Համաշխարհային ունիվերսիադայում Հայաստանը պատկառելի կազմ կունենա

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 20, 2013 7:00

Ռուսաստանի Դաշնությունում` Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հուլիսի 6-17-ը կանցկացվի Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան: Անկախացումից հետո Հայաստանի ներկայացուցիչները 11-րդ անգամ առանձին հավաքականով կմասնակցեն համալիր ստուգատեսին, որը մասշտաբով օլիմպիական խաղերից հետո երկրորդն է աշխարհում:

Երկու տարի առաջ Չինաստանի Շենժեն քաղաքում կազմակերպված խաղերում մերոնք տիրացել են մեկական ոսկե և բրոնզե պարգևների: Այս անգամ մեր երկրի ներկայացուցիչների մեդալներ նվաճելու  հնարավորություններն ավելի  մեծ են համարվում: Այդ մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:

– Այս Ունիվերսիադան նախորդներից տարբերվում է նրանով, որ մի շարք նոր մարզաձևերի ներկայացուցիչներ են նշելու իրենց նորամուտը: Բանն այն է, որ կազմակերպիչներին իրավունք է վերապահվում խաղերի ծրագրում,  ըստ հայեցողության, մարզաձևեր մտցնել, այդ թվում նաև` նոր: Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջարկել են, որ խաղերի ծրագրում  ընդգրկվեն ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտը, ծանրամարտը, շախմատը, սամբոն, բռնցքամարտը, նաև գոտիներով ըմբշամարտը: Խոսակցություն կա, որ կավելանա նաև  կուրեշը: Առաջինը մրցավայրում` Թաթարստանում,  տարածում ունեցող մարզաձև է, իսկ երկրորդն ազգային ըմբշամարտի մրցաձև է: Վերջինի մրցաշարն անցկացվելու է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո:

Թվարկված մարզաձևերի մեծ մասը Հայաստանում մասսայականություն է վայելում, ունենք բարձրակարգ մարզիկներ: Այնպես որ մերոնց մեդալների տիրանալու հնարավորություններն ավելանալու են: Խոսքը վերաբերում է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտին, ծանրամարտին, սամբոյին: Չի բացառվում, որ հաջողությունն ուղեկից լինի նաև մեր բռնցքամարտիկներին: Բանն այն է, որ վերջին շրջանում մերոնք վստահ են հանդես  գալիս երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Բացի նշված մարզաձևերից, Հայաստանի ներկայացուցիչները կարողությունները կփորձեն նաև լողի, աթլետիկայի մրցումներում: Այս երկու մարզաձևերի ներկայացուցիչները ստուգատեսում հանդես կգան հովանավորների աջակցությամբ: Բանն այն է, որ ֆինանսները սուղ են և պետական բյուջեից հատկացված միջոցներով հնարավոր չէ շատ մարզիկների գործուղել Կազան: Խաղերին կմասնակցեն երկուական լողորդ և աթլետ: Գոտիներով ըմբշամարտի և կուրեշի ներկայացուցիչներին, ամենայն հավանականությամբ, կաջակցեն այդ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները և կստանձնեն մասնակիցների բոլոր ծախսերը:

 Ծանո՞թ եք ազգային ըմբշամարտի այդ երկու մրցաձևերին:

– Հեռուստատեսությամբ դիտել եմ կուրեշի մրցամարտեր: Դա սամբոյի  և ձյուդոյի հետ ընդհանրություններ ունեցող մրցաձև է: Այնպես որ մերոնք կարող են մասնակցել: Ինչ վերաբերում է գոտիներով ըմբշամարտին, ապա մարզիկները միայն կարող են մրցակցի գոտուց բռնած հնարք կատարել: Դա էլ  մեծ բարդություն չի ներկայացնում: Այդուհանդերձ, որոշակի պատրաստականություն, մրցափորձ է անհրաժեշտ: Այդ է պատճառը, որ այս մրցաձևերում մերոնցից բարձր արդյունքներ չենք ակնկալում:

 Խաղերի ծրագից ինչո՞ւ է հանվել թհեքվանդոն: Այս մարզաձևում, որպես կանոն, Հայաստանի ներկայացուցիչները նախկին խաղերում միշտ էլ հաջող են հանդես եկել և մեդալների արժանացել:

– Չինաստանում կազմակերպված խաղերի ծրագրում թհեքվանդոն կար: Հաջորդ խաղերը կայանալու են Կորեայում: Կարելի է չկասկածել, որ կազմակերպիչները կրկին այն կընդգրկեն խաղերի ծրագրում: Ուսանողական մարզական ֆեդերացիան պարտադիր Ունիվերսիադայի ծրագրում ընդգրկում է խաղային մարզաձևեր: Իսկ ընդհանուր հաշվով  ուսանող մարզիկները կմրցեն  29 մարզաձևում:

 Մեր շախմատիստների մասին ոչինչ չասացիք:

– Շախմատի կանանց և տղամարդկանց մրցաշարեր են անցկացվելու: Լինելու է անհատական և թիմային պայքար: Դրան մասնակցելու համար պետք է հայտավորենք երկու մարզուհու և մեկ մարզիկի կամ երկու մարզիկի և մեկ մարզուհու: Երեք մասնակից ունենալու դեպքում պետք է պարտադիր մեկ մրցավարի հայտավորենք: Վերջինիս համար շուրջ 650 հազար դրամ է անհրաժեշտ ծախսել: Եվ քանի որ բարձրակարգ շախմատիստուհի չունենք, թիմային պայքարում լուրջ հավակնություններ չենք կարող ունենալ: Այդ է պատճառը, որ մեր երկիրն անհատական մրցաշարում կներկայացնեն գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հույս ունենք, որ մեր շախմատիստներին բախտը կժպտա:

 Նախկինում Հայաստանի ներկայացուցիչները պարբերաբար հանդես են եկել խաղերի սեղանի թենիսի մրցաշարում: Ինչո՞ւ Կազանում մեր երկրից սեղանի թենիսիստներ չեն լինելու:

– Սեղանի թենիսը նույնպես խաղերի ծրագրում պարտադիր մարզաձև է: Բայց ներկայումս Հայաստանի ուսանող սեղանի թենիսիստների մակարդակը բարձր չէ: Ֆինանսներն էլ այնքան շատ չեն, որ, մարզաձևի զարգացման համար սեղանի թենիսիստերի էլ ընդգրկենք պատվիրակության կազմում:

 Մի՞թե ֆինանսական առումով վիճակն այդքան անհուսալի է:

– Պատճառն ավիատոմսերի գնի կտրուկ բարձրացումն է: Բացի այդ, բավականին մեծացել են գիշերավարձի և սննդի գները: Փաստորեն ծախսերն ավելացել են: Մասնավորապես, եթե նախորդ խաղերի ժամանակ մեկ մասնակցի ծախսը 40 դոլար էր, ապա այժմ պահանջվում է 45 եվրո: Ավելին, աճել է  մասնակցության  վճարը: Այդ առաջարկները կատարել են կազմակերպիչները, և Ուսանողական մարզական միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունն ընդառաջել է, հավանություն է տվել: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կազմակերպիչները մեծ ծախսեր են կատարում, և գների տարբերությունն էլ դրանով է պայմանավորված:

 Իսկ Հայաստանի պատվիրակության ծախսերն ո՞վ է հոգալու:

– Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը 23 մլն դրամ է հատկացնելու: Դա չի բավարարում, որ որոշ մարզաձևերում լրիվ կազմերով թիմեր մրցասպարեզ հանենք: Հայաստանի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաները լրացուցիչ տեղեր են պահանջել և մարզիկների են ցանկանում հայտավորել: Նախատեսել էինք հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշների 3-ական մարզիկների մասնակցություն` մեկական մարզչով: Սակայն այդ մրցաձևերում լրիվ թիմեր ենք ունենալու, ընդհանուր հաշվով` 14 մարզիկ: Կարծում ենք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու, կարևոր փորձությունից առաջ ուժերը ստուգելու համար դա ամենալավ ստուգատեսն է: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան էլ, բացի մեկ մարզչից և երկու մարզիկից, պատրաստվում է լրացուցիչ հայտավորել ևս երկու բռնցքամարտիկի: Նրանք էլ խաղերին կմասնակցեն իրենց միջոցների հաշվին: Նաև 6 ծանրորդ, 4 սամբիստ և 1 սամբիստուհի, 3 ձյուդոյիստ կուղևորվեն մրցավայր: Հայաստանի պատվիրակության կազմում ընդհանուր հաշվով լինելու 50-55 մարդ:

 Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը:

– Հայաստանի բոլոր մարզական ֆեդերացիաների հետ սերտ կապ ենք պահպանում: Ամենօրյա փոխհամագործակցված աշխատանք է կատարվում: Թիմերի թեկնածուների անունները հայտնի են: Համապատասխան նախապատրաստական ծրագրով մարզիկները պարապում են, ուսումնամարզական հավաքների են մասնակցում: Պետության հատկացված միջոցներով պետք է ձեռք բերվի շքերթային մարզահագուստ: Մարզիկներն ապահովված են մասնագիտական մարզազգեստով: Իսկ ահա ճանապարհածախսի, գիշերելու, սնվելու հարցերը պետք է լուծվեն: Նախատեսել ենք, որ Հայաստանի պատվիրակությունը երկու խմբով  կուղևորվի Կազան: Առաջին խումբը մրցավայր կհասնի հուլիսի 4-ին: Մարզաձևեր կան, որոնց դեպքում մեր երկրի ներկայացուցիչները պայքարի մեջ են մտնելու հուլիսի 6-7-ը:

 Հայտնի է, որ ի պաշտոնե Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարարն է: Այդ գերատեսչության ղեկավարի, Հայաստանի այլ պաշտոնյաների այցը Կազան ակնկալվո՞ւմ է:

– Հրավիրվելու են մասնակից երկրների կառավարությունների ղեկավարները: Մասնավորապես, Չինաստանում կազմակերպված նախորդ խաղերի բացմանը հրավիրված էր Հայաստանի վարչապետը, սակայն մասնակցեց փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը: Հավաքականը ոգևորվում է, երբ պետության ղեկավարներ են մասնակցում: Նախնական տվյալներով` խաղերին պետք է ներկա գտնվի ՀՀ ԿԳ նախարարը:

 Որևէ խնդիր կարո՞ղ է առաջանալ:

– Խաղերին կարող են մասնակցել բուհերի 17-28 տարեկան ուսանողները, կամ   նրանք, ովքեր մեկ տարի է, ինչ ավարտել են ուսումը: Դժվարությունն այն է, որ բանակում ծառայողներ ունենք: Բայց նախորդ խաղերի ժամանակ 3 այդպիսի մարզիկների ՀՀ ՊՆ  նախարարությունն ընդառաջեց, և նրանք մասնակցեցին:  Այս անգամ էլ 3-4 այդպիսի մարզիկներ ունենք:

 Հայաստանի սպորտի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն զբաղվո՞ւմ են խաղերին մարզիկների նախապատրաստության հարցերով:

– Աշխատանքը հիմնականում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ է: Վերջիներս, նաև մենք կապ ունենք սպորտի նախարարության, ՀԱՕԿ-ի հետ: Այնպես որ ամեն ինչ միասնական ուժերով է կատարվում:

 Խոսվում է, որ Կազանում կայանալիք խաղերը բոլոր առումներով աննախադեպ են լինելու:

– 2012-ի սեպտեմբերին Կազանում անցկացվեց Ուսանողական մարզական ֆեդերացիայի նստաշրջանը, խորհրդակցություն հրավիրվեց, որին մասնակցել եմ նաև ես: Ծանոթացանք մարզաբազաներին, հսկայական աշխատանք է կատարվել: Ամեն ինչ արդեն պատրաստ է:

 

Դիտվել է 4276 անգամ:
Print Friendly

Leave a Reply