Կայացել է Սարիբեկ Սարգսյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 17, 2013 11:43

Ապրիլի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ երգիչ Սարիբեկ (Սար) Սարգսյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Ծնունդով արցախցիՍարիբեկ Սարգսյանը ճանաչված անուն է թբիլիսահայ երաժշտասեր հասարակայնության համար: Ութ տարի առաջ թբիլիսաբնակ Գևորգյան ընտանիքի կնքահայրությամբ մկրտվելով Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, արցախցի Սարգսյան ընտանիքը անքակտելի թելերով կապվեց ոչ միայն Գևորգյան ընտանիքի, այլև թբիլիսահայ հասարակայնության հետ: Ուստի պատահական չէր, որ երիտասարդ բարիտոնը իր առաջին «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսի վայր ընտրեց հատկապես Վրաստանի մայրաքաղաքը:

Սարիբեկ Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին հայ և վրաց երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ, Սարիբեկ Սարգսյանի կատարողական վարպետությունը գնահատողներ:

Շնորհանդեսի վարող Միքայել Ավագյանը ներկաներին ծանոթացրեց շնորհալի երգչի ստեղծագործական ուղու հետ: Արցախի Հադրութ քաղաքում ծնված և նախնական երաժշտական կրթությունը տեղում ստացած Սարիբեկ Սարգսյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը, իսկ 2008 թվականին՝ ասպիրանտուրան: Սարգսյան երգիչը համերգային ծրագրեր է ծավալում ակադեմիական և էստրադային ժանրերում, համերգներով հանդես գալիս Արցախում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր:

Շնորհավորելով Սարիբեկ Սարգսյանին առաջին ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ, վրաց ճանաչված երաժիշտ Նունու Գաբունիան նրան մաղթեց նորանոր բարձունքներ նվաճելու կամք և ունակություն: Խոսելով արցախցի երիտասարդի երաժշտական կարողության մասին, բանախոսներ երաժշտագետ Աիդա Մեսրոպյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը բնորոշեցին Սարիբեկ Սարգսյանին որպես խոստումնալից և մեծ ապագա ունեցող երիտասարդի,ում կոչումը հայ երգը, հայ ռոմանսը հասանելի դարձնելու մեջ է: Բանախոսները հաստատեցին Գալինա Վիշնևսկայայի գնահատականը, անվանելով Սարիբեկին «Ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի սոխակ»:

Իր օրհնությունը բաշխելով ներկա գտնվողներին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը Սարիբեկ Սարգսյանին անվանեց Արցախի զինվոր, ով հասակ առնելով արցախյան պատերազմի թոհ ու բոհի, արյուն-արցունքի մեջ, սակայն երգն է համարել այն սպեղանին, որ պետք է բուժի վիրավոր հոգիները և որ Սարիբեկը նվիրվել է Արցախի հաղթանակը երգի միջոցով տարածելու առաքելությանը: Սրբազան Հայրը մաղթելով Սարիբեկ Սարգսյանին նորանոր հաջողություններ, հորդորեց նրան՝ նվիրվել հայ երգի, հայ մշակույթի զարգացմանը և տարածմանը:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց տեսանյութ երիտասարդ երգչի մի շարք դերակատարումներից, հնչեցին հայ երաժիշտների երգերը անվանի երգչի կատարմամբ:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply