Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ բարելավել է իր դիրքը աշխարհում 12 տեղով՝ զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2013 15:40

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «2013թ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց»-ի հիմնական արդյունքները:

Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 144 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը՝ ընդգրկված երկրների քանակն ավելացնելով երկուսով:

ՀՏՖ-ի գնահատականներով Ֆինլանդիան, Սինգապուրը և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նիդեռլանդները և Նորվեգիան:

Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 82-րդն է 144 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 12 տեղով իր դիրքի բարելավման և ընդհանուր միավորի 8.6%-անոց աճի շնորհիվ:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով: ԱմենաԷական բարելավում գրանցվել է միջավայրի բաղադրիչում (+20 կետ):

ԱՊՀ երկրների շրջանում ցանցային պատրաստվածության ցուցչով Հայաստանը ընդգրկվել է ամենաբարձր աճ գրանցած եռյակի թվում՝ թեև շարունակում է զիջել երկրների մեծ մասին: Նշված համադրելի երկրների շարքում ընդհանուր ցուցչի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ղրղզստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել Վրաստանում (+23): Ադրբեջանը նույնպես բարելավել է իր դիրքերը (+5): Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են Հայաստանից առաջ գտնվել (համապատասխանաբար 17 և 26 հորիզոնականով), թեև Ադրբեջանի հետ տարբերությունը կրճատվել է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի դիրքերը համահունչ են ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքներին, բացառությամբ հմտություններ հենասյան, որտեղ Հայաստանը առավել բարձր դիրքեր ունի այդ երկրների խմբի համեմատ:

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերը գործարար ոլորտի օգտագործման հենասյունով, հատկապես կազմակերպությունների՝ տեխնոլոգիաների հագեցվածության ցուցչով: Չնայած բարելավմանը, գործարար ոլորտի օգտագործման հենասյունը շարունակում է հետ մնալ անհատների և պետական մարմինների կողմից օգտագործման հենասյուներից:

Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: Ամենախնդրահարույց ոլորտներից են դատաիրավական համակարգը, պայմանագրերի կիրարկումը, ինչպես նաև տեղական մրցակցային միջավայրը և էլեկտրոնային մասնակցության ցածր մակարդակը:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply