Ինչո՞ւ գնել, եթե կարելի է վաստակել վստահությունը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 18, 2013 12:57

Անզեն աչքով էլ կարելի է նկատել, թե վերջին շաբաթներին ինչպես են Երևանում աշխուժացել բարեկարգման-շինարարական աշխատանքները, ինչպես են աշխույժ «ճիմապատվում» քաղաքի տարբեր տարածքները, ինչպիսի ծաղիկներ են ցանվում: Նույնիսկ մայրաքաղաքի հեռավոր արվարձաններում բարեկարգվում են փողոցները. նեղերը ավելի են լայնացվում, լայները` գեղեցկացվում, փոխվում են մայթերի` ընդամենը երկու տարի առաջ փոխված եզրաքարերը, ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել անգամ այնպիսի խուլ փողոցներում, ինչպիսին, օրինակ` Արարատյան զանգվածի ոլոր-մոլոր, վերջին 5-10 տարում ասֆալտի ու ասֆալտապատողի երես չտեսած փողոցներն ու մայթերը:

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլը դեռ չսկսված` Ավանում` մեր բակում, վարչական շրջանի ղեկավարությունը որոշեց քանդել դեռևս խորհրդային տարիներից կառուցված արգելապատը` որը բակն անջատում էր դիմացի այգուց և ավելի բարձր դիրք էր զբաղեցնում բակի նկատմամբ, որպեսզի այնտեղից հողը, ջրերը չհոսեին դեպի բակ: Այդ արգելապատը, արդարության համար պետք է նշենք, իրոք բավականաչափ նեղացնում էր բակի երթևեկելի հատվածը ու մեքենաների տեղաշարժին էականորեն խանգարում էր: Բայց արդեն մի քանի տասնամյակ քաղաքացիներին խանգարող արգելապատը քանդելու և ճանապարհը լայնացնելով` նոր արգելապատ կառուցելու աշխատանքները «պատահաբար» համընկան «Ավելի լավ» երևանի քարոզչության շրջանին: Ու երբ քաղաքային իշխանությունների քարոզչապաստառին կարդում ենք «Ավելի լավ Երևան», արդեն մտածելու տեղիք է տալիս. Այսինքն` ստացվում է, որ մեր փողոցի` վերջին 30-40 տարիներին լայնանալու կարիք ունենալը լավ էր, բայց որ հենց նոր հիշեցին ավելի լայն փողոցի մասին` դա ավելի լավն է նախանշում, որ երբ սիզամարգերում «տնկվում են» տարբեր գույների արհեստաան ծառեր, լավ է, իսկ որ Երևանը այսօր կանաչապատման և ծառերի լուրջ կարիք ունի, ինչի մասին բազմիցս ահազանգվել է, նույնիսկ հենց քաղաքապետարանի կողմից` ավելի լավն է նախանշում:

ՀՀԿ-ական, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որ օրերս Տարոն Մարգարյանի քարոզարշավի շրջանակներում ուղեկցում էր  նրան, երբ լրագրողները  հարցնում են,  թե ինչու է բակը ասֆալտապատվել հենց ընտրություններից առաջ և ոչ նախկինում, Սահակյանն արձագանքում է. «Բա ձմեռը անեի՞նք»: Բայց դե ասֆալտապատելու համար  առնվազն մի 3 տարի ժամանակ  եղել է: Առհասարակ քաղաքային, գյուղական  իշխանությունները աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքական ռեժիմների պայմաններում,  բոլոր գաղափարախոսական ազդեցությունների ներքո, բացի այլ գործառույթներից, մեկ ընդհանուր նպատակ ու նշանակություն ունեն` զբաղվել տվյալ համայնքի հարցերով, լինեն դրանք կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման, աղբահանության, տրանսպորտի թե մեկ այլ բնույթի: Այ դա, ինչպես կնշեր Արման Սահակյանը, քաղաքային իշխանությունների «սուրբ պարտականությունն» է:

Ու եթե ընդամենը մեկ-երկու ամսում Երևանում հնարավոր է կատարել այնպիսի լայնամասշտաբ աշխատանքներ, ինպիսիք այս օրերին են ընթանում, մի հարց է առաջանում` իսկ ի՞նչն էր խանգարում ձեզ, պարոնայք, անցած 4 տարիներին այդպես մեծ թափով լավ ու դրական աշխատանք կատարել:

Ինչևիցե` արդեն սկսվել են ահազանգերը.  որ այս կամ այն հիմնարկում անձնագրեր են հավաքում, մարդկանց շրջաններից բերում ու գրանցում են Երևանում ու մտցնում ընտրողների ցուցակ, որ նրանք ընտրեն հայտնի թեկնածուին, մարդկանց վախեցնում են, հոգեբանական տեխնոլոգիաներ կիրառում նրանց նկատմամբ, փողի խոստում են տալիս, աշխատանք են խոստանում, մեկի տանիքն են վերանորոգում, մյուսի բակն են ասֆալտապատում, մեկ ուրիշին շենքի պատի մեջ նոր լուսամուտ բացելու թույլտվություն են տալիս և այլն, և այլն: Միջոցներն ու տեխնոլոգիաները` «տոկոս խփելու» համար, այսպես ասած, տաբեր են ու բազմապիսի:

Ու տրամաբանական հարց է առաջանում` եթե այսքան ջանք ու եռանդ չխնայեին իրոք հանուն բարօրության, այսքան միջոցներ ներդրվեին օրինական, առողջ միջավայրում աշխատելու համար, մի՞թե ավելի լուրջ արդունքների չէին հասնի:

Առհասարակ, նորմալ քաղաքական ու հասարակական հարաբերություններ ունեցող երկրներում մարդկանց ընտրում կամ չեն ընտրում իրենց կատարած կամ չկատարած աշխատանքների համար: Այսինքն` աշխատել ես պաշտոնավարմանդ ժամանակ, ուրեմն կվաստակես բնակիչների վստահությունը, չես աշխատել` վստահության քվե ստանալու հույս անգամ չունենաս:

Եթե վերջին երկու ամսում Երևանում «նախընտրական շինարարության», ասֆալտապատման, կանաչապատման և այլ աշխատանքների ծավալները համաչափ բաշխվեին գործող քաղաքային իշխանությունների պաշտոնավարման տարիների վրա, բնակիչները գոհ կլինեի՞ն այդ իշխանությունների աշխատանքից, այո, այդ աշխատանքները աչք կծակեի՞ն նախընտրական փուլում, ոչ: Թե չէ ստացվում է, որ  և՛ կատարում են այն աշխատանքները, որ պետք էր ու ի վիճակի էին կատարել, և՛ դրանք ժամանակին չկատարելու համար ստիպված են վաստակել ժողովրդի դժգոհությունը, կուլ տալ քաղաքական հակառակորդների  լուտանքներն ու քննադատությունը: Այսինքն` այսպես թե այնպես անում են այն, ինչ պետք է անեին, բայց արդեն ստիպված են նաև մարդկանց վստահության քվեն «գնել»` բառի բուն իմաստով:

 

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply