Հայկական թհեքվանդոն սերնդափոխվում է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 12, 2013 16:20

Այս օրերին Հայաստանի թհեքվանդոյի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (16-21 տարեկաններ): Մեր ընտրանին ապրիլի 16-ին կուղևորվի մրցավայր` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև. Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր Սերգեյ Ավանեսովը (54 կգ), Հենրիկ Բադալյանը (58 կգ), Եվրոպայի պատանիների արծաթե մեդալակիր Ավետ Ղազարյանը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ): Թիմի մարզիչն է` Սարգիս Սարգսյանը:

Եվրոպայի նախորդ առաջնությունը 2012-ին կայացել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Մեր երկրից երկու մարզիկ մոտ էին մրցանակակիր դառնալուն, սակայն  բավարարվել են 5-րդ տեղով: Պատճառաբանվում է, որ հավաքականում  սերնդափոխություն է ընթանում:

8 քաշային կարգերում են մարզիկները վիճարկելու մեդալների հավաքածուները: Հետաքրքիր է, թե ինչու մերոնք միայն դրանցից 4-ում են հանդես գալու:

Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը տեղեկացրեց, որ պետությունից աջակցության կարգով հատկացվող ֆինանսներն այդքան են բավարարում: Եվ մրցավայր են գործուղում միայն այն մարզիկներին, որոնցից ակնկալիքներ ունեն:

Ընդհանրապես ապրիլը թհեքվանդոյիստների համար հագեցած ամիս է: Ապրիլի 28-ին կմեկնարկի  Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այդ ստուգատեսի արդյունքով կկազմավորվի մեր երկրի ազգային ընտրանին, որը կնախապատրաստվի հուլիսի 1-7-ը Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մոտավորապես կարելի է ասել, որ Հայաստանի հավաքականում ովքեր են հավակնում տեղ զբաղեցնել: Եվրոպայի չեմպիոններ Արման Երեմյանը և Հայկազ Սամվելյանը մեր թիմի առաջատարներն են: Թերևս հավաքականում հայտնվեն նաև Վարագ Աղաջանյանը, Սերգեյ Վարդազարյանը, որն այժմ նախապատրաստվում է հին աշխարհամասի երիտասարդական առաջնությանը: «Մեր թիմը շատ երիտասարդ է: Հայաստանի առաջնությունում էլ 55 մարզիկ  հանդես եկավ և նրանց թվում խոստումնալից թհեքվանդոյիստները քիչ չէին: Հուսով ենք, որ այդ երիտասարդների մեծ մասն առաջիկայում կհամալրի ազգային հավաքականը»,- ասաց Ղահրամանյանը

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply