ՀԱԿ-ը պատրա՞ստ է ստանձնելու Հայաստանի ճակատագրի պատասխանատվությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2013 15:44

«Այս օրը՝ 2013 թվականի ապրիլի 13-ը, մի նոր հանգրվան է, կարելի ասել՝ հենց 1988 թվականին սկսած համաժողովրդական շարժման», – ելույթ ունենալով Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում այսօր տեղի ունեցող «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում նշել է Արամ Մանուկյանը, ում ղեկավարած ՀՀՇ-ն այս տարվա փետրվարի 23-ին արտահերթ համագումարով միացել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը:

Ըստ նրա՝ այսօր մի նոր սկիզբ է դրվում, որը, խարսխված լինելով համաժողովրդական շարժման վրա, չի վարանում արձանագրել, որ 2008թ.-ի շարժման նախկին ձևաչափը, իր անուրանալի գործն անելով, նոր իրավիճակում հասցրել է ավելի կուռ և արդյունավետ գործունեություն ծավալելու հանգրվանի, այն է՝ համախմբել ողջ պոտենցիալը ՀԱԿ կուսակցության մեջ: «Վստահ եմ, որ նորաստեղծ կուսակցությունն, իր քաղաքական գործընկերների հետ միասին, վերստին կստանձնի Հայաստանում քաղաքական օրակարգ թելադրողի դերը», – ասել է նա՝ հայտնելով, որ ՀԱԿ-ին նոր անդամագրվածների թիվը հասնում է 1813-ի:

Անդրադառնալով Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին, Ա.Մանուկյանը նշել է, որ սա առաջին քաղաքական միջոցառումն է, որին ՀԱԿ-ը մասնակցելու է նոր ձևաչափով, նորաստեղծ կուսակցությամբ: «Վստահ եմ, որ մեր ունեցած հնարավորությունները, կազմակերպչական, հասարակական աջակցության և թե ընտրությունները վերահսկելու առումով, բավարար են այս ընտրություններում Երևանը ռեժիմի ճիրաններից ազատագրելու համար: Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունն այսօր պատրաստ է բոլոր անհրաժեշտ գործոնների համատեղման պայմաններում ստանձնելու Հայաստանի ճակատագրի ու Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման պատասխանատվությունը», – եզրափակել է Արամ Մանուկյանը:

Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարի օրակարգում կուսակցության ղեկավար կազմի ընտրությունն է և կանոնադրության ու ծրագրի հաստատումը: Համագումարին մասնակցում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 1237 պատվիրակներից ներկա են 1108-ը:

ՀԱԿ կուսակցության ստեղծումը ողջունել են համագումարին ներկա ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ստեփան Մարգարյանը:

Համագումարին ներկա են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

ՀԺԿ նախագահը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը պետք է համատեղեն իրենց ջանքերը երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու համար և վստահեցրեց, որ ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել թե նորաստեղծ ՀԱԿ կուսակցության, թե ՀԱԿ դաշինքում գտնվող ուժերի, թե այլ ուժերի հետ՝ հանուն երկրում սահմանադրական կարգի հաստատման, հանուն երկրի առաջընթացի:

Ա. Ռուստամյանն էլ հայտարարել է, որ այսօր ընդդիմադիր կուսակցությունների համագործակցության համար կան բոլոր հիմքերը՝ ընդգծելով, որ այս փուլում կա Երևանում ընդդիմության իշխանությունը հաստատելու լավ հնարավորություն:

Ս.Մարգարյանը՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ էր բարձրացրել քաղաքական ուժերի միջև կոնսոլիդացիա ձևավորելու հարցը, նշեց, որ կոնսոլիդացիան ենթադրում է ուժերի համախմբում առողջ ուժի շուրջ:

«Փաստինֆո»
Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply