Երեւանի ընտրություններ. առաջին դեմքերի ունեցվածքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2013 20:23

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 6 քաղաքական ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն» կուսակցությունները, ինչպես նաեւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը: Ստորեւ ներկայացնում ենք նշված քաղաքական ուժերի համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Նշենք, որ հայտարարագրերը ներառում են 2012 թ. մարտի 1-ից մինչեւ 2013 թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը:

Տարոն Մարգարյան, ՀՀԿ- Երեւանի գործող քաղաքապետն ունի 6 միավոր շենք եւ շինություն Երեւան քաղաքում, 1 շենք-շինություն Ջերմուկում, 3 միավոր հողին ամրացված այլ անշարժ գույք եւ մեկ միավոր հողամաս Դիլիջանում:

Տարոն Մարգարյանն ունի 3 ավտոմեքենա` «Մերսեդես Բենց G500», «Ռենջ-Ռովեր սուպեր չարչ» եւ «Մերսեդես S450» մակնիշի:

Երեւանի գործող քաղաքապետին է պատկանում նաեւ «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը:

Ավագանու թեկնածուի միակ եկամուտը գոյացել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձից` մոտ 4 մլն 730 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 3-ի դրությամբ, Տարոն Մարգարյանն ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո:

Վարդան Օսկանյան, ԲՀԿ- նախկին արտգործնախարար, ներկայիս ԱԺ պատգամավորը, գլխավորում է ԲՀԿ-ի ավագանու ցուցակը: Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք. 200 քմ առանձնատուն ԱՄՆ-ում եւ 9000 քմ մակերեսով հողամաս Ծաղկաձոր քաղաքում:

Ավագանու թեկնածուի եկամուտի միակ աղբյուրը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է` 300 հազար դրամ, իսկ ապրիլի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 150 հազար դոլար:

Վահագն Խաչատրյան, ՀԱԿ- Երեւանի նախկին քաղաքապետը հայտարարագրել է մեկ բնակարան եւ ավտոտնակ Երեւանում: Նա այլ անշարժ գույք չունի, ավտոմեքենա եւս չունի:

Նշված ժամանակահատվածում ավագանու թեկնածուն որեւէ եկամուտ չի ստացել, իսկ դրամական եկամուտները համեմատաբար համեստ են` 600 հազար դրամ եւ 1500 դոլար:

Արմեն Ռուստամյան, ՀՅԴ- Ավագանու թեկնածուն գործող պատգամավոր է: Նա ունի Երեւան քաղաքում մեկ բնակարան, իսկ ավտոմեքենա չունի:

Արմեն Ռուստամյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած աշխատավարձից` 3 մլն 350 հազար դրամ եւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսներից` 150 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 15 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 2 հազար եվրո:

Արմեն Երիցյան, ՕԵԿ- Ավագանու այս թեկնածուն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն է: Նա հայտարարագրել է Երեւանում մեկ բնակարան եւ 2004 թ. արտադրության «Վռանգլեր-ՋԻՓ» մակնիշի ավտոմեքենա:

Արմեն Երիցյանի եկամուտները գոյացել են մոտ 3 մլն 817 հազար դրամ նախարարական աշխատավարձից, ինչպես նաեւ ոստիկանությունից ստացած 3 մլն 401 հազար դրամ կենսաթոշակից:

Ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 34 մլն դրամ:

Մեսրոպ Առաքելյան, «Առաքելություն»- Թեկնածուն 28 տարեկան է եւ դասախոսում է Երեւանի պետական համալսարանում: Նա Երեւանում ունի մեկ բնակելի տուն եւ մեկ հողամաս Կոտայքի մարզում

Մեսրոպ Առաքելյանի եկամուտը հիմնականում գոյացել է աշխատավարձից. 17 մլն 863 հազար 471 դրամ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից, իսկ մոտ 772 հազարը` ԵՊՀ-ից ստացած աշխատավարձից: Ավագանու թեկնածուին 375 հազար դրամի եկամուտ է բերել նաեւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսը:

Ապրիլի 5-ի դրությամբ, Մ. Առաքելյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 48 հազար դոլար:

Նա 50 տոկոս փայ ունի «Քոլլեքշն Աջենսի Գրուփ» ՍՊԸ-ում:

Արմեն Մարտիրոսյան, «Բարեւ Երեւան»- Կուսակցությունների դաշինքը գլխավորող ավագանու թեկնածուն, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահն է:

Արմեն Մարտիրոսյանը համասեփականության իրավունքով Երեւանում ունի մեկ բնակարան եւ միանձնյա սեփականության իրավունքով 0.084 հա հողամաս:

Ավագանու թեկնածուն ունի 1996 թ. արտադրության «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենա:

Արմեն Մարտիոսյանը նշված ժամանակաշրջանում եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձի տեսքով. 1 մլն 208 հազար դրամը` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից, իսկ 741 հազարը` Ազգային ժողովից, երբ պատգամավոր էր:

Մարտի 27-ի դրությամբ ավագանու թեկնածուն որեւէ դրամական միջոց չի ունեցել:

Գրիշա Բալասանյան

hetq.am

Դիտվել է 1923 անգամ:
Print Friendly

Leave a Reply