Սամվել Կարապետյանը հիասթափված է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 18, 2013 15:44

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրվա  շրջանակներում տեղի ունեցավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը, ով, թեև ընդգծեց, որ ուրախ է, որ հասկանալով խնդրի կարևորությունը, աշխարհն առանձնացնում է օր` նվիրված հուշարձանների պահպանությանը, բայց ինքն անձամբ մինչ օրս չի արձանագրել այս օրվա արդյունավետությունը:

Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեր ինքը, եթե լիներ, օրինակ, մշակույթի նախարար, Սամվել Կարապետյանն ասաց. «Մի 5 րոպեով կուզենայի ոչ թե մշակույթի, այլ գիտության և կրթության նախարար լիներ, կհասցնեի երևի մի հրաման տալ, որ դպրոցականներին պետք է հնարավորինս շատ տանել արշավների, որպեսզի գոնե միջին և բարձր դասարանցիները  տեսնեն, ճանաչեն իրենց հայրենիքը: Դպրոցահասակ տարիքում ես և իմ մոտ 4 ընկերները սեփական նախաձեռնությամբ գնում էինք արշավների, ճանաչում էինք հայրենիքը: Վստահ եմ, որ սա է պատճառը, որ ես և այդ մի քանի ընկերներս չլքեցինք և միտք չունենք լքել Հայաստանը, որովհետև այն ճանաչելուց հետո չսիրել հնարավոր չէ: Մինչդեռ այսօր շատերն  այնպես են սպառում ամեն ինչ, որ երևում է` վստահ են, որ չեն ապրելու այստեղ: Մենք տնտեսական պատճառներով չենք արտագաղթում, հավատացեք,  մենք ամենանվազ հայրենաճանաչ պետություններից ենք` սա է արտագաղթել ցանկացողների մեծ տոկոս ունենալու պատճառը: Մեր երեխաները հայկական երգերով ու հեքիաթներով չեն դաստիարակվում,  օտարը հարազատ են համարում, չգիտեն իրենց  արմատները, դրա համար էլ կեր ու խում են սարքում պատմական վայրերի տարածքում և իրենց աղբն անգամ չեն հավաքում: Ապականված հասարակություն ունենք», – ասաց բանախոսը և չթաքցրեց, որ խորապես հիասթափված է արժեքային համակարգի խեղումներից:

 

Դիտվել է 2494 անգամ:
Print Friendly

Leave a Reply