ԱԱԾ աշխատակիցը և նրա ընկերը դատապարտվեցին ազատազրկման

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | April 11, 2013 11:48

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ցոլակ Մաթևոսյանն ու նրա ընկերը՝ Արսեն Բալասանյանը մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ և դրան օժանդակելու համար 7 դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման:

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության 1 -ին բաժնի 1-ին բաժանմունքի արդեն նախկին ավագ օպերլիազոր Ցոլակ Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքով, նա տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով 2012 թվականի նոյեմբերի սկզբերին, ընկերոջից` նախկինում խարդախության համար դատված, Արսեն Բալասանյանից իմացել է, որ վերջինիս ծանոթը, ջինսե տաբատների Չինաստանից ՀՀ ներկրմամբ և վաճառքով զբաղվող, ազգությամբ եզդի Իշխան Ավդալյանը հարկային մարմինների հետ ունենում է խնդիրներ, որոշել է հանդիպել նրան և ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, թույլ տրված տնտեսական օրինախախտումներին ընթացք չտալու սպառնալիքով պահանջել է գումարներ: Այդ նպատակով Ցոլակ Մաթևոսյանը հնարավորին չափ տեղեկություններ է հավաքել Իշխան Ավդալյանի վերաբերյալ, պարզել, որ վերջինս վախենում է իրավապահ մարմինների աշխատակիցներից, չունի կապեր նրանց շրջանակում, վարում է թանկարժեք ավտոմեքենա և ֆինանսապես ապահովված է:

2012 թվականի նոյեմբերի 22-ին Արսեն Բալասանյանը հանդիպել է Իշխան Ավդալյանին և հեռախոսային կարճ հաղորդագրություններով Ցոլակ Մաթևոսյանին մատնանշել, թե որն է Իշխան Ավդալյանը, իսկ Ցոլակ Մաթևոսյանն էլ, իրենց բաժնին ամրակցված ծառայողական ավտոմեքենայով, հետևել է նրան: Ժամը 14-ի սահմաններում Երևանի Իսակովի խճուղու վրա կանգնեցրել և նստել է Իշխան Ավդալյանի ավտոմեքենան ու ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, վերջինիս կողմից իրականացվող տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, իբրև թե առաջացած հարկային պարտավորությունների չկատարումը և տնտեսական բնույթի այլ խախտումներ չարձանագրելու ու կոծկելու դիմաց, ներկրված և պահեստում գտնվող ապրանքները բռնագրավելու սպառնալիքով նրանից պահանջել է 8.127.400 դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այդ պատրվակով վերջնական համաձայնության է եկել ստանալու 10.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն Իշխան Ավդալյանը գումարը չի տվել և հաղորդմամբ դիմել է ՀՀ ԿԱ ԱԱԾ:

Ամբաստանյալները միջնորդել էին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է և որ համաձայն են մեղադրանքի հետ: Մեղադրողն ու տուժողը չեն առարկել միջնորդության դեմ, և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը:

Ամբաստանյալ Ցոլակ Մաթևոսյանի նկատմամբ նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատված չի եղել, տուժողը նրա հետ հաշտվել է և խնդրել մեղմ պատժել: Դատարանը հաշվի է առել նաև նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխաների առկայությունը:

Ամբաստանյալ Արսեն Բալասանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նույնպես դատարանը հաշվի է առել, որ տուժողը նրա հետ հաշտվել է և խնդրել մեղմ պատժել: Դատարանը հաշվի է առել նաև նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը:

Հեղինակ:
Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply