Ոստիկանները մեղադրվում են տաքսու վարորդին ազատությունից ապօրինի զրկելու մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | April 13, 2013 12:31

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Գոռ Պողոսյանը մեղադրվում է նախնական համաձայնությամբ խմբի կազմում մարդուն ազատությունից ապօրինի զրկելու մեջ:  Խմբի մյուս անդամը, ըստ մեղադրանքի, կրկին ոստիկան է՝ նրա ընկեր, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին դասակի ոստիկան Կարապետ Մալխասյանը:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության,  Գոռ Պողոսյանի հորը  Աղասի Պողոսյանին պատկանող  «Չարբախ» տաքսի ծառայության վարորդ Գառնիկ Թովմասյանն իրեն ամրակցված  ավտոմեքենայով ենթարկվել էր վթարի, և վթարված ավտոմեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ էր 80000 ՀՀ դրամ: Տեղեկանալով այս մասին՝ Գոռ Պողոսյանն ու նրա ընկեր Կարապետ Մալխասյանը Գառնիկ Թովմասյանից պահանջել են հատուցել գույքային վնասը:

Սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ վթարն իր մեղքով չի տեղի ունեցել:  Դրանից հետո Գոռ Պողոսյանը և Կարապետ Մալխասյանը Գառնիկ Թովմասյանին 5 ժամ՝ ժամը  17-ից   22-ը,  ապօրինի պահել են գրասենյակիներից մեկում, դուռը վրան փակել և փաստացի զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Այնուհետև Կարապետ Մալխասյանն ու Գոռ Պողոսյանը վերջինիս  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Գառնիկ Թովմասյանին նրա կամքին հակառակ տեղափոխել և մինչև ժամը 2:00-ը պահել են Կ.Մալխասյանի Ն. Չարբախում  գտնվող ամառանոցում, որի ընթացքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` պահանջել են վերոհիշյալ գումարն ու բաց  թողել նրան  միայն այն բանից հետո, երբ խոստացել է հատուցել վնասը:

Գոռ Պողոսյանին ու Կարապետ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսագրքի  133-րդ հոդվածի  2-րդ մասի առաջին կետով՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն ազատությունից ապօրինի զրկելը. հոդվածը նախատեսում է ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով: Գ.Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը, իսկ  Կ.Մալխասյանի նկատմամբ՝  չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը մակագրվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին:

‹‹Փաստինֆո»
Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply