Ագրոտուրիզմը Հայաստանում կարող է լուրջ հաջողություններ գրանցել

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 15, 2013 7:03

Վերջին ժամանակներս բուռն ծաղկում է ապրում տուրիզմի տեսակներից մեկը` ագրոտուրիզմը:

Ագրոտուրիզմը ենթադրում է այցելուների ժամանակավոր բնակություն գյուղական վայրերում` ակտիվ  հանգստի նպատակով: Սա հիանալի հանգստի ձև է այն մարդկանց  համար, որոնք մշտապես բնակվում  են մեծ քաղաքներում: Այցելուները նման հանգստի պայմաններում ակնկալում են վայելել բնությունը և ծանոթանալ գյուղական տարածքներին, կյանքին,ապրելակերպին, ավանդույթներին ու ծեսերին:

 Հանգստի այս ձևն այցելուներին, զբոսաշրջիկներին, հատկապես`  քաղաքաբնակներին, հնարավորություն է տալիս  գիտելիքներ ձեռք բերելու տնտեսության  վարման մասին,  ծանոթանալու գյուղատնտեսական  մթերքների արտադրությանը, ճաշակելու բնական, թարմ և առողջարար սննդամթերք, ինչպես և օգտվելու  ոչ սովորական ժամանցի հնարավորությունից:

Հայաստանը  նույնպես  առանձնանում է ագրոտուրիզմի համար անհրաժեշտ հարուստ  ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային և բնական հուշարձանները, հարուստ բուսական աշխարհը, հայկական խոհանոցի յուրահատկությունները և  ավանդական հյուրասիրությունը կարևոր  գործոններ են ներքին և արտաքին զբոսաշրջության, հատկապես` ագրոտուրիզմի զարգացման համար:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում զբոսաշրջության այս ուղղությունը  բուռն զարգացում է ապրում: Ի դեպ, ագրոտուրիզմի զարգացումն ուղղակիորեն  կապված է  ուրբանիզացման  գործընթացների հետ: Այսինքն` քաղաքային բնակավայրերի և  բնակչության ավելացումը, որպես  կանոն, ուղեկցվում է գյուղական բնակավայրերի  և բնակչության կրճատումով: Այս երևույթը քաղաքային  բնակչության համար  բնությանը և գյուղական կենցաղին  հաղորդակցվելու  սահմանափակումներ է առաջացնում: Հետևաբար գյուղական ծագում  ունեցող քաղաքային  բնակչության կարոտախտը, մյուս կողմից ` առողջ ապրելակերպի համար բնական միջավայրից և օրգանական սննդամթերքից օգտվելու կարիքը ագրոտուրիզմի նկատմամբ հարաճուն պահանջարկ են առաջացնում:

Չի կարելի թերագնահատել ագրոտուրիզմի ազդեցությունը տուրիզմի ոլորտի, մարզերի համաչափ զարգացման, տնտեսության զարգացման և այլ առումներով: Սա յուրաքանչյուր գյուղաբնակի հնարավորությունն է տնտեսությունը կամ  բիզնեսը դարձնելու  ավելի բազմազան, ընդլայնելու այն, որպեսզի  հաճախորդներ հրապուրելու  միջոցով  ավելացնի  եկամուտը:

Ագրոտուրիզմը  հնարավորություններ է  ստեղծում  շեշտադրելու  գյուղատնտեսական  բիզնեսի առանձնահատուկ  ճյուղերը` գինեգործարաններ, պանրի և կաթի արտադրություն, պտղատու այգիներ, գյուղաշխարհի  գեղեցկություն,  որակյալ մթերքներ և բնական  միջավայր:

Ներկայումս  ագրոտուրիզմը դարձել է ժամանակակից  զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույն հատվածներից մեկը:  Զբոսաշրջության էլիտար, արկածային, արշավային և այլ ձևերի  համեմատությամբ` ագրոտուրիզմը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնք նպաստում են այս ձևի արագ զարգացմանը:

Նախ` ագրոտուրիզմը մատչելի է բնակչության գրեթե բոլոր խավերի համար, քանի որ  համեմատաբար նվազ ծախսատար է: Օրինակ` ներկայումս ձևավորված գների պայմաններում Հայաստանի  գյուղական  բնակավայրերում հանգիստը մեկ  մարդ-օրվա հաշվով կազմում է 5-7 հազար դրամ: Մինչդեռ սովորական հանգստյան տներում հանգստանալու համար 2-3 անգամ  ավելի գումար է պահանջվում: Ընտանիքով հանգստանալու դեպքում ագրոտուրիստի ծախսերը պակասում են 35-40 տոկոսով:

Երկրորդ` ագրոտուրիզմը հիմնականում ընտանեկան տուրիզմ է, որը հնարավորություն է ընձեռում հատկապես երեխաների  բարոյահոգեբանական և  աշխատանքային դաստիարակության համար:  Գյուղական տուրիզմը  ցանկության դեպքում գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելու և գյուղական կենցաղին հաղորդակցվելու լավագույն  հնարավորություններ է ստեղծում: Եվ ինչպես ասում էր XX դարի հայտնի հրապարակախոս Սիրիլ Կոննոլին. «Միայն գյուղում է հնարավոր իսկապես մերձենալ մարդուն կամ գրքին»:

Երրորդ` ագրոտուրիզմի կազմակերպումը մեծածավալ ներդրումներ չի պահանջում: Այստեղ որպես հիմնական ներդրող հանդես է գալիս գյուղական  բնակչության համեմատաբար ունևոր խավը: Ուստի գյուղական  զբոսաշրջության զարգացումն  ինքնին կարևոր ազդակ  է դառնում նաև գյուղատնտեսության զարգացման համար:

Եվ, վերջապես, ագրոտուրիզմի զարգացումը նպաստում է  նաև գյուղական կյանքի աշխուժացմանը, գյուղում  սոցիալական  ենթակառուցվածքների և մշակույթի զարգացմանը:

Հավանաբար այս ամենը հաշվի առնելով է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  ագրոտուրիզմը դեռևս 2009-ից  դասել է ոլորտի գերակա ուղղությունների շարքը և առաջարկություն է ներկայացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը ծրագրային առաջնահերթությունների  ցանկում ներառելու համար:  Հատկապես կարևորվում է  միջազգային փորձի ուսումնասիրությունը, անհրաժեշտ  ենթակառուցվածքների  զարգացումը և  ագրոտուրիզմի կառավարման  արդիական  համակարգի  ներդրումը: Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հույս էին ներշնչում , որ մոտ ապագայում ագրոտուրիզմը կդառնա Հայաստանի տնտեսության առաջավոր ոլորտներից մեկը:

Արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն չենք կարողանում համապարփակ տեղեկություններ ստանալ, թե ագրոտուրիզմով զբաղվող քանի օբյեկտ է գործարկվել վերջին շրջանում, այժմ քանի նման օբյեկտներ են գործում, քանի զբոսաշրջիկի են սպասարկում և այլն: Ագրոտուրիզմով զբաղվող ընդամենը 7 հայաստանյան և 3 արցախյան կազմակերպութան մասին տեղեկություն կարողացանք գտնել «Սփյուռ» տեղեկատուի տվյալների շտեմարանում: Եվս մեկ նման ագրոտուրիստական հյուրատուն էլ` HyeLandz անունով, ներկայացված էր CTS-2013 միջազգային տուրիստական ցուցահանդեսում:

Մենք գիտենք, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում այդպիսի հյուրատներ, ագրոտուրիստակյան տներ արդեն իսկ գործում են, բայց տեղեկութուններ, թե քանի նման փոքր բիզնես է գործում Հայաստանում, ինչ սկզբունքներով, ինչ գներով, պայմաններով, տուրիստական այցելությունների մակարդակով, նույնպես չհաջողվեց պարզել:

Հույս ունենք, որ այս բոլոր հարցերի պատասխանները կլինեն 2013 թ. տուրիզմի վիճակագրության մեջ:

 

Դիտվել է 2499 անգամ:
Print Friendly

Leave a Reply