Վիրահայոց Թեմում շարունակվում են հիշատակի միջոցառումները՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 16, 2013 5:50

Ապրիլի 13-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Վրաստանի Հայ նկարիչների միությունը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցությունը՝ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:
Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիսիի, Ջավախքի, ինչպես նաև ծնունդով Վրաստանցի, բայց ներկայումս Հայաստանում գործող նկարիչները: Բացելով ցուցահանդեսը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցած շուրջ 35 ստեղծագործողների մեծամասնությունը երիտասարդներ են, ովքեր Հայոց Մեծ Եղեռնի մասին պատկերացում ունեն միայն հաղորդածով: Եվ ցուցասրահում տեղ գտած շուրջ 60 կտավները գույների միջոցով արտահայտված նրանց ցասումն է, արդարության և հատուցման պահանջը անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար:
Վրաստանի «Հերակլ Երկրորդ» ոչկառավարական կազմակերպության ղեկավար Արչիլ Ճկուիձեն, ողջունելով ցուցահանդեսի կազմակերպումը, իր խոնարհումը բերեց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, կոչ անելով Վրաստան երկրի իշխանություններին՝ հարգել հարևան քրիստոնյա ժողովրդի ցավը, ճանաչել 1915 թվականի Հայոց Եղեռնը և Հուշարձան կանգնեցնել զոհերի հիշատակին:
Իրենց բողոքը միջազգային հանրության անարդար և անտարբեր վերաբերմունքի նկատմամբ արտահայտեցին գրող –թարմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան« թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, պատմաբան Ենոք Թադևոսյանը:
Այնուհետև դասական և հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» ավագների երգչախումբը (խմբավար՝ Հովհաննես Համբարձումյան), Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Սվետլանա Տատոևա), հնչեցին մեղեդիներ դուդուկահար Վանո Մկրտչյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի կատարմամբ:
Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը բաշխեց բոլոր մասնակիցներին, այս միջոցառումը, ինչպես նաև նմանատիպ այլ միջոցառումները համարեց որպես հուշակոթող անմեղ հայ նահատակներին:Ոգեկոչելով երիտասարդ ստեղծագործողներին Վիրահայոց Առաջնորդը հույս հայտնեց վաղվա Հայաստանի և հայության գեղեցիկ ապագայի նկատմամբ:
Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության նախագահ Հայկազուն Ղարագուլյանը ներկայացրեցին այն ստեղծագործողներին, ում աշխատանքները ճանաչվել են լավագույն:
Ցուցահանդեսի ամենաերիտասարդ մասնակից ճանաչվեց Քրիստինե Բագդացյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Լիլիթ Արսենյանը, երկրորդ մրցանակին՝ Անի Քանանյանը, իսկ առաջին մրցանակը շահեց Մարիամ Տիպուխյանն իր «Սգացող կինը» կտավով: Նրանց բոլորին Վիրահայոց Թեմի Առաջնորդարանի կողմից տրվեցին դրամական պարգևներ:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:

Դիտվել է 1746 անգամ:
Print Friendly

Leave a Reply