Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 11, 2013 17:48

Ապրիլի 11-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը։
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ։ «Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է նաև զգալիորեն ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ խթան է հաղորդել դինամիկ զարգացող փոխգործակցությանը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Չեխիայի արտգործնախարարը նշեց, որ հայ-չեխական հարաբերություններում գրանցված առաջընթացը բավականին ակնառու է, ինչն արտահայտվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պարբերական բնույթով, միջխորհրդարանական ակտիվ շփումներով, և ընդգծեց, որ եկել է ժամանակը ուշադրությունը սևեռելու տնտեսական բնագավառում համագործակցության խորացման և ընդլայնման վրա։ Այս առումով երկուստեք կարևորվեց նախարար Շվարցենբերգի պատվիրակության կազմում չեխ գործարարների ներկայությունը, և Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը։
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Կարևորվեց տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը:
Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Պրահայում սկիզբ առած Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, մասնավորապես ավարտական փուլ մտած Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին։
Էդվարդ Նալբանդյանը չեխ գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս ենթատեքստում Չեխիայի առաջին փոխվարչապետը վերահաստատեց աջակցությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման նպատակով իրականացվող քայլերին։
Մինչ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը բացեցին հայ-չեխական գործարար համաժողովը։
Հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply