Մի երկու շաբաթ էլ որ դիմանանք` էլ մի 3 տարի ընտրության երես չենք տեսնի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 18, 2013 15:11

Թեև Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 6-ին, ակտիվ փուլ  մտավ միայն այս շաբաթ, ինչը պայմանավորված էր ապրիլի 9-ի սպասումներով:

 Մինչև հիմա ապրիլի 9-ն էր խանգարում, իսկ ա՞յժմ

«Բարևի» շարժման ղեկավարները և այդ շարժմանը միացած ՀՅԴ ներկայացուցիչները հրապարակայնորեն  հայտարարել են, որ իշխող ռեժիմի դեմ պայքարում կարևորագույն հանգրվան են համարվում հենց Երևանի ավագանու ընտրությունները: Այդպիսի ակնարկներ են արել նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչները, իսկ ՀԱԿ-ի անցյալ շաբաթ կայացած հիմնադիր համագումարում այդ հանգամանքը կարևորվեց նաև նորաստեղծ ՀԱԿ կուսակցության և նրա քաղաքական վերնախավի կողմից:

Ու եթե մինչև համամասնական ցուցակների առաջադրումները ներքաղաքական գլխավոր հարցը մնում էր այն, թե արդյոք ընդդիմությունը հանդես կգա՞ միասնական դիրքերից, ապա այժմ, երբ դա տեղի չունեցավ, մյուս գլխավոր հարցը մնում է, թե արդյոք ընդիմադիր ուժերը կկարողանա՞ն համագործակցության եզր գտնել` արդար ու թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով վերահսկողություն սահմանելու հարցում, և արդյոք ընտրություններից հետո հնարավոր կլինի՞ միասնական ջանքեր գործադրել և ընդդիմադիրներից որևէ մեկին «դարձնել» քաղաքապետ:

Իհարկե, արդեն չենք քննարկում, թե ինչքան լավ կլիներ, որ ընդդիմությունը կարողանար կամք դրսևորել ու միասնական ցուցակով հանդես գալ, բայց նաև նշենք, որ քաղաքական պայքարի այս փուլում մեկ այլ հնարավորություն է, որ ընտրապայքարին մասնակցող ուժերը հանդես գան առանձին-առանձին, յուրաքանչյուրն ավելի ջանադրաբար աշխատի, յուրաքանչյուրը տանի որոշակի վստահության քվե, ու այդ քվեների միասնական գումարն այնքան լինի, որ իշխող քաղաքական ուժը չկարողանա մեծամասնություն ստանալ, հետևաբար` ինքնուրույն ավագանի ձևավորել և քաղաքապետ առաջադրել:

Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե ընդդիմադիր ուժերն իրենց ինչպես կդրսևորեն հետընտրական զարգացումներում, և կկարողանա՞ն համակարգված կազմակերպել իրենց գործունեությունը, որ արդեն ավագանու ներսում կարողանան ընդդիմադիր  մի որևէ ուժ ներկայացնող թեկնածուի միասնաբար «կարգել» Երևանի քաղաքապետ: Բայց դրա համար դեռ պետք է ընտրություններում արդյունքներ ունենան:

Մի խոսքով, արդեն այս շաբաթվանից ակտիվորեն քարոզչություն սկսեց իշխող ՀՀԿ-ն` հանձին իր համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի և ԲՀԿ-ն` ժողովրդին Հյուսիսային պողոտայում իր քարոզչանյութերով գլխարկներ ու շապիկներ բաժանելով: Մյուս ուժերը, իհարկե, նույնպես սկսեցին քարոզարշավը, բայց ոչ այնպես ակտիվ, ինչպես ՀՀԿ-ն:

Մինչ այդ իշխող ՀՀԿ-ն արդեն մի քանի շաբաթ էր, ինչ հեռուստաեթերը ողողել էր իր միջոցառումների, ծրագրերի մասին պատմող տեսանյութերով, ինչը, ի դեպ, համարվում է պասիվ քարոզչություն: Բայց իր նախընտրական քարոզչությունը սկսելու շեմին իշխող ուժը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական շատ ուժերի, գործիչների ու սովորական քաղաքացիների զայրույթը հարուցեց: «Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառքը, և իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունն իրականացվի բացառապես ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան»,- նշված էր այդ հայտարարության մեջ:

Եվ սա այն ժամանակ, երբ հասարակությունը շարունակ խոսում է,  թե համատիրությունները և տեղական հեղինակությունները, տնօրեն-ուսուցիչներն իրենց «ազդեցության գոտուց» անձնագրեր են հավաքում և 10-15 հոգանոց «հավաստիների» ցուցակ կազմում, խոստանում մայիսի 3-4-ը գումարով խրախուսել` «ճիշտ» կողմնորոշվելու համար, փակել կրպակներում ունեցած պարտքերը և այլն: Տպավորություն է ստեղծվում, թե այս հայտարարությունը ՀՀԿ շտաբից չի հնչել, այլ մի որևէ ընդդիմադիր ուժի գրասենյակից, որը տարիներ ի վեր պայքարում է այլասերված ընտրական տեխնոլոգիաների դեմ…

Բայց սա չէ կարևորը, այլ այն, որ ՀՀԿ-ական տարբեր տրամաչափի հայտնի և անհայտ գործիչներ արդեն բացեիբաց  այս ընտրապայքարը համարում են ոչ թե քաղաքական պայքար, այլ «Տարոնի ընտրություն»: Այսինքն` փորձ է արվում անձնավորել, թե իբր երևանցին պետք է ընտրի ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին, այլ վերջին տանամյակների «լավագույն քաղաքապետ» Տարոն Մարգարյանին, որը հասարակության մեջ որոշակի հարգանք է վայելում:

Երևանի ավագանու ընտրությունները չեն կարող քաղաքական չլինել

 

Հայտնի է, որ Երևանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում է ՀՀ ընդհանուր բնակչության մոտ կեսը: Այսինքն` նա, ով իշխում է Երևանում, փաստացի իշխում է Հայաստանի կեսին, եթե նույնիսկ հաշվի չառնենք, որ իրականում Երևանում ավելի շատ մարդ է բնակվում, քան մնացած բոլոր մարզերում միասին:

«Ես մի պահ պատկերացնում եմ, թե ինչ կկատարվի, երբ Երևանի քաղաքապետը լինի ընդդիմադիր… Նախ` Երևանի բնակչությունը քաղաքականապես ավելի ակտիվ է, ինչը բնական է մայրաքաղաքի բնակչության դեպքում, երկրորդ` այստեղ բնակվում է մեր երկրի բնակչության մեծամասնությունը, և երրորդ` հիմնականում Երևանում են կենտրոնացած ոչ միայն Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի կենտրոնները, այլև ֆինանսատնտեսական կապիտալի գերակշիռ մասը: Ուստի ես վստահորեն կարող եմ ասել` ով իշխում է Երևանում, նա իշխում է ամբողջ Հայաստանում, և Երևանի քաղաքապետն իր կարևորությամբ երկրորդ մարդն եմ դիտում Հայաստանում երկրի նախագահից հետո: Դրա համար էլ Երևանի ավագանու ընտրությունները մնում են միակ տարբերակը իշխանության մենաշնորհի հիմքերը թուլացնելու համար»,- նշեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

Նա, ի դեպ, նշեց նաև,  որ թեժ մթնոլորտում անցած նախագահական ընտրություններից հետո կայանալիք ընտրությունները, եթե նույնիսկ հանենք մնացած բոլոր բաղադրիչները, ուղղակի չեն կարող քաղաքական չլինել:

Այսինքն` որքան էլ ՀՀԿ-ն փորձի հասարակության ուշադրությունը շեղել Երևանի ավագանու ընտրություններից` դրանք որակելով ոչ քաղաքական, միևնույն է, ընդդիմությունն անընդհատ ակտիվ է պահելու այս թեման, ինչպես վերջին անգամ դա հրապարակավ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, թե «բոլորը պետք է հասկանան, որ ընտրելով Տարոնին` ընտրում են այս ռեժիմը, քանի որ Տարոնն այս ռեժիմի խամաճիկն է»:

Մինչդեռ ավելի լավ կլիներ, որ ընդդիմադիրները հստակ արտահայտվեին` կհամագործակցե՞ն ընտրությունների վերահսկման գործընթացում, և ընտրություններից հետո միասնական ճակատով հանդես կգա՞ն, թե՞ ոչ:

 

Դիտվել է 4229 անգամ:
Print Friendly

Leave a Reply