Գալուստ Գյուլբենկյանի հիշատակին նվիրված կոնֆերանս Փարիզում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2013 18:49

Ապրիլի 9-ին Փարիզում տեղի ունեցավ «Երկու աշխարհով ճանապարհորդություն Գալուստ Սարգիս Գյուլբենկյանի հետ» խորագրով կոնֆերանս` նվիրված Գալուստ Գյուլբենկյանի գործունեությանը: «Գյուլբենկյան» հիմնադրամի եւ «Երկու աշխարհ» պարբերականի կազմակերպած միջոցառման պատվավոր հյուրերն էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ինչպես նաեւ Պորտուգալիայի ու Սինգապուրի դեսպանները:

Բացման խոսքով հանդես եկավ «Գյուլբենկյան» հիմնադրամի նախագահ Արթուր Սանտոս Սիլվան` ներկայացնելով հիմնադրամի ստեղծման նախապատմությունը, հիմնական նպատակները եւ Գալուստ Գյուլբենկյանի ունեցած դերը Պորտուգալիայի զարգացման գործում:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան «Երկու աշխարհ» պարբերականի տնօրեն Միշել Կրեպյուն, «Պարտեքս» նավթագազային ընկերության նախագահ Անտոնիո Կոստա Սիլվան եւ «Գյուլբենկյան» հիմադրամի կառավարման խորհրդի անդամ, Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանը:

Բանախոսները ներկայացրեցին էներգետիկ պաշարների օգտագործման ոլորտում ընթացող համաշխարհային գործընթացները, Գալուստ Գյուլբենկյանի անգնահատելի ներդրումը 20-րդ դարի էներգետիկ պաշարների կառավարման եւ գործարարության զարգացման գործում, ինչպես նաեւ անդրադարձան «Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական եւ բարեգործական լայնածավալ գործունեությանը:

Միջոցառման ավարտին դեսպան Չիտեչյանը մասնավոր հանդիպում ունեցավ բանախոսների հետ, որի ընթացքում քննարկվեցին վերջիններիս կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply