Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2013 20:43

Ապրիլի 12-ին կայացավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը, ով Երևան է ժամանել պաշտոնական այցելությամբ:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, ընդլայնվող առևտրատնտեսական շրջանառությունը, ակտիվ հումանիտար կապերը։ Նա ընդգծեց, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, ինչը զգալիորեն նպաստում է հարաբերությունների զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարար Փանջիկիձեն ընդգծեց, որ Վրաստանի իշխանությունները հետևողական են բարեկամ Հայաստանի հետ համագործակցության առավել սերտացմամբ և իր պաշտոնական այցելությունը հենց այդ տրամաբանության մեջ է։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ս.թ. հունվարին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում Հայաստանի ղեկավարության հետ կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան տնտեսական փոխգործակցության ընդլայնման, հումանիտար ոլորտում փոխանակումների խթանման հարցերին, մտքեր փոխանակեցին հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացին, այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը:
Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման նպատակով Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն քննարկեցին միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության, ԱԳՆ-երի ստորաբաժանումների միջև խորհրդատվությունների ժամանակացույցին վերաբերող հարցեր։
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարների հաջորդ հանդիպումն
իրականացնել մայիս ամսին։

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply