Ոչ մի երթուղային փոխադրամիջոց Ձորաղբյուրի ամառանոցներ չի հասնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 19, 2013 7:00

Ձորաղբյուրի ամառանոցների տերերը հիմնականում Երևանի բնակիչներն են, սակայն մայրաքաղաքից  ոչ հեռու գտնվող այդ  տարածք երկար ժամանակ է` չի հասնում ոչ մի փոխադրամիջոց: Դա բարդություններ է առաջացնում, քանի որ ամառանոցներում շուրջտարին բնակվողներ կան: Ընտանիքներ են ապրում, որոնց անդամներն ամեն օր մայրաքաղաք աշխատանքի են ուղևորվում, սովորողներն էլ տարբեր ուսումնական հաստատություններ են հաճախում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ տարածքում չկան առևտրի, սպասարկման օբյեկտներ, ապա պարզ կդառնա, որ մարդկանց կապը 7-8 կմ հեռու գտվող մայրաքաղաքի հետ պարզապես կենսական անհրաժեշտություն է: Ընդ որումգարնանից մինչև խոր աշուն հասարակության հոսքն  ամառանոցներ բազմապատկվում է:

Խնդիրն այն է, թե ինչպես գնալ-գալ, եթե անձնական ավտոմեքենա չունես, իսկ հասարակական փոխադրամիջոց չի աշխատում: Սա է, որ մարդկանց վրդովմունքն է առաջացրել:

Ի դեպ, 2012-ին Նորքի 2-րդ զանգվածի շուկայի կանգառից, առավոտյան ժամը 8-ից սկսած մինչև ժամը 19-ը, երթուղային էր բարձրանում ամառանոցներ և հետ վերադառնում. այն հասնում էր մինչև ամառանոցների վերջնամասի բարձունք և շրջադարձ կատարում: «Կանեցը» հարմար է այն առումով, որ Ձորաղբյուրի ամառանոցների բոլոր վայրերից դժվար չէ մոտենալ վերջին կանգառին և օգտվել փոխադրամիջոցից: Մարդիկ հարմարվել էին, և քանի որ միակ միկրոավտոբուսը հստակ գրաֆիկով էր աշխատում, ոչ մի խնդիր չէր առաջանում: Սպասարկում էր «ծիծակ» համարով` 111ա երթուղայինը:

Բայց 2013-ի սկզբից Ձորաղբյուրի ամառանոցներում բնակվողները հասարակական փոխադրամիջոց չունեն: Երթուղին սպասարկող «Գազելը» երկար ժամանակ է` չկա: Փոխարինող, որևէ այլ ավտոմեքենա այդ երթուղում չի աշխատում:

Եվ քանի որ Ձորաղբյուրի մի քանի հազար ամառանոցներն ինքնուրույն համայնքի կարգավիճակ չունեն, բնակիչները ստիպված նախաձեռնող խումբ են ստեղծել և առաջացած իրավիճակի մասին ահազանգել են տարբեր կառույցների` ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից,  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից սկսած մինչև Երևանի քաղաքապետարան: Սակայն ոչ մեկը չի հետաքրքրվում, գործն էլ տեղից առաջ չի շարժվում: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հայտնենք, որ արձագանքել է միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ի դեպ, նախկինում` մինչև 2012-ը, Երևան-Ձորաղբյուրի ամառանոցներ երթուղու սպասարկման հարցով զբաղվում էին Կոտայքի ներկայացուցիչները` Աբովյանի ղեկավարությունը: Եվ ահա մի տարի է, ինչ այդ գործի պատասխանատվությունը ստանձնել է Երևանի քաղաքապետարանը:

Վերջինիս ղեկավարությանը դիմելով` նախաձեռնող խմբի անդամները հույսեր էին փայփայում, որ ըմբռնում կդրսևորվի, և թեկուզ մեկ միկրոավտոբուս կառանձնացվի, որպեսզի այն սպասարկի Ձորաղբյուրի ամառանոցների ներկայացուցիչներին:

Եվ ահա, ստացվել է Երևանի քաղաքապետի պատասխանը, որն ուրախացնելու առիթ չի տալիս:

Բանն այն է, որ խորհուրդ է տրվում օգտվել վաղուց ի վեր գոյություն ունեցող թիվ 43 երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներից: Ի դեպ, նույն վայրով են անցնում նաև  «0» երթուղու միկրոավտոբուսները: Մինչդեռ ամառանոցաբնակների համար դժվար է մի քանի կիլոմետր կտրել-անցնել, որպեսզի գյուղից կամ ճանապարհից այդ փոխադրամիջոցներից օգտվեն: Ընդ որում,  թիվ 43 երթուղու դարն ապրած ավտոմեքենաները հսկայական շրջան են կատարում և անցնում Զեյթուն թաղամասով, Կոմիտաս փողոցով, Երևանի կենտրոնով: Եվ վարորդներն էլ, մեղմ ասած, անբարեխիղճ են աշխատում, և  հաճախ պարզ էլ չէ` երթուղում որևէ ամտոմեքենա կա՞, թե՞ ոչ: Այդ երթուղու վարորդները չեն էլ թաքցնում,  որ գրաֆիկով` որոշակի պարբերականությամբ աշխատելու մտադրություն չունեն. ձեռնտու չէ:

Ընդհանրապես, նրանց աշխատանքն էլ ամառանոցերի բնակիչների համար անիմաստ է, քանի որ «պազիկներն» ամառանոցներ չեն մտնում: Թերևս պատճառն այն է, որ շահագործվող ավտոմեքենաներն իրենց տեխնիկական հնարավորություններով ի վիճակի չեն հաղթահարելու ամառանոցների բարձունքը:

Այժմ նախաձեռնող խմբի անդամները երկմտանքի մեջ են: Եթե Երևանի քաղաքապետարանը հարցի լուծման իրատեսական տարբերակ չունի, ապա հրամայական պահանջ է առաջանում, որ դիմեն երթուղին կրկին Աբովյանի ներկայացուցիչների սպասարկմանը հանձնելու համար: Պարզապես հարցը  քաղաքականացնելու ցանկություն չկա, առավել ևս, որ առջևում Երևանի ավագանու ընտրություններ են:

Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզում ԲՀԿ-ն և այդ կազմակերպության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեծ լծակներ ունեն: Իսկ վերջինս, հանուն վարկանիշի և Երևանի ավագանու ընտրություններում ակնկալիքների, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի երթուղուց օգտվողներին նույնիսկ փոխադրավճարից ազատել: Մինչդեռ ամառանոցների բնակիչներն այդպիսի նվեր չեն ուզում: Խնդիրն այն է, որ պարզապես եղած գծում նաև սպասարկող լինի: Եթե բացահայտվի, որ  Երևանի քաղաքապետարանի համար հարցն անլուծելի է, ապա միայն այդ ժամանակ բնակիչները ստիպված կլինեն այլընտրանքային տարբերակների օգնությամբ հասնել խնդրի կարգավորմանը: Կասկած չկա, որ դա նախընտրական  մրցապայքարում կարող է սասանել ՀՀԿ-ն ներկայացնող Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հեղինակությունը:

                                                                             

 

Դիտվել է 2234 անգամ:
Print Friendly

Leave a Reply