Երբեմն օրենքը թիթեռի կյանք է ունենում, իսկ պատմական հուշարձանը` դարեդար մնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 22, 2013 15:00

Գաղտնիք չէ, որ Գառնիի պատմական կամրջի վերականգնումը միանշանակ չընդունվեց  հանրության կողմից: Շատերը, այդ թվում նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, այն կարծիքին էին, որ պատմական հուշարձանը ոչ թե վերականգնվել է, այլ մի  նոր կամուրջ  է կառուցվել: Այդ առիթով Սամվել Կարապետյանի հետ ունեցած իմ հարցազրույցը տպագրվեց «Անկախ» շաբաթաթերթի մարտյան  համարներից մեկում,որից հետո կրքերն ասես թեժացան:

Նման արձագանքը սպասելի՞ էր մշակույթի նախարարության պատկան մամինների,ասել է թե` կառուցապատումը նախաձեռնողների համար: Նման վերականգնումը ո՞ւմ էր ձեռնտու: Այս և մի շարք այլ հարցերի պարզաբանման ակնկալիքով դիմեցինք մշակույթի փոխնախարար տիկին Սամուելյանին, որը, ճարտարապետ լինելով հանդերձ, պիտի որ լավատեղյակ լիներ խնդրին: Սակայն  ինձ հուզող հարցերի պատասխանները, թեև ուշացումով, բայց ստացա ոչ թե տիկին փոխնախարարից, այլև պատմության և մշակույթի հուշարձանների գործակալությունից:  Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք կամ ուշ լինի, նուշ լինի:

Պատասխանը փոքր-ինչ լղոզված էր, բայց, որ կարևոր է,  օրենքի տառին ու ոգուն հավատարիմ:

Ո՞ւ մ էր ձեռնտու նման վերականգնումը: Իմ այս մտահոգությանը գործակալության պատասխանատուները կրկին հարցով են պատասխանել. «Իսկ ո՞ւմ է ձեռնտու, որ հուշարձանը չվերականգնվի»: Մի՞թե գործակալության փորձված մասնագետները այդպես էլ գլխի չընկան, որ խոսքը ոչ այնքան վերականգնել- չվերականգնելուն է վերաբերում, որքան, ինչպես ընդդիմախոսներն էին բարձրաձայնում, «եվրոնորոգմանը»:

Ներկայացված փաստաթղթից դժվար չէ կռահել, որ այնքան «պուպուշ» վերականգնում է իրականացվել, որ վերականգնողների հասցեին հնչած ամեն տեսակ մեղադրանք իրականության հետ որևէ աղերս  չունի, որ կամրջի ինչպես  հոսքընթաց, այնպես էլ հոսքընդդեմ ճակատները ոչ թե երեսապատվել են, այլ վերականգնվել են միջնադարյան նմանատիպ տուֆակերտ կառույցների շարվածքի օրինակով: Իսկ որպես կապակցող նյութ օգտագործվել է կրացեմենտային բարդ կրաշաղախ: Պատմական հուշարձանի ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցներին գործակալության հմուտ մասնագետները հանգստացնում են ոչ միայն հարմար փաստարկով, այլև օրենքի պահանջով. «Հաշվի առնելով հուշարձանի տեխնիկական վիճակը, ինչպես նաև միջնադարի տարբեր ժամանակաշրջաններում առկա միջամտություններն ու փոփոխությունները, համաձայն օրենքով սահմանված կարգի և թույլատրելի պահանջների` կատարվել է նորոգումը»: Իսկ ըստ ՀՀ օրենքի 6-րդ գլխի 30-րդ հոդվածի` «նորոգում է համարվում նաև հուշարձանի հարմարեցումը, որի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց ժամանակակից  օգտագործման համար», իսկ վերականգնումը, ըստ նույն օրենքի, «կիրառելի է նաև դրա երբեմնի օրգանական տարրը կազմող և չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերաստեղծումը` հուշարձանի ամբողջացման նպատակով»:

Տեսնես նույն այդ օրենքն ո՞ւր էր, երբ քանդվում էին «Հին Երևանի» պատմական շենքերն ու փակ շուկան: Կամ հիշենք ոչ վաղ անցյալում Մաշտոցի պողոտայի այգու գլխին կախված «փորձանքը», երբ շահագրգիռ չինովնիկներն այգին առևտրի կրպակներով «զարդարելու» համար կուրծք էին ծեծում: Այնպես որ X-XIII դդ. պատմական կառույցի համար XXI դարի առաձգական օրենքով վերականգնելը ոչ միայն համարժեք է եվրանորոգման, այլև բարոյական չէ:

Ինչպես պարզվում է, պատմական այս կամուրջը բախտավոր աստղի տակ է ծնվել: 2010 թ. պետական բյուջեի միջոցներով ամրակայվել է հյուսիսային խելը,  թե որքան գումար է տրամադրվել, այդ մասին, իհարկե, ոչ մի ծպտուն, իսկ հարավայինում քայքայված է հիմքի ժայռը, որի վերականգնման համար էլ հովանավոր գտնվեց:

Ասեմ, որ ամենևին ուրիշի փողերը հաշվելու  գլուխ չունեմ, բայց իշխող կարծիք կա, թե այստեղ շատ անելիք ու ծախսելիք չկար: Բավական էր` գետնին կպած խելն ամրացվեր, ամրակայվեր, որպեսզի կանխվեր կամրջին սպառնացող վտանգը, մինչդեռ ոչ միայն շատ գումար ծախսվեց, այլև միանգամայն նոր մոտեցում դրսևորվեց` բազրիքապատելով կամուրջը:

Գործակալության հմուտ մասնագետները միջնադարյան գոնե մի բազրիքապատ  կամրջի անուն նշելու փոխարեն, ընդամենը հիշեցնում են. «Միջնադարի (հատկապես` X-XIII դդ.) տուֆակերտ կամուրջները, ելնելով շինարվեստի տեխնիկայից, ունեցել են աստիճանաձև բազրիքներ (ոչ թեք և սուրանկյուն շարվածք, ինչը բնորոշ է ուշ միջնադարի կամուրջներին) ,որը նաև հիմք է հանդիսացել պահպանված կամարաթաղի և զույգ կամարակապերի տուֆակերտ շարվածքի շարունակությունը ապահովող վերականգնման (վերստեղծման) մեթոդի ընտրությանը»: Որոշ կամուրջներ… Իսկ թե որն էր հատկապես այս կամուրջն այդպես ճոխ «բազրիքավորելու» նպատակը, հիմնավորում այդպես էլ չհնչեց:

Փոխարենը գործակալությունը վկայակոչում է, որ վնասված է եղել նաև կամրջի կամարակապ թաղը, որը հատկապես վերին նիշում մեծ ճեղքերով բաժանված էր երկու մասի` շեղվելով լայնական աջ և ձախ ուղղությամբ, ինչպես նաև գրեթե ամբողջությամբ քայքայված էին կամրջի ընդհանուր ծավալները: Հոսքընթաց ու հոսքընդդեմ պատերը շարված էին կավահողով (կրաշաղախով շարված հատվածները նույնությամբ պահպանվել են), հավաստիացնում են գործակալության մասնագետները, որոնց ձեռքում է, ինչպես ասում են, և՛ քարը, և՛ պոպոքը, ինչպես ցանկանան, այնպես էլ կկոտրեն:

Այնպես որ, դեռ վաղ է ուրախանալ, թե այսօր կործանումից փրկվեց ևս մեկ պատմական  հուշարձան, քանզի գործակալության հմուտ մասնագետներն ամենքից լավ գիտեն, որ պատմական հուշարձանի նկատմամբ ամեն մի անհարկի միջամտությունը դրա պատմականության կորստին է հանգեցնում: Եթե այդպես չլիներ, Հռոմի Կոլիզեյը վաղուց վերականգնած կլինեին, թե՞ միջոց չունեն: Կամ, եթե օրերից մի օր հրաշք կատարվի և թղթի վրա մնացած«Հին Երևանի» ծրագիրը իրականություն դառնա, միևնույն է, այն իր պատմական նախկին արժեքն  այլևս չի ունենա: Իսկ քանի դեռ մեզանում պակասում է բծախնդրությունը, զգուշավորությունը, գործակալության ամեն մի փաստարկը հալած յուղի տեղ ընդունելն առնվազն միամտություն կլինի: Կապրենք, կտեսնենք, թե դեռ որքան ջրեր կհոսեն այս անգամ արդեն Գառնիի պատմական կամրջի ներքո…

 

Ամալյա  ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply