Ա. Գեւորգյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկեցին մարզերում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | April 16, 2013 16:36

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:

Ա. Գեւորգյանը նորանշանակ դեսպանին հաջողություն մաղթեց պատասխանատու աշխատանքում` վստահություն հայտնելով, որ հետագա գործունեությամբ նա կնպաստի երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվեցին Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Ա. Գեւորգյանը գոհունակություն հայտնեց, որ ուշադրություն է դարձվում նաեւ մարզերում եւ համայնքներում զարգացման ծրագրերի իրագործմանը:
Կողմերը մասնավորապես անդրադարձան մարզերում որոշ ծրագրերի շարունակման, համայնքների զարգացմանն ուղղված փոքր ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հնարավորություններին: Նման ծրագրեր հնդկական կողմն իրականացնում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Մասնավորապես, Հնդկաստանի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի միջնակարգ դպրոցը: Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում դպրոցներն ապահովվել են համակարգչային արդիական տեխնիկայով եւ գույքով: Դեսպանը նշեց, որ հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել նույն ծրագիրը մեկ այլ մարզում: Քննարկվում է նաեւ համայնքներում փոքր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում:

Ա. Գեւորգյանը ողջունեց նման մտադրությունը: Անդրադառնալով համակարգչային դասարանների ստեղծման ծրագրին` նա նկատեց, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ներկայումս համայնքներում կատարվում են էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքներ, եւ հնդկական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագիրը համահունչ է այդ նպատակին: Ա. Գեւորգյանը տեղական հումքով աշխատող փոքր արտադրությունների ստեղծմանն ուղղված ծրագրերը եւս կարեւոր համարեց համայնքների զարգացման տեսանկյունից: Նա նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է նման նախագծերի իրականացմամբ եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց:

Դիտվել է 471 անգամ:
Print Friendly

Leave a Reply