Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է ամեն ինչից ու բոլորից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2013 17:40

ՀԱԿԿ հիմնադիր համագումարում միաձայն «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ է ընտրվել միակ թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընտրվել են նաև վարչության 45 անդամները, որոնց մեջ է նաև Վանո Սիրադեղյանը:

Տեր-Պետրոսյանն իր տեղակալների պաշտոնում առաջարկել է Արամ Մանուկյանին և Լևոն Զուրաբյանին:

Ամփոփիչ ելույթ ունենալով արդեն որպես նորաստեղծ կուսակցության վարչության նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է բազմաթիվ հարցերի ու խոսել շատերի մասին: Նա դրական է արտահայտվել այն հանգամանքի վերաբերյալ, որ Գագիկ Ծառուկյանն իշխանություններից արդեն երկու տարի է` «անկախ քաղաքականություն» է վարում:

Անդրադառնալով դաշինքի մաս ՀՀՇ-ին՝ նա նշել է, որ այն վերջին հինգ տարում որպես կուսակցություն գոյություն չի ունեցել՝ ամբողջությամբ իր ուժերը ներդնելով Կոնգրեսի մեջ, իսկ նորաստեղծ կուսակցությունը միայն ֆորմալ իմաստով է նորաստեղծ: Ըստ նրա` ՀՀՇ-ն նույնացած է եղել Հայ ազգային կոնգրեսի  հետ:

Ինչ վերաբերում է կուսակցության ծրագրին, նա պարզապես նշել է, որ շեշտը պետք է դնել ոչ թե քայլերի ու հանգրվանների, այլ փիլիսոփայության վրա: «Մեր գաղափարախոսությունը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ բծախնդիր կերպով, քայլ առ քայլ իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրության դրույթները»:

Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ առաջնահերթ է իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, «Մինչև բուրժուադեմոկրատական հեղափոխությունը չլինի, իրական սոցիալիզմ չի լինի»,-ասել է նա:

Նա անդրադարձել է նաև ԲՀԿ-ի հետ համագործակցելուն. «Թե ինչպե՞ս կարելի է հանկարծ ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ՞ որ նրանք, չէ՞ որ նրանք… Իհարկե, հասկացանք, որ նրանք համակարգի մաս են, կոալիցիայի մաս։ Բայց ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք պոկել նրան, վաղը մյուսին, հետո մյուսին, քանի որ ուրիշ ճանապարհ չկա»,-նշել է նա։

Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ համեմատություններ է արել Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի միջև. «Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նույն այդ բուրժուազիայի և օլիգարխիայի մի մասը, և նույնպիսի վերաբերմունք կար նրա նկատմամբ, ինչ մյուսների, բայց այդ մարդը հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը և ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանություններն առաջին հարվածը հասցրին նրան։ Իշխանություններն ավելի լավ են հասկանում որտեղ է վտանգը, քան, այսպես կոչված, մեր քաղաքական ուժերը, սրանք հասկացան որտեղ է վտանգը և ամենադաժան հարվածը հասցրին Խաչատուր Սուքիասյանին և սնանկացրին այդ մարդուն»։

Այսօր, ըստ նրա, նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը. «Ես չեմ ասում, որ նա պոկվել է իշխանությունից, նա չի կարող, հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի բաներով կապված, բայց բոլոր քայլերը դա են ցույց տալիս, որ դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց, դահլիճում չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ»:

Տեր-Պետրոսյանը չի բացառել, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարվածը ստանալու է հենց ԲՀԿ-ն:

Ըստ նրա` ավագանու ընտրություններին «ժառանգության» նկատմամբ էլ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը փոխվելու է։ «Չկարծեք, թե նրան թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ ստացավ նախագահական ընտրություններում»,-ասել է նա։

Նա պարզաբանել է նաև, թե ինչու չեն միանում Րաֆֆի Հովհաննիսյանին` Ազատության հրապարակում. «Նախ չեմ ուզում Րաֆֆիի մասին ոչ մի բացասական բան ասել, չի կարելի, երբ որ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այդպիսի դիտողություններ անել»,-ասել է նա:

Ապա նշել է, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որ հստակ հայտարարել են, որ նախագահական ընտրություններին հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը քաղաքական առումով մեծագույն աջակցությունն էր: Բացի այդ, իրենց ակտիվիստների մեծագույն մասը եղել է հրապարակում. «Եթե չչափազանցնեմ, հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի համակիրներ»։

Ինչ վերաբերում է երրորդ պատճառին, ապա. «Այ այստեղ կներեք, մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի, որ ի՞նչ անեի։ Միանայի, որ գայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի։ Կներեք, ուզում եք հավատացեք, թե չհավատաք, բայց իմացեք, որ Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»,-ասել է նա։

Նրա խոսքով` ՀԱԿ-ը քաղաքական ուժ է և աջակցում է բացառապես քաղաքական պրոցեսներին. «Կլինի քաղաքական պրոցես՝ մենք այնտեղ ենք: Այս հետընտրական շրջանում մենք տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից»: «Հիմա էլ «Ժառանգության» հետ պատրաստ ենք համագործակցել: Քաղաքական պրոցես ասելով ես հասկանում եմ միմիայն ընտրություններ: Հասկացե՛ք, ուրիշ պրոցես չկա, խնդրեմ, եկե՛ք միանանք, մենք նախապես էլ էինք ասում, կարելի էր միասնական ցուցակով գնալ, հավակնություն չունեինք քաղաքապետ ունենալու, թող առաջին դեմքը լիներ ով կուզեր՝ թող դաշնակցական լիներ, ժառանգական, «Բարգավաճից»… Պատրաստ էինք մեր ուժերը ներդնել այս գործում: Չուզեցին, չարեցին: Դաշնակցությունն առաջարկեց ուրիշ ֆորմատ, երեքով փորձեցին առանց մեզ, էլի չստացվեց: Էստեղ ով է մեղավոր, չգիտեմ: Ուղղակի փաստն եմ արձանագրում, չեմ էլ ուզում որևէ մեկին մեղադրել»,-ասել է նա:

Տեր-Պետրոսյանը դեռ հավատում է, որ կարելի է միասնական քաղաքական գործընթաց սկսել, սակայն «առանց դեմագոգիայի, կշտամբանքների ու ակնարկների»:

Նա հայտարարել է, որ միացյալ ուժերով Երևանում Հանրապետական կուսակցությանը ջախջախիչ պարտության մատնելու հնարավորություն կա: «Նախագահի հաղթանակը Երևանի քաղաքապետարանում հաղթանակ տանելն է։ Դե եկեք տարեք այս ընտրությունները»,-ասել է նա:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply