Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 11, 2013 17:51

Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը, իմ լավ ընկերոջը` պարոն Շվարցենբերգին՝ Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարին, ով պաշտոնական այցելությամբ գտնվում է Հայաստանում: Սա նրա առաջին այցելությունը չէ: Նրա առաջին այցելությունը եղել է 5 տարի առաջ` 2008 թ.-ին: Բայց այս տարիների ընթացքում մենք օգտագործել ենք տարբեր հնարավորություններ հանդիպելու համար. իմ այցելությունների ժամանակ Պրահա, ինչպես նաև բազմաթիվ միջազգային համաժողովների շրջանակներում:
Մոտ մեկ տասնյակից ավել հանդիպումներ ենք ունեցել այս ընթացքում: Ես շատ ուրախ եմ, որ ինչպես և նախորդ այցելության ժամանակ, պարոն Շվարցենբերգին ուղեկցում է շատ պատկառելի գործարարների պատվիրակություն: Մոտ երկու տասնյակ գործարարներ են եկել նրա հետ, և այսօր առավոտյան մենք պարոն Շվարցենբերգի հետ բացեցինք հայ-չեխական բիզնես-համաժողովը, որը հույսով եմ խթան կհանդիսանա մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար։ Այդ բնագավառում, իսկապես, մենք մեծ ներուժ ունենք, որը դեռ ոչ բավարար ձևով է օգտագործված: Մենք պայմանավորվեցինք, որ լրացուցիչ ջանքեր կգործադրենք առևտրատնտեսական փոխանակումներն ավելի ընդլայնելու նպատակով:
Օգտագործեցինք մեր հանդիպման առիթը, որպեսզի անդրադառնանք երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը: Հինգ տարի առաջ մենք ունեինք միայն մեկ ստորագրված փաստաթուղթ, որը վերաբերում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Այսօր ունենք 10 փաստաթղթից ավելին, սակայն կարծում եմ, որ կան շրջանակային կարևոր փաստաթղթեր, հատկապես տնտեսական ոլորտի՝ ներդումների խրախուսման, ներդրումների պաշտպանության և այլ փաստաթղթեր, որոնք մենք պատրաստում ենք ստորագրման առաջիկայում: Ես ուրախ եմ, որ պարոն Շվարցենբերգի առաջին այցելությունից հետո, երբ մենք պայմանավորվեցինք դիվանագիտական ներկայացուցչություններ փոխանակել, այսօր մեր դեսպանությունը գործում է Պրահայում, և Չեխիան ունի իր դիվանագիտական ներկայացուցչությունը Երևանում:
Այսօր լավ առիթ էր նաև շարունակելու մեր երկխոսությունը, քննարկումները տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ։ Ես տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ, այն քայլերի, որ ձեռնարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և Հայաստանի կողմից: Մենք այսօր դեռ հնարավորություն կունենանք շարունակելու մեր քննարկումները աշխատանքային ճաշի ընթացքում: Հիմա ես սիրով կցանկանայի խոսքը փոխանցել պարոն Շվարցենբերգին:
***
Ադելա Դրաժանովա, չեխական MF DNES թերթ: Երկու կարճ հարց ունեմ Հայաստանի արտգործնախարարին: Առաջին, խնդրում եմ համառոտակի մեկնաբանեք վերջերս Չեխիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի Խոջալուի մասին հայտարարությունը: Եվ, երկրորդ ինչպե՞ս կարող է Չեխիան օգնել Հայաստանին իր հարևանների հետ բարդ հարաբերություններում:
Էդվարդ Նալբանդյան: Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովի որոշման մասին ավելի լավ է իմ գործընկերը արտահայտվի:
Իսկ ինչ վերաբերում է հարևանների հետ հարաբերություններին, եթե Դուք ի նկատի ունեք Հայաստանի և Ադրբեջանի միջև կամ նկատի ունեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, ապա Չեխիան լինելով Եվրամիության անդամ, ինչպես և Եվրամիությունը ու Եվրամիության մյուս անդամները, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և դրա մասին բազմիցս հայտարարություններ են արվել թե Չեխիայի կողմից թե Եվրոպական Միության կողմից:
Ես պետք է հիշեցնեմ, որ Պրահայում հանդիպումներ են տեղի ունեցել՝ նաև ամենաբարձր մակարդակով, որոնք ուղղված էին հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Երբ Պրահայում կայացավ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, հանդիպում կայացավ նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և եռանախագահերի միջև, որն ուղղված էր հենց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Մենք միշտ բարձր ենք գնահատում Չեխիայի հավասարակշիռ մոտեցումը առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պիտի լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:
Մարտինա Սպևաչկովա, Չեխական ռադիո: Ինչ հնարավորություններ եք Դուք տեսնում չեխ գործարարների համար Հայաստանում:
Էդվարդ Նալբանդյան: Ես կարծում եմ հնարավորությունները մեծ են և ներուժը, որ մենք ունենք տնտեսական համագործակցության զարգացման առումով, շատ ավելի մեծ է քան այն առևտրատնտեսական համագործակցության ծավալը, որը մենք ունենք երկու երկրների միջև: Այսօր, ինչպես ես նշեցի, մենք բացեցինք բիզնես-համաժողով, որին մասնակցում էին երկու տասնյակ գործարարներ Չեխիայից և բազմաթիվ գործարարներ Հայաստանից։ Հուսով եմ, որ նրանք գործարար կապեր կհաստատեն, կքննարկեն Հայաստանում և Չեխիայում իրականացվելիք համատեղ ծրագրեր: Վստահ եմ, որ այս կարգի հանդիպումները խթան են առևտրտնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Մարի Մխիթարյան, PanArmenian.net: Հարցս ուղղված է պարոն Նալբանդյանին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ նշել էին, որ պլանավորում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հաշվի առնելով վերջին շրջանում էական արդյունքների բացակայությունը, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից:
Էդվարդ Նալբանդյան: Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում չկա առաջընթաց, պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։
Համանախագահները բավականին ջանքեր են գործադրում ուղղված հիմնախնդրի կարգավորմանը և Հայաստանը մշտապես դրական է վերաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպումների կազմակերպման վերաբերյալ առաջարկներին: Այս անգամ մենք նույնպես դրական ենք արձագանքել։ Տարբեր գաղափարներ կան, թե որտեղ և երբ այդ հանդիպումը անցկացնել։ Կարծում եմ, ինչպես եռանախագահներն են նշում, մոտակա շաբաթների ընթացքում այդպիսի հնարավորություն կունենանք:

Դիտվել է 1792 անգամ:
Print Friendly

Leave a Reply