Պե՞տք է արդյոք մաքրել ականջները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 24, 2013 7:00

Հիգիենայի պահպանումը ժամանակակից մարդու համար նույնքան բնական պահանջմունք է, որքան սնունդ ընդունելը կամ էլ քնելը: Ու որքան ավելի վեր ենք ելնում սոցիալական սանդղակով, այնքան «որակյալ» ենք հետևում մեզ`  մեր կարգավիճակին համապատասխանելու համար: Եվ, բացի այդ, ցանկացած մարդ  ավելի վստահ է իրեն զգում, երբ թարմ սպիտակեղեն է հագնում, սափրված է, իսկ սանրվածքը, հագուստն  ու եղունգները կոկիկ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է  մեզ վնասենք` տարվելով չափազանցված խնամքով:

Վաղուց հայտնի է, որ օրգանիզմում  նաև օգտակար մանրէներ կան, իսկ օճառով հաճախակի լվացվելը կարող է մաշկի չորության ու գրգվածության հանգեցնել և «մաքրության» հետևանքով   հիվանդածին մանրէների հետ միասին վերացնել նաև օգտակարը:

Փոքրուց  մեզ սովորեցնում են լվացվել, մաքրել ատամները, սանրվել: Սակայն եթե աչքերը, քիթը, բերանը գտնվում են «դիմային», երևացող մասում, ապա մեր ականջները տեսնել  չենք կարողանում: Գուցե դա է պատճառը, որ մեզ  անընդհատ թվում է, թե ուրիշները կարող են տեսնել մի բան, որը մենք ֆիզիկապես ի վիճակի չենք տեսնել: Դրա հետևանքով է, որ անընդհատ, ամեն օր ջանադրաբար մաքրում ենք մեզ համար ոչ տեսանելի օրգանը ու հետն էլ վնասում այն: Երբեմն նման գործողությունների պատճառով վնասվում է թմբկաթաղանթը:  Բանն այն է, որ լսանցքն  ունի  ծալքեր ու ոսկրի հատվածն էլ լսանցքի մոտ նեղանում է: Մաշկն ականջի ներսում շատ նուրբ է` 0,1 մմ, ուստի այն վնասելն առանձնապես դժվար  չէ անգամ բամբակյա փայտիկով: Բացի այդ, մեծ  է հավանականությունը, որ այդ փայտիկով ականջի ծծմբական  արտադրությունը, դուրս բերելու փոխարեն, ավելի խորը մղվի: Ի դեպ, ծծումբն ականջի խորքում չի առաջանում, այլ ամենասկզբում, գեղձերի աշխատանքի արդյունքում: Դա կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է  մանր իրերի, միջատների, փոշու, և վնասակար մանրէների  մուտքը ականջ: Եթե այն ձեզ չի անհանգստացնում, ապա հանգիստ թողեք ականջը` իր արտադրությամբ: Ականջը ինքնամաքրվող օրգան է: Բանն այն է, որ լսանցքի մաշկն անընդհատ աճում է թմբակաթաղանթից դեպի ելք: Աճում է այն դանդաղ, մոտավորապես` եղունգների նման: Ու դա հնարավորություն է տալիս լսանցքից դուրս բերելու այն ամենը ինչն օտար մարմին է համարվում: Օրգանիզմն ինքն իրեն մաքրում է` ազատվելով ամենայն ավելորդից:

Կարևոր է ականջը ջրից պաշտպանելը:  Հայտնի միջոց է մի ոտքի վրա թռչկոտելը` գլուխը խնդրահարույց ականջի կողմը թեքած ու բլթակը ներքև քաշելով:

Ինչո՞վ է վտանգավոր ջուրը: Իրականում դա մեծ վտանգ է, ինչն ականջաբորբի պատճառ կարող է լինել: Այդպես է զարգանում ցավով ուղեկցվող ականջի հիվանդությունը, որն օտիտ է կոչվում: Հետևաբար գուցե հակավոր է լողանալուց առաջ բամբակյա կամ հատուկ ականջակալները թաթախել ձեթով (զեյթունի) ու դրանցով խցել լսանցքը:

Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար հարկավոր է խուսափել խոնավությունից, միջանցիկ քամուց, բարձր ձայներից: Մի խանգարեք բնությանը, ու ականջները միշտ մաքուր ու առողջ կլինեն առանց մեր միջամտության:

Շատերն այնքան են տարվում ականջները մաքրելով, որ վնասում են թմբակաթաղանթը.  բամբակյա փայտիկներով ավելի ու ավելի խորն են ներթափանցում` փորձելով առավել մաքրության հասնել: Երբեմն էլ թմբակաթաղանթը վնասվում է մաքրման աշխատանքի ժամանակ հնչած հեռախոսազանգի, ձեռքերի դողի, բարձր ձայնի պատճառով:

Թմբկաթաղանթի վնասման վտանգը

Թմբկաթաղանթի վնասման մասին կարող է վկայել արյունը (մի փոքր), որից հետո վատանում է լսողությունը, ինչը կարող է քրոնիկ բնույթ ստանալ ու, ի վերջո, վատթարագույն դեպքում հանգեցնել լրիվ խլության:

Ընդհանրապես պե՞տք է ականջները մաքրել

Սովորաբար ծծումբն առաջանում է ինքնուրույն, ծամելու պրոցեսի կամ էլ խոսելու ընթացքում: Ծծմբի ինչ-որ քանակ հարկավոր է, որպեսզի ականջներում պահպանվի անհրաժեշտ միկրոֆլորան: Ուստի ինքնուրույն ականջները մաքրելու անհրաժեշտություն չկա:

Ի՞նչ է ծծումբն ու ինչի՞ համար է

Ծծբագեղձերը քրտնագեղձերի փոփոխված տեսակներ են, որոնք գտնվում են լսանցքի արտաքին մասում: Այն միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում, որոնցից հիմնականն ականջների պաշտպանությունն է: Մի կողմից` ծծումբը պաշտպանում է արտաքին ականջի լսանցքի մաշկը միկրովնասվածքներից: Բացի դրանից, ծծումը մանրէազերծող հատկություն ունի ու պաշտպանում է լսանցքի պատերը ցավածին մանրէների ներթափանցումից: Դրա քանակը խիստ անհատական է. կան մարդիկ, որոնց մոտ առատ ծծմբարտադրություն է լինում, և հակառակը: Մեկ խոսքով, անհանգստանալու բան չկա ո՛չ առատությունից, ո՛չ էլ թվացյալ պակասությունից: Գույնով այն նույնպես տարբերվում է. մուգ շագանակագույն, թանձր, պատերին կպած, լինում է նաև բավական բաց, չոր, երբեմն էլ` թերթիկների նման: Սակայն  երկու դեպքում էլ դրանք մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով են պայմանավորված, ու չի կարելի այդ փաստը դիտարկել որպես հիվանդագին վիճակ:

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Եթե երեխան հիվանդ է, ու նրա մոտ ուժեղ թունավորման ախտանշաններ են, ապա, իհարկե, նրա մոտ առատ քրտնարտադրության հետ նաև առատ ծծմբարտադրություն է  առաջանում: Այդպիսով օրգանիզմը դուրս է բերում տարբեր հիվանդածին նյութեր: Մի կարևոր հանգամանք. հիվանդության ժամանակ առատ ծծմբարտադրությունը  երբեմն շփոթվում է հիվանդագին վիճակի, բորբոքման  հետ: Այդ դեպքում պետք է դիմել քիթ-կոկորդ -ականջի բժշկին:

Ինչո՞վ է վտանգավոր ծծմբային խցանը

Առաջին հերթին դա վտանգավոր է ու տհաճ նրանով, որ լսողության վատացում է առաջացնում, ինչն ավելի է խորանում, երբ խոնավության (լողանալուց հետո) պատճառով խցանն ուռչում է ու լրիվ փակում լսանցքը:

Խցանի հեռացման ժամանակ այն  կարող է ավելի խոր գնալ` վնասելով թմբկաթաղանթը, որն էլ հետագայում կարող է միջին ականջի բորբոքման պատճառ լինել: Ուստի խցանից  ինքնուրույն ազատվել խորհուրդ չի տրվում: Կտրականապես: Հիմնականում դա հանգեցնում է վիճակի վատթարացման:

 Իսկ ի՞նչ կարելի է անել տանը, ինքնուրույն

Կարելի է փորձել խցանը փափկացնել կամ էլ լուծել: Դրա համար պետք է օգտագործել պատրաստի միջոցներ (դրանք չեն նշվում, քանի որ մինչև  օգտագործելն անպայման պետք է խորհրդակցեք բժշկի հետ): Իսկ ամենաճիշտ տարբերակը մասնագետի օգնությանը դիմելն է:

Ի դեպ, խցանի հեռացումը  րոպեների հարց է: Ուրեմն ինչո՞ւ հապաղել` աշխարհը նոր գույներով լսելու բավականությունը հետաձգելով:

Հետաքրքիր փաստեր

ԼՕՌ-ը ոչ միայն բժշկության բաժին է, որն ուսումնասիրում է  ականջի, քթի ու կոկորդի կառուցվածքն ու ֆունկցիան (հունարենից. λωρος թարգմանվում է` ժապավեն): Սրբապատկերագրության մեջ ԼՕՌ-ը կտորի լայն շերտ է` ժապավեն, որը զարդարված է մարգարիտներով ու թանկարժեք քարերով:

«Քիթը» ոչ միայն օրգան է, այլև  ռուսական գրական մրցանակ, որը հիմնադրվել է Միխայիլ Պրոխորովի բարեգործական հիմնադրամի կողմից:

Վիրաբույժ, բնախույզ, մանկավարժ, հասարակական գործիչ,  վիրաբուժության մեջ անատոմա-փորձարարական ուղղության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովը թունդ ծխող էր և մահացավ վերին ծնոտի քաղցկեղից:

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որը Միացյալ Նահանգների անկախացման համար նշանակալի դեր է խաղացել, մահացել է  պարատոնզիլյա (հարնշիկային) այտուցից. այն ժամանակ բժշկությունն արդյունավետ միջոցներ դեռևս չուներ:

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի առաջին պլաստիկ վիրահատությունը կատարվել է քթի վրա. նա այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր: Երկրորդ անգամ քիթը վիրահատելուց հետո այն պարզապես ընկավ, ու երգիչը ստիպված էր քթի պրոթեզ կրել: Ասում են, որ փոփ արքան թաղվել է առանց քթի. նրա երկրպագուներից մեկը գողացել է  պրոթեզը:

Բագրատիոնը շատ երկար քիթ է ունեցել, սակայն նա դրան հումորով է վերաբերվել: Երբ նրան տեղեկացրել են, թե ֆրանսիացիները  մեր քթի տակ են, նա պատասխանել է. «Նայած ում քթի: Եթե ձեր քթի մասին է, ուրեմն պետք է անհապաղ նահանջենք, իսկ եթե իմ քթի, ապա դեռ կհասցնենք ճաշել»:

Քթի վիրահատություն առաջին անգամ կատարվել է դեռևս 3000 տարի առաջ հին Հնդկաստանի, Արաբիայի ու Պարսկաստանի ժողովուրդների կողմից: Այն ժամանակներում քիթը կտրելը դավաճանության  պատժամիջոց էր, ու հաճախ էլ այն վերականգնում էին:

Ի դեպ, թվում է, թե բույրերի աշխարհը կանանց տարածքն է, սակայն, պարֆյումերիայի գլուխգործոցների հեղինակները տղամարդիկ են: Բանն այն է, որ կանանց հոտառությունը բնավորության նման փոփոխական է, ինչն ավելի սրվում է ձվազատման ժամանակ, իսկ նախադաշտանային շրջանում` «բթանում»:

Փռշտոցն անսովոր արագություն ունի` ավելի քան 160 կմ/ժամ արագություն:

Հին շումերները համոզված էին, որ մարդու իմաստությունը կենտրոնացված է ականջներում: Այդ է պատճառը, որ շումերական պատկերներում հաճախ մարդիկ մեծ ականջներ ունեն:

Մարդու ականջները, ավելի ճիշտ` ականջի բլթակներն աճում են ողջ կյանքում:

Մեր միջին ականջում է գտնվում է մեր մարմնի  ամենափոքր`  1 մմ-անոց մկանը:

Պարզվում է, որ մսոտ ու մեծ ականջները լավ առողջության նշան են:

Գիտնականները կարծում են, որ շատ ուտելու հետ լսողությունը վատանում է:

Ի դեպ, չինացի Լյու Չունգը, որը 995-ին նախարար էր, յուրաքանչյուր աչքում երկուական բիբ ուներ:

Բարձր ձայները, ասպիրինն ու սուրճը «ականջներում» ղողանջի պատճառ կարող են դառնալ:

Մեկ ժամ ականջակալներով երաժշտություն լսելը մեծացնում է ականջախեցու մանրէների քանակը 7 անգամ:

Դեռևս XV դարում Լեոնարդո դա Վինչին նկարել է կոնտակտային լինզաների նախատիպը:

Արթուր Կոնան Դոյլը մասնագիտությամբ ակնաբույժ էր:

Բեթհովենն արդեն խլացել էր,  երբ իր № 9 սիմֆոնիայի համար գրեց «Ներբող  բերկրանքին»-ը: Հիմա այն կատարում է Կոլումբիայից մի անսովոր նվագախումբ, որի անդամները  բացառապես լսողական խանգարումներով երեխաներ են:

Դիտվել է 7983 անգամ:
Print Friendly

Leave a Reply