և վերջ: Մեր արտգործնախարարությունը նույնպես չի մշակել հստակ ռազմավարություն այդ առումով:

Եկեք մինչ ուրիշին մեղադրելը սկսենք մեզանից: Հայաստանում ունենանք ոչ թե 3 միլիոն, այլ 8 միլիոն բնակչություն, որպեսզի ի վիճակի լինենք մարսել Արցախում տարած հաղթանակները: Եվ ողբալու, մեղադրելու փոխարեն ավելի շատ գործենք:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply